«Այս պահին ընտրություն չկա: Սա իմիտացիա է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ը չի սատարում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկին, մասնավորաբար, Հրանտ Բագրատյանին, Մակեյանն աաց, որ ՀԱԿ-ի փոխարեն չի կարող պատասխաններ տալ, բայց իրենք դիմել են կուսակիցներին, որ ազատ են իրենց ընտրության կամ որեւէ մեկին սատարելու մեջ. «Բայց կուսակցությունն իր գիծը չի փոխում: Մեր գիծը երկրում իրավիճակ փոխելն է, որը մենք առանձին Հրանտ Բագրատյանով, Րաֆֆի Հովհաննիսյանով կամ Պարույր Հայրիկյանով, անհնար ենք համարում: Այդ էր պատճառը, որ մենք դիմեցինք թեկնածուներին՝ որոշում կայացնել»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ՀԱԿ-ում որոշումների վրա Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ ազդեցություն կամ մասնակցություն ունի, Մակեյանն ասաց, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը, իր կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի լիդերն էր. «Իմ տպավորությամբ նա դեռ մնում է քաղաքականության մեջ, բայց դա իմ տպավորությունն է, որը կարող է խաբուսիկ լինել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ