Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Դինքը խաչը շալակած բարձրացավ Գողգոթա»

Հունվար 21,2013 16:26

Հարցազրույց Հրանտ Դինքի դպրոցական ընկերոջ Սարգիս Հացպանյանի հետ

 

-Հրանտ Դինքի դատավարությունն ավարտվեց Թուրքիայում, սակայն բոլոր հարցերին պատասխաններ չտրվեցին: Դուք ի՞նչ կասեք դատավարության մասին:
-Դատավարությունը շատ նման էր Հայաստանում 1999 հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության դատավարությանը, երբ հայտարարվեց, որ դա միայն այդ մի քանի երիտասարդների գործն է, կազմակերպված հանցագործություն չի: Այս հինգ տարիների ընթացքում նույնիսկ անմեղսունակ մարդկանց այս դատվարությունը ցույց տվեց, որ դա Թուրքիայի Հանրապետություն կոչված վարչական տարածքի ամենաբարձրաստիճան ատյանի՝ ազգային անվտանգության խորհրդի՝ MGK-ի կողմից շատ լուրջ ծրագրավորված ոճրագործություն է, որը Թուրքիայի պետությունը՝ դատական մարմնի միջոցով, փորձում էր ամեն կերպ թաքցնել: Ընդ որում` վերջին երկու դատական նիստերի ժամանակ ամբաստանյալներն իրենք ասացին`մեզ օգտագործեցին:
Իսկ ինչո՞ւ հենց Հրանտ Դինքը:
-Հրանտը`որպես լրագրող ճշմարտությունն էր վերհանում, դա էր նրա «մեղքը», լրագրողի համար ճշմարտությունն ասելը շատ վտանգավոր է: Թուրքիայի Հանրապետության տարածքում 600-ից ավելի լրագրող է սպանվել, եւ դրանից է՜լ ավելի շատ լրագրող ազատազրկվել է: Իսկ ճշմարտությունն ասող թուրքին սպառնացող վտանգը մի քիչ այլ, քան հային սպառնացողը: Հայը Թուրքիայում ի ծնե իր ազգային պատկանելության «պատճառով» արդեն մեղավոր է նկատվում: Մենք այդ հոգեբանությամբ ենք մեծացել, մեզ նայել են իբրեւ այլ, վտանգավոր մարդու, կարծես մարդասպան ենք:
-Ի՞նչ ճշմարտություն էր վերհանում Հրանտ Դինքը, որից վախենում էին իշխանությունները:
-Հրանտը, հատկապես «Ակոսի» ստեղծումից մի քանի տարի հետո այնպիսի նյութեր էր հրապարակում, որ նրանք նեղվում էին: Ամենալուրջը եղավ այն հոդվածը, որում պատմում էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դստեր`Այնթափի հայկական որբանոցից որդեգրած Խաթուն Սեբիլչյանի մասին, որին բոլորը գիտեին որպես Թուրքիայի ամենահայտնի կին, առաջին կին-օդաչու Սաբիհա Գյոքչեն: Այդ հոդվածից հետո ազգային անվտանգության խորհդից Հրանտին զգուշացրին` դու այդ ի՞նչ ես անում, մատդ մեղվի փեթակի մեջ ես մտցնում: Հրանտը դրանից հետո ասաց, որ ինքն ամեն օր էլեկտրոնային փոստով հարյուրավոր նամակներ է ստանում Թուրքիայի հեռավոր քաղաքներից եւ գյուղերից, որոնցում մարդիկ գրում են, որ իրենք ծագումով հայ են, 1915-ին բռնի դավանափոխ են եղել, թուրքացվել-քրդացվել են, բայց կուզենային իրենց իսկական՝ հայի ինքնությամբ ապրել… Սա բավականին լուրջ վտանգ էր Թուրքիայի ազգային անվտանգության համար: Հրանտ Դինքը սկսել էր բարձրաձայնել այս ամենի մասին եւ ասել, որ սրա պատճառը ցեղասպանությունն էր, ինքը խոսում էր համշենահայության, Դերսիմում ծվարած 100 հազարների հասնող հայերի մասին: Նա ասում էր` ինչո՞ւ այս հողերի ամենահին ժողովուրդը լինելով, մեր եկեղեցին չպիտի ունենանք, մեր դպրոցը չպիտի ունենք, ինչո՞ւ է Լոզանի դաշնագիրն արգելել մեզ այդ ամեն ինչը, մենք եկվոր չենք: Այդ հարցերը բարձրացնելը քաջություն են պահանջում, նա հենց այդ համարձակությունն ունենալու համար դարձավ թիրախ: Եվ իշխանություններն առաջնորդվեցին` «որտեղ խնդիր կա, այդտեղ մարդ կա, մարդուն վերացնում ես, խնդիրը վերանում է» սկզբունքով, որոշեցին Հրանտին վերացնել:
– Բայց չվերացավ, չէ՞:
– Չէ: Այդ հակազդեցությունը, որ տեղի ունեցավ, իրենք չէին սպասում եւ շշմեցին, նույնիսկ չկարողացան հասկանալ այդ բողոքի ալիքի իրական պատճառը, երբ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան, ինչպես Հրանտի մահվան օրը, այնպես էլ այս տարի հունվարի 19-ին` Հրանտի մահվան 5-րդ տարելիցին, ու նրանք ասում էին, որ այդ բոլորը, ովքեր փողոցում են, ծագումով հայեր են: Դրանով իրենք ուզում էին ասել, թե հայի հետեւից միայն ծագումով հայը կլացեր: Իհարկե` դա այդպես չէր, բայց նաեւ եղան շատ մարդիկ, որ հետո իրենց ծագումով հայ լինելը բացահայտեցին:
-Այսինքն` Հրանտի արած գործը չկորա՞վ:
-Ես միշտ ասել եմ եւ նորից եմ ասում՝ Հրանտը նույնիսկ իր մահով, ինքն իրեն զոհասեղանի վրա դնելով ծառայեց իր ազգին, իր պատմությանը եւ ինքնությանը: Այդ մարդը իր խաչը շալակած բարձրացավ Գողգոթա: Եվ շատ հետաքրքիր է որ այս հինգ տարիների ընթացքում ինչ աղմուկ որ կա Հրանտի համար` այդ թուրք մտավորականության մի հատվածն է անում, քրդերը ընդհանրապես չեն խոսում հայկական թեմայով, անգամ հայերն են ավելի զգուշավոր դարձել: Իշխանությունը վախի մթնոլորտ սերմանելով կարողացավ իր ուզածին հասնել: Բայց թուրք մտավորականությունը հայերի չարածն անելով, ինքն է հիմա էդ ջահը շալակած տանում: Ուզում եմ հատկապես առանձնացնել հրապարակախոս, գրող, «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագիփ Զարաքոլուին, որն արդեն չորս ամիս է բանտում է: Նա մի բան աննախադեպ բան արեց` իր բանտի խցից Թուրքիայի ազգային ժողովին դիմում գրեց, որ մինչեւ Եղեռնի 100- ամյակը Թուրքիայի պառլամենտը ընդունի Հայոց Ցեղասպանությունը, դատապարտի եւ փոխհատուցում կատարի:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն արվել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2012 թվականի հունվարի 21-ին, Երեւանի մամուլի ակումբի պատվերով՝ «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, թուրքական մամուլի համար, որտեղ սակայն այդպես էլ չհրապարակվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ
    Հեռացար մեզնից դեպի երկինք ջինջ,
    Անունտ թողած ազգիտ մրմունջին,
    Քեզ չհասցրինք ճանաչել,՝ բայց մինչ՝
    Դու սուրբ զանգ դարձար հայի ականջին:
    Դու դարձար վրեժ, ու հավերժ կանթեղ,
    Որ քո նահատակ ազգին ես ողբում,
    Քո էությունը այնքան է ահեղ,
    Որ քո ազգն քեզնով, իր կամքն է կոփում:
    Դու ստիպեցիր չարին խոստանա,
    Մեկ ու կես միլիոն զոհերին անմեղ,
    Սակայն նա մնաց որպես սատանա,
    Իր խղճին թողած արյան մեծ հեղեղ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031