Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանի շտաբում «նարդի» ու «կարտ» խաղացող էպոսագետը շփոթում է անուններն ու տեղանունները

Հունվար 21,2013 17:17

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ էիք անում 2008 թվականին Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում պատասխանելով՝ նախագահի թեկնածու Էպոսագետ Վարդան Սեդրակյանը ասաց. «Վազգեն Մանուկյանի շտաբում ի՞նչ են անում… Կարտ էինք խաղում, սուրճ խմում, նարդի խաղում: Ինձ Վազգեն Մանուկյանի շտաբի պետ, քանաքեռցի Հրանտ Շահինյանն էր զանգել, մենք նույն դպրոցում ենք սովորել, ինքը տարիքով մեծ էր, խնդրեց, որ իրեն օգնեմ: Եվ չնայած ես իրեն ասացի, որ շանս չկա, Վազգեն Մանուկյանը նույնիսկ 5 տոկոսը չի հաղթահարի, նա ասաց՝ դա մեր գործը չի, բայց կուզենա շտաբի աշխատանքներում իր կողքին վստահելի մարդ լինի»:

Սեդրակյանը նաեւ նշեց, որ մարտի 1-ից հետո ՀԱԿ-ի հետ է եղել ու դրանից երբեք չի ամաչել. «Իրենք էլ են իմացել, որ ես Վազգեն Մանուկյանի շտաբում եմ եղել, բացի այդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեք անգամ առաջադրվել է, երեք անգամ էլ իրեն չեմ ընտրել, բայց եթե չեմ կիսում նրա գաղափարները, դա չի նշանակում, որ գտնում եմ, թե նրա գաղափարները կիսող մարդկանց պետք է փողոցում գնդակահարել: Մասնակցել եմ նաեւ ՀԱԿ-ի կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստերին, եւ այն բանից հետո, երբ սկսեցին բաց թողնել քաղբանտարկյալներին ու կառույցը սկսեց իր հիմնական ուժերով աշխատել, ես նրանց մաղթեցի հաջողություն եւ հեռացա»:

Aravot.am-ը զրուցեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, պարզելու համար՝ ճանաչո՞ւմ է արդյոք 2008 թվականին իր շտաբում աշխատած Վարդան Սեդրակյանին. «Ես նրան մի քանի անգամ եմ տեսել, ընդամենը որոշ տեսական հարցերի շուրջ խոսել ենք, իսկ մեր շտաբի պետը Սամվել Շահինյանն էր, Շահինյան Հրանտ չկար, ես չեմ հիշում»:

Aravot.am-ը զրուցեց նաեւ Վազգեն Մանուկյանի շտաբի իրական պետ Սամվել Շահինյանի հետ, որը հաստատեց, որ Սեդրակյանը շտաբում եղել է, խաբեբա չէ՝ «Ուղղակի տարօրինակ բաներ է ասում, դրա համար եք խառնում իրար: Շտաբի պետը ես եմ եղել, այնտեղ Հրանտ Շահինյան չի եղել»:

Պարոն Շահինյանը նաեւ ասաց, որ ինքը քանաքեռցի չէ, ինչպես որ Սեդրակյանն էր ասում, այլ՝ Քանաքեռում պարզապես դպրոցն է ավարտել ու ծնվել է Ստեփանավանում. «Վարդան Սեդրակյանը չի օգնել ձայներ բերելու հարցում: Մենք բոլորս էլ գիտեինք, որ մեր ռեսուրսները թույլ էին եւ հնարավոր չէր հաղթահարել այդ ահռելի դիմադրությունը, իսկ ինքն այդտեղ ոչ կարող էր ձայներ բերել, ոչ էլ՝ չբերել եւ մարդիկ այդտեղ ուղղակի կարող էին իրավիճակից օգտվել կամ՝ ոչ: Բայց այն փաստը, որ այսօր մեր էպոսը որպես դրոշ բռնած պայքարում է, նշանակում է մենք հոգեւոր սնանկացման վերջին ենք հասել: Գոնե այսպես էպոսի մասին գաղափար կկազմեն մարդիկ, եթե ուրիշ ոչ մի օգուտ էլ չլինի այս ամենից»,- ծիծաղով պատասխանեց Սամվել Շահինյանը:

ԵվաՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031