Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ արտաշատցիներին. «Չեմ ակնկալում որեւէ պաշտոն, չի լինելու նման բան» (Տեսանյութ)

Հունվար 21,2013 16:45

«Անշուշտ, այս ընտրությունների հիմնական ինտրիգը լինելու է նախագահի ու իմ մեջ: Այստեղ կասկած չկա: Բայց մի կարծեք, թե պապը ամեն անգամ փլավ ա ուտելու: Ես ձեզ լավ հաշիվ եմ տալիս՝ ինչ եմ անելու: Գոհ եմ, որ եկել եք այս հանդիպմանը: Սա ձնագնդի նման ծավալելու եմ ամբողջ հանրապետությունով մեկ: Ես ձեզանից ձայն չեմ խնդրում: Նման խնդիր չունեմ: Մեկ ա, հանրապետությունով մեկ ասելու են՝ մի բան արա: Հիմա ձեզ ասում եմ՝ շանս կա: Գյուղերից, գիտեմ, ասում են՝ ամեն անգամ չի լինում: Մի օր ստացվելու է: Ես կանգնել եմ ոտի»,-այսօր Վերին Արտաշատ գյուղում  Հրանտ Բագրատյանը այսպես մեկնարկեց իր նախընտրական քարոզարշավը:

Նա վստահեցրեց.  «Չեմ ակնկալում որեւէ պաշտոն: Չի լինելու նման բան: Ինձ չի հետաքրքրում պաշտոնը: Ես մինչեւ վերջ իմ ասածի տերն եմ կանգնելու»:

Նա անդրադարձավ գյուղացուն հուզող ամենացավոտ թեմաներին. «Իբր թե էժան պարարտանյութ են տալիս: Մենք ասում ենք՝ դրա տեղը փողը տվեք, որովհետեւ երբ էժան պարարտանյութ եք տալիս, սուբսիդավորում եք մատակարարին»:

Հրանտ Բագրատյանը Վերին արտաշատցիներին վստահեցում էր, որ բատրակ լինելու փոխարեն ինքը խոստանում է նրանց փայատեր դարձնել: Փայ ագրոսերվիսի մեջ, վերամշակող արտադրության մեջ. «Այս գյուղը ընդամենը երկու-երեք տարի հետո ոչ միայն հող կունենա, այլ՝ կտրոն, որ փայատեր է: Դա նրան եկամուտ կբերի: Մենք ոռոգման համակարգը ձեզ կտանք: Դա կոչվում է փոխօգնության կոոպերացիա: Ես 96-ին գնացի, չհասցրեցի դա անել»:

Վերին արտաշատցներին Բագրատյանը հիշեցրեց իր արածը. «Հիշո՞ւմ եք, խաղողը 50 դրամ էր, ես մթերում էի 140 դրամով, երբ Կոնյակի գործարան գնացի: Հետո սկսեցին այստեղ այգիներ տնկել: Այստեղ ամենալավ մթերող գյուղացիներն են: Սա քծնանք չի, որովհետեւ Վերին Արտաշատը Հայաստանի համար 1 գյուղն է»:

Հրանտ Բագրատյանը նաեւ վստահեցրեց գյուղացիներին, որ ով ուզում է բիզնեսով զբաղվի՝ խնդրեմ, պետությունը վարկի տոկոսը մեկ անգամ մարելու է. «Փորք բիզնեսի հարկերը 40 տոկոսով պակաս են լինելու, քան թե մեծ բիզնեսինը: Ով անցնում է միջին բիզնեսի, ավելի շատ հարկ է տալու: Իսկ ով դառնում է խոշոր, հարկային բեռը մեծանալու է այնքան, որ շահավետ չի լինելու բիզնեսի հետագա աճը: Մենք չենք ուզում տեսնել այս երկիրը ներմուծողների երկիր, 10 ներմուծողի: Ձեր երեխեքը Մոսկվայում աշխատում են, ձեզ փող են ուղարկում, էդ փողով դուք առնում եք շաքար, պանիր, ձեթ, այդ փողը տալիս եք օլիգարխներին, սրանք էլ փողի մի մասը պահում են, մնացածը հանրապետությունից դուրս են հանում: Մենք փոխելու ենք»:

Նա ծոցագրպանից հանեց Սերժ Սարգսյանի՝ 5 տարի առաջ տված խոստումների թերթիկը. «Խոսք է տվել ՀՆԱ արտադրանքի տարեկան 8-10 % աճ: Հիմա պիտի լիներ 147-160%: Ունենք 104%: 3 տարի ես վարչապետ եմ աշխատել, այն ժամանակ պատերազմ…մութ ու ցուրտ…մենք ունեցել ենք 14 % աճ: Մարդիկ հիմա վատ են ապրում, բյուջեն կրճատվել է: Մենք ուզում ենք փոխենք այս վիճակը: Մենք խոստանում ենք ձեզ գնաճը հանած՝ 75 հազար դրամ աշխատավարձ: Սերժ Սարգսյանը խոստացել էր 105 հազար աշխատատեղ: Դրա փոխարեն նախկինում ստեղծված 109  հազար աշխատատեղ փակվել է: Օրինակ, Քոչարյանը շինարարության մեջ խոստացավ, շինարարություն չկար՝ փակվավ: Մենք աշխատատեղ չենք խոստանում»:

Նա նաեւ նշեց, որ մենակ ինքն ու Սերժ Սարգսյան են ծրագիր ներկայացրել. «Նայեցի իշխանության ծրագիրը՝ ընդհանուր ֆրազաներ են: Մյուս թեկնածուների մոտ կտեսնեք շարան, կարող եք տեսնել, որ աշխատավարձը երեք անգամ բարձրանալու է, բայց երբեք չեք տեսնի՝ որտեղի՞ց: Մենակ իմ ծրագրում դա կա: Իմը ցանկությունների շարան չէ: Չեմ ուզում անհամեստ երեւալ, բայց եթե կարող են՝ թող գրեն: Բազմիցս այսօրվա նախագահին հրավիրել եմ բանավեճի: Պատասխան՝ մենք ծանր քաշային ենք»:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031