ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով Ջավախքից Տաճատ Վարդապետյանը շոյվել է Վրաստանի վարչապետի բարյացակամ վերաբերմունքից: Օրեր առաջ կառավարությունում Վրաստանի ու Հայաստանի վարչապետների հանդիպումից շատ բան է հասկացել:
«Մոտեցա Վրաստանի վարչապետին, շնորհակալություն հայտնեցի նախընտրական խոստումների համար, դրանք դեռ չեն կատարվել, բայց այն բարյացակամ վերաբերմունքը, որ նկատեցի, շատ շոյեց: Հույս հայտնեցի, որ անպայման այդ խոստումները կիրականանան: Վարչապետն էլ վերահաստատեց, որ դրանք պետք է կատավեն»,- այսօր «Ազդակ » ակումբում ասաց պատգամավորը:
Նա կարծում է, որ այդ հանդիպումը տարածաշրջանում շատ բան է փոխելու.
«Հայ-վրացական հարաբերություններում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները մի շարք խնդիրների լուծումներ կարող են տալ: Ոգեւորություն զգացի նոր վարչապետի մոտ, որ պետք է լուծումները լինեն:
Կարդացեք նաև
Հայ-վրացական հարաբերությունների ջերմացումը երկուստեք շահեկան է»:
Անդրադառնալով Ջավախքը Հայաստանին միավորելու վերաբերյալ նախագահի թեկնածու, Էպոսագետ Վարդան Սեդրակյանի ասածներին, որն, ի դեպ, ըստ վրացական աղբյուրների, հակահայկական տրամադրություններ է առաջացրել Վրաստանում, պարոն Վարդապետյանն ասաց. «Համենայնդեպս, Վրաստանի վարչապետն ու պատվիրակությունը որեւէ հարց չեն բարձրացրել»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀՀԿ-ն չպե՞տք է նման հայտարարությունները հերքեր, ՀՀԿ պատգամավորն ասաց. «էպոսագետի կարծիքն է, որը կարող է անձամբ հերքել կամ վերահաստատել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ