Aravot.am-ը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանից հետաքրքրվեց՝ վստա՞հ է, որ հայոց լեզու եւ գրականություն առարկայի անորակ շտեմարանի դեմ պայքարն արդյունք կտա: «Մենք դառը փորձ ունենք, որ նույնիսկ համաժողովրդական ընդվզման եւ բողոքի դեպքում մեր կրթական ոլորտի իշխանավորները կարող են շատ հանգիստ մի 30 առաջադրանք խոտանել կամ վերանայել ու ասել, որ ստեղծվել է Երկիր մոլորակի ամենալավ շտեմարանը, ու այդ փորձը կարելի է փոխանակել, տարածել աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ: Այսինքն՝ կարող է զավեշտական վերջաբան լինել, բայց մյուս կողմից էլ, վերջին հույսն եմ փայփայում, որ հնարավոր չէ ամեն անգամ այսպես շրջանցել ճշմարտությունը, այս դեպքում՝ հազարավոր դիմորդների, մասնագետների, երեխաների ծնողների եւ վերջապես ավարտական դասարանների աշակերտների բողոքը: Հույս ունեմ, որ բողոքը տեղ կհասնի, այդ շտեմարանը կխոտանվի ու դուրս կհանվի գործածությունից: Մի խոսքով, նպատակը հստակ է՝ շտեմարանը պետք է խո՛-տա՛-նե՛լ»,-ասաց լեզվաբանը:
Մեր հիշեցմանը, թե չնայած նախորդ անգամ եւս բողոքի ալիք էր բարձրացել Փառանձեմ Մեյթիխանյանի համահեղինակած թեստերից, որոնց որակը դարձյալ վիճարկվեց մասնագետների կողմից, Դավիրթ Գյուրջինյանը պատասխանեց. «Իսկապես, զարհուրելի բան են արել: Նախանցյալ եւ անցյալ տարի Փառանձեմ Մեյթիխանյանը գործը տապալեց, մասնագետները նրա արած աշխատանքը համարեցին խոտան, բայց նա էլի նվեր ստացավ իր ինչ-ինչ ծառայությունների դիմաց. դպրոցական դասագրքի հեղինակ դարձավ, հիմա էլ պատասխանատուն է այս չարաբաստիկ շտեմարանի, որը չգիտես՝ լալու, թե խնդալու առիթ է տալիս»:
Հիշեցնենք, որ Facebook-ում ստեղծվել է «Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջ, որի պահանջն է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» 2013թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 1-ին մասը, նոր ուղեցույցը, ինչպես նաեւ լույս տեսնելիք մասերը հանել գործածությունից եւ առաջիկա քննություններն անցկացնել անցյալ տարվա կարգով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև