Այսօր «Արմատ» ակումբում նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը խոսելով իր քարոզարշավի մասին, ասաց, որ նախորդ շաբաթ կարեւոր իրադարձություններ եղան, թեկնածուները որոշել էին իրենց քարոզարշավներն անցկացնել նաեւ Հայաստանից դուրս. «Մեր թեկնածուները լուրջ քարոզարշավ անցկացրեցին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներում, իսկ թեկնածուներից մեկն էլ, որը մտել է քարոզարշավ՝ հույս ունենալով հետագայում ստանալ իր երազած արտգործնախարարի պաշտոնի դերի մեջ, արդեն արտասահմանյան այցելություններ է կատարում, նախագահի նստավայրում են նրան ընդունում… դե ոչինչ՝ պատահում է: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ մեր հրաշալի Բագրատյան-Հայրիկյան-Հովհաննիսյան եռյակը, մտել են ընտրապայքարի, ինչպես Զուրաբյանը Օսկանյանի հետ հայտնի զրույցում էր ասում, ռեժիմից ինչ որ բան պոկելու նպատակով, իսկ թվերը խիստ անմխիթար են, ես որոշեցի մինչեւ փետրվարի մեկը զերծ մնալ ակտիվ քարոզարշավից, հնարավորություն տալով այդ պարոններին բարելավել իրենց ցուցանիշները»:
Սեդրակյանը նշեց, որ մինչ փետրվարի մեկը իրեն հիշեցնող բուկլետներ չեն տարածվի, ծրագրեր չեն ներկայացվի, չեն լինի նաեւ գովազդային հոլովակներ, նա կբավարարվի միայն ասուլիսներով եւ հեռուստաընկերություններին տված հարցազրույցներով: Նախընտրական շտաբներ գուցե չլինեն, որովհետեւ իր կարծիքով, մեծ հաշվով դրանք «բլոտ» խաղալու տեղեր են. «Ազգաբնակչությանը ձեռքով, գլխով, կամ աչքով բարեւելու մտադրություն չունեմ: Իմ ասելիքը հարցազրույցների ժամանակ կասեմ: Ու կնախընտրեմ երեկոյան բազկաթոռի մեջ նստած նայել, թե ինչպես են մնացած թեկնածուները մարզից մարզ վազում, եւ, թե ինչպես է իր առողջությամբ աչքի չնկնող Սերժիկ Սարգսյանը կապտած դեմքով հանրահավաք անում ցրտին եւ հայ ժողովուրդն ինչպես է խանդավառված, ծաղիկներով, դրոշակներով ու փուչիկներով գնում ողջունելու նրան, չնայած չէ՝ փուչիկներ պետք չի, նրանց մոտ փուչիկը լավ չի ստացվում: Իսկ մյուս թեկնածուների քարոզարշավը՝ շատ տխուր կլինի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ