«Այսօր առավոտյան ԵԽԽՎ Բյորոյի նիստում Հայաստանի պատվիրակությունը վստահեցրել է, որ ամեն ինչ անում են Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվեն թափանցիկ, ազատ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»: Այդ մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Մինյոնը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Նա հիշեցրեց, որ նախընտրական առաքելությամբ Հայաստան էր ժամանել Քերեն Ուոլդսեթի (K. Woldseth) ղեկավարած պատվիրակությունը, որը առաքելության վերջում հայտարարություն էր տարածել: «Ըստ այդ հայտարարության, կան որոշ մտահոգություններ նախագահական ընտրություններից առաջ, սակայն Հայաստանի պատվիրակության ղեկավարը այսօր Բյուրոյի նիստում վստահեցրել է, որ այս ընտրությունները լավագույնն են լինելու: Այն, ինչ նա ասել է, մեզ ոգևորում է», -հայտարարեց Մինյոնը: