Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի օրիգինալ քարոզարշավը մեկնարկեց

Հունվար 21,2013 14:48

Քիչ առաջ Օպերայից մեկնարկեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը: Ժառանգականները հայտարարել էին, որ քարոզարշավին անակնկալ է լինելու: Անակնկալն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբ չի ունենալու: Իր նախընտրական շտաբները լինելու են նրա լուսանկարներով մեքենաներ, որոնք տեղում չեն մնալու, շրջելու են ամենուր:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ շատ ակտիվ քարոզարշավ է սպասվելու. «Այդ նախընտրական քարոզարշավի մեքենաներից յուրաքանչյուրի մեջ ամեն օր կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանը: Յուրաքանչյուր համայնքում մեկ մեքենա կլինի եւ յուրաքանչյուր մարզում մեկ մեքենա: Որեւէ անշարժ նախընտրական շտաբ չի լինելու: Նախկին մեկ ավտոբուսի տարբերակը նույնպես չի լինելու»:

«Ժառանգության» ներկայացուցիչները՝ նարնջագույն վզկապներով, շրջում էին տարածքում եւ բաժանում Րաֆֆիի բուկլետները, որտեղ նշված էր Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների տարբերությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «ՀՀ իշխանությունը վերադարձնելու ենք մեր պայքարով ՀՀ  ժողովրդին: Այստեղ ամեն ինչ բնական է, անմիջական, առանց ճառերի: Դուք կատարելու եք այսօրվա եւ վաղվա միջեւ ընտրություն՝ նախագահի բարձր հովանու եւ Սահմանադրական նոր օրենքի միջեւ: Պայքար է գնալու ՀՀ ժողովրդի եւ իշխանության միջեւ: Մենք 21 տարվա ընթացքում առաջին անգամ ունենալու ենք դե յուրե նոր նախագահություն: Ամեն ինչ հնարավոր է: Կանխորոշված է միայն Աստծո պատգամը, իսկ մնացածը ՀՀ ժողովրդի ձեռքում է: Մեր խնդիրն է այսօր, որ մեր գործի, մեր հավատի, մեր պայքարի միջոցով ընտրական հեղափոխությամբ ջարդենք այս իշխանական հարկային, մաքսային ուղղահայացը, որ 20 տարի իշխում է Հայաստանում: Մերը իշխելու համար չէ: Մերը ծառայելու համար է»:

Նա նշեց նաեւ, թե ինչ է խոստանում. «Առաջին տարվա ընթացքում ճարպահանելով պետական բյուջեից, փորերից, մեր վզերից, ստվերը բերման ենթարկելով՝ մի տարի անց ժողովրդի մասնակցության եւ ընտրական հեղափոխության դեպքում մենք 50 տոկոսով կավելացնենք բոլորի կենսաթոշակները, գիտության, կրթության, առողջապահության, պաշտպանության ֆինանսավորումը կբարձրացնենք: Կունենանք մաքուր բնություն, որովհետեւ այն պատկանում է բոլոր հայերին: ՀՀ քաղաքացին պիտի ապահոված լինի ոչ թե իմ ցանկությամբ, այլ Սահմանադրությամբ: 5 տարվա ընթացքում ունենալու ենք նոր Սահմանադրություն, կառավարական խորհրդարանական նոր համակարգ, 180 հազար աշխատատեղ, 180 հազար աղքատ ընտանիք պիտի անցում կատարի դեպի միջին խավ: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս անգործությունը, ճակատագրապաշտությունը, արտագաղթը շարունակվի»:

Քարոզարշավի ժամանակ քաղաքացիները մոտենում էին Րաֆֆի Հովհաննիսյանին ու խնդրում մեր երկրում առկա կողոպուտը, թալանը կանգնեցնի: ՐաՖՖի Հովհաննիսյանն էլ ժպտում եւ գլխով էր անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031