Այսօր քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համար սկսվեց գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլով:
«Իշխանություններից պահանջում եմ ապահովեն քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը: Դիմել եմ պետությանը, որ քաղաքացիների առջեւ իր պարտականությունը կատարի: Վստահ եմ, որ իրավունքը օրենքից ավելի բարձր կատեգորիա չէ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ղուկասյանը:
Նա նորից կրկնեց, որ բավարարված չէ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ իր դիմումի վերաբերյալ որոշումից:
Հիշեցնենք, պարոն Ղուկասյանը հանձնաժողովից պահանջել էր անվավեր ճանաչել գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախագահի թեկնածության գրանցումը:
Կարդացեք նաև
«Հանձնաժողովն այն պետական մարմինն է, որը պարտավոր է ժողովրդի իշխանությունը պահպանել երկրում, եթե այդ գործառույթը չի ապահովում ինչի համար է»:
Մեր հարցին՝ ի՞նչ արձագանք է սպասում իշխանություններից, նա պատասխանեց. «Հայտարարում եմ հացադուլ՝ պահանջելով պետությանը վերանայել իր դիրքորոշումը ընտրություններն անցկացնելու վերաբերյալ: Ազատ ընտրելու իրավունքը պետք է ապահովեն: Իշխող ռեժիմները, որոնք չեն կարողանում ազատ ընտրություններով ընտրվել, ստիպված են հարկադրել հանրությանը, որ իրենց ընտրեն ու ղեկավարվում են՝ ուժը ծնում է իրավունք գաղափարախոսությամբ: Իրենք կարող են որեւէ բան փոխել իրենց դիրքորոշման մեջ մի այլ ուժի ազդեցության տակ: Հացադուլն այն միջոցն է, որ հարկադրելու է նրանց դիրքորոշման փոփոխությանը»:
Նախագահի թեկնածուն չբացառեց, որ հացադուլը կշարունակի ողջ քարոզարշավի ընթացքում: «Այն անժամկետ է»,- ասաց նախագահի թեկնածուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ