Երիտասարդությունը մի փոքր ավելի կարգ ու կանոնով է՝ երթեւեկության մեջ: Այսօր «Հայելի» ակումբում ասաց Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Նրա ներկայացմամբ՝ այն կարծիքը, որ երթեւեկության կանոնների խախտումներ ավելի շատ կին վարորդներն են կատարում, դա սուբյեկտիվ կարծիք է, իսկ իրականում, ըստ Արսեն Արշակյանի, կին վարորդներն ավելի կարգապահ են, ավելի ուշադիր են, կին վարորդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը զգալի քիչ է:
Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի խոսքերով՝ 2012-ի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային դեպքերի քանակը Երեւանում զգալի նվազել է, այդ թվում նաեւ մահվան ելքով դեպքերը: Ըստ պարոն Արշակյանի. «Երեւանում անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ մահվան ելքով դեպքերը 5-ով նվազեցին. 2011-ին ունեցանք մահվան ելքով ճանապարհատրանսպորտային 9 դեպք, 2012-ի դեկտեմբերին ունեցանք ընդամենը՝ դժբախտաբար 4»:
Տոնական օրերին, հունվարի 1-7-ը երթեւեկության կանոնները խախտելու, փաստաթղթերի բացակայության եւ ոգելից խմիչք օգտագործած 8 վարորդներ վարչական պատասխանատվության են ենթարկվել, որոնցից 4-ը ոչ սթափ վիճակում են եղել:
Այս ամիս էլ 1 մահվան ելքով դեռեւս չբացահայտված վրաերթ է տեղի ունեցել: Մեկ մահվան դեպք էլ է գրանցել, որը սակայն ճանապարհատրանսպորտային վթարի հետեւանք չէր կարող լինել, ըստ պարոն Արշակյանի, ճիշտ է մեքենաներն իրար են բախվել, սակայն ընդամենը անվահեծն է վնասվել մի մեքենայի, իսկ վարորդը մահացել է սրտի կաթվածից:
Կարդացեք նաև
2011-ին պատասխանատվության են ենթարկվել 7799 հետիոտն, 2012-ին՝ 357, իսկ տուգանքի չափը, ըստ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի, 3000 դրամ է:
Պարոն Արշակյանի ներկայացմամբ, ճանապարհային ոստիկանությունն ահռելի աշխատանք է տարել, ինչի հետեւանքով էլ հետիոտների խախտումները նվազել են:
Ինչ վերաբերում է մեքենաների ապակիների մգեցվածությանը, ապա պարոն Արշակյանի ներկայացմամբ՝ վարորդի, նրա կողքի ուղեւորի եւ առջեւի ապակիների տեսանելիությունը պետք է լինի 75%, իսկ ետեւի ապակիները անսահմանափակ կարելի է մգեցնել: Արդեն շուտով ճանապարհային ոստիկանությունը կունենա ապակիների մգեցվածությունը չափող սարք, եւ հենց տեղում հնարավոր կլինի ստուգել, եւ ինչպես պարոն Արշակյանն ասած՝ օրինախախտին վնասազերծել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ