Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել` խոսելու այս կարճ ժամանակահատվածում իր թիմի կատարած աշխատանքների մասին և բնականաբար ձեռքի հետ էլ նախորդների թողած պարտքերի մասին բարձրաձայնելու:
Քանի որ քաղաքապետի պաշտոնավարման հարյուր օրը համընկավ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի հետ. լրագրողները հետաքրքրվեցին, թե ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը սատարելո՞ւ է, արդյոք, երկրի ՀՀԿ-ական նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետ դարձավ Սերժ Սարգսյանի օգնությամբ: «Ես ապաքաղաքականացնում եմ այսօր էս խնդիրը, ես հայտարարությամբ հանդես կգամ, բայց Ձեզ պարզ պետք է ասեմ, որ ես պաշտպանելու եմ հանրապետության նախագահին, ինչի՞ մասին է խոսքը: Ես արգումենտներով կհայտարարեմ և Ձեզ կբաժանեմ, թե ինչո՞ւ եմ պաշտպանելու: Ես 2008 թվականին էլ եմ պաշտպանել, հիմա էլ եմ պաշտպանելու, որովհետև ինքը էս քաղաքի համար շատ գործեր է արել: Ես մեր քաղաքացու շահը վեր եմ դասում քաղաքական և կուսակցական շահից: Էսօր մեր քաղաքը ունի շահեր, մեր քաղաքը պետք է ունենա իր քաղաքականությունը, ես էս խոսքերը նոր չէ, որ ասել եմ, ես դա ասել եմ շատ անգամներ, երբ որ եղել եմ նախընտրական քարզչությանը, երբ որ եղել եմ պատգամավոր: Մենք պետք է հասկանանք, որ մեր շահերը ամենավերին շահերն են: Էսօր մեր բնակիչը պետք է լավ ապրի, պետք է ունենա աշխատատեղեր: Ես կներկայացնեմ իմ արգումենտները, թե ինչո՞ւ եմ սատարելու Սերժ Սարգսյանին, բաց հիմա եկեք փակենք թեման: Իսկ քարոզարշավին, որպես քաղաքապետ, ամենաակտիվն եմ մասնակցելու, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա բոլոր`81 ընտրատեղամասերում ամեն օր զանգում են՝ կահույքը չկա, չգիտեմ լուսավորություն չկա»:
Այն հարցին էլ, թե ԲՀԿ-ում ինչպե՞ս կընդունեն Սամվել Բալասանյանի այս քայլը, քաղաքապետը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, էդ հարցին կպատասխանեմ հայտարարությամբ»,- կարճ կապեց պարոն Բալասանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ