Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց գործով տուժողների հարցաքննությունը:
Մասնավորապես, ցուցմունքներ տվեցին հայր և որդի Աղվան և Անդրանիկ Գրիգորյանները, ովքեր, ի դեպ, դատարան բերման էին ենթարկվել: Առաջինը հայտնեց, որ լուսամուտից տուն է ներխուժել դիմակով, «փոքր զենքով» մի տղամարդ, ով իրեն հարված է հասցրել ու քունքի շրջանում վնասվածք պատճառել: Ավազակները տանտիրոջ մեքենայի մեջ են տեղափոխել իրենց չհրկիզվող պահարանը՝ շուրջ 10 հազար դոլար գումարով և 40-50 հազար արժողության ոսկեղենով: Մեքենան մեկ օր անց գտնվել էր Երևանի 15-րդ թաղամասում:
Աղվան Գրիգորյանը հաստատեց, որ դեպքից 2-3 ամիս անց իրենց տուն են ներկայացել իրավապահները և մեկ երիտասարդի մասնակցությամբ քննչական փորձարարություն իրականացրել: Վերջինս պատմում էր, թե ինչպես է մուտք գործել տուն: Տուժողը դժվարացավ նշել, թե ինչպես է փորձարարության ներկայացվածի անունը՝ թեև նախաքննության ընթացքում հայտնել էր նրա անունը՝ Դավիթ Գալստյան: Ամբաստանյալ Դ.Գալստյանը հայտարարեց. «Երեսս այլանդակված էր, դրա համար չի հիշում», տուժողը չհիշեց նաև, թե վնասվածքներ փորձարարության ներկայացված անձի դեմքին առկա էին, թե ոչ:
Տուժող Անդրանիկ Գրիգորյանն էլ հայտնեց, որ իր ննջասենյակում քնած է եղել, արթնացել է ոտնաձայներից, տեսել մեկ դիմակավոր անձի, վերջինս հարված է հասցրել իր դեմքին, դրա հետևանքով գլխի շրջանում բաց վերքեր է ստացել:
Կարդացեք նաև
Հետագայում երկրից բացակայելու հիմքով այսօր «արտահերթ» հարցաքննվեց տուժող Էդուարդ Բեզոյանի աներորդին, վկա Մարտին Սողոյանը՝ նա իր քրոջ տան վրա ավազակային հարձակումից հետո «10 րոպե չանցած» է եղել իր քրոջ տանը և դեպքի մասին պատմում էր դեպքին ականատես իր դստեր պատմածներից: Ըստ այդմ, ավազակները չեն վերցրել տանտիրոջ երեխաների «կնունքի խաչերը», ավազակներից մեկը խոսում էր շինծու վրացական առոգանությամբ, մյուսը «Նորագավիթ-երրորդ մասի» խոսելաոճով, նրանց գլխավորում էր խռպոտ ձայնով 40-50 տարեկան մի տղամարդ:
Դատարանի որոշմամբ, փետրվարի 4-ի դատական նիստին բերման կենթարկվեն տուժողներ Կարեն Ջինանյանն ու Երվանդ Գրիգորյանը: Դատարանը դատական նիստին ներկայանալու ծանուցագրեր նորից կուղարկի Նապոլեոն և Միլենա Ազիզյաններին, Ատոմ Ղազազյանին, ովքեր, ըստ բժշկական փաստաթղթերի կամ հարազատների հայտարարության, առողջական պատճառով չեն կարողանում ներկայանալ դատարան: