Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «Համաներման կարգով ազատ կարձակվի Վահագն Չախալյանը»

Հունվար 21,2013 16:10

«Ջավախահայերի խնդիրների վերաբերյալ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանքի» խոստումներն աննախադեպ են` ի տարբերություն Սահակաշվիլու ընդհանուր եւ ոչ առարկայական խոստումների: Ավելին, Սահակաշվիլին, օրինակ, հայոց լեզվի դասաժամերը կրճատեց երեք անգամ: Իսկ Իվանիշվիլու խոստումների իրականացման շուրջ մեծ հույսեր կան»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով. «Վրաստանում նախընտրական քարոզարշավի մեկնարկին բացառիկ էր նաեւ ընդդիմության մուտք գործելը ազգային փոքրամասնությունների տարածաշրջան եւ քարոզչություն իրականացնելը: Ընդդիմության խոստումները Սահակաշվիլու կողմնակիցները որակեցին «ազգայնական» եւ հայ-վրացական հարաբերությունները խաթարելու միջոց: Պարզվեց ընդհակառակը, որ հայկական դպրոցների, հայոց լեզվի դասավանդման եւ հայկական եկեղեցիները վիրահայոց թեմին վերադարձնելու շուրջ բարձրաձայնված խնդիրները պետք է լուծվեն հայ-վրացական դաշինք հաստատելու համար»:

Թորոսյանը փաստեց, որ ջավախահայերն ուզում են արժանապատիվ ապրել Վրաստանի տարածքում, օգտվել քաղաքացիական բոլոր իրավունքներից եւ կրել համապատասխան պարտավորությունները:

Բանախոսը նաեւ ասաց, որ Սահակաշվիլու ժամանակ տիրում էր անվստահության մթնոլորտ, ջավախահայերին անհիմն կերպով ճնշում էին` իրբ ազգայնական տրամադրությունները չեզոքացնելու համար. «Բացի այդ, մարդիկ շինծու կերպով դատվում էին, ինչպես, օրինակ, Վրաստանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր Մելիք Ռաիսյանը: Նրա դատավարությունը վերանայվել է եւ ուրբաթ օրվա դրությամբ` հանվել մեղադրանքը: Ռաիսյանը Ջավախքի ճանապարհին է կամ արդեն ժամանել է: Սա Իվանիշվիլու քաղաքական առաջին քայլերից է: Իվանիշվիլու առաջին ձեռքբերումը կարելի է համարել այն հանգամանքը, որ ջավախահայերի հանդեպ հալածանքները դադարել են: Առաջիկայում համաներման կարգով ազատ կարձակվի նաեւ Վահագն Չախալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031