«Բայց արդյոք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին: Իշխանությունների համար բնավ դա պետք չէր: Ինչո՞ւ էր պետք իշխանություններին, երբ իշխանությունները ընտրություններում մեծամասնություն ունեին: Իշխանություններին պետք էր, որպեսզի ի՞նչ անեին՝ մրոտեի՞ն ընտրությունների արդյունքները, իշխանություններին պետք էր, որպեսզի հավելյալ դժվարություննե՞ր ունենային:
Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետեւ բոլորս էլ մեղավոր ենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «մարտի 1»-ի դեպքերին անդրադառնալով՝ ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Aravot.am-ը ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց՝ «մարտի 1»-ի դեպքերի համար ՀԱԿ-ն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է:
«Եթե ընդդիմությունն իր մեղքի բաժինն ունի, թող իշխանությունն ապացուցի, թե 10 զոհերը ինչի արդյունքում են տեղի ունեցել: Թող բացահայտեն գործը: Իսկ անհանգիստ մթնոլորտը ստեղծել են իրենք՝ կեղծելով ընտրությունները, իշխանությունը քաղաքական հեղաշրջման ժամանակ վերցնելով: Նախագահի նշած մեծամասնությունը կարողացան գրանցել՝ չունենալով: Այսօր շարքային քաղաքացին էլ գիտի՝ 2008-ին ով ուներ մեծամասնություն, իսկ գրանցելուց հետո խոսելը շատ հեշտ է: Եթե այդ մեծամասնությունը ունեին, ուրեմն ոչ մի խնդիր չկար ապացուցել այլ ճանապարհով»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նրա համար պարզ չէ՝ ՀՀ նախագահն ինչ խնդիր է լուծում նախընտրական շրջանում «մարտի մեկի» դեպքերի մեղքը ընդդիմության հետ կիսելով.
«Չգիտեմ՝ ինչ խնդիր է լուծում, բայց տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը պիտի որ խնդիր չունենար: Չունենալով լուրջ մրցակից՝ նա արդեն իսկ ընտրվելու մեծ հնարավորություն ունի, եթե կարողանա ապահովել մարդկանց ակտիվությունը: «Մարտի 1»-ի մեղքը դեռ ծանրացած է իշխանության վրա , եւ այդ մեղքից ձերբազատվելու համար, փորձում են մեղքը կիսել ընդդիմության, քաղաքական այլ ուժերի հետ: Ներքին ենթագիտակցությունից եկող ինչ-որ մի բան է, որի արդյունքում, Սերժ Սարգսյանը փորձում է արդարացնել իր 5 տարվա նախագահությունը»:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը արհեստական մրցակցություն ստեղծելու համա՞ր է ասել. «Գիտեք, երբ որ ասում են՝ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են»՝ տիկին Սարգսյանն ասաց. «Իշխանությունը չպետք է փորձեր ոչնչացնել իրական մրցակիցներին, որոնցով զբաղված էր մոտ 5 տարի: Հիմա, երբ հայտարարում է Բագրատյանը, Րաֆֆին, Հայրիկյանը լուրջ մրցակիցներ են, ասեմ հետեւյալը՝ 2008-ին Սերժ Սարգսյանը երբեք չհայտարարեց, որ Լեւոն Տեր Պետրոսյանը լուրջ մրցակից է… այստեղից ձեր հետեւությունները»:
ԱրփինեՍԻՄՈՆՅԱՆ