«Սա իմ առաջին ֆիլմն է, որը պատերազմի թեմայով է: Նկարահանել նման ֆիլմ՝ մեծ արկած էր ինձ համար, առաջին հերթին ինձ գրավեց պատմությունը՝ նորություն տեսա դրա մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպիտակ վագր» ֆիլմի մասին նշեց կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը:
Հունվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմի պրեմիերան: Ըստ սյուժեի՝ խորհրդային բանակի սերժանտ Իվան Նայդենովը (Ալեքսեյ Վերտկով), որը հրաշքով փրկվում Է այրվող տանկից, մահացու մենամարտի Է բռնվում «Սպիտակ վագրի»՝ գերմանական ուրվական տանկի հետ: Կինոռեժիսորը երիտասարդ սերնդի ներկայացուցիչների տեսակետ է տեսել՝ պատերազմն անցնում է, սակայն հետքերն ու վերքերը մնում են, նոր սերունդը գալիս եւ նոր տեսակետով է նայում իրերին.
«Հայրս 3 տարի պատերազմել է, մեծամասամբ ֆիլմը հորս հիշատակի եւ պատերազմած զինակիր ընկերների համար է: Ֆիզիկապես դժվար էր նկարահանել այս ֆիլմը, մի քանի տարի հետո, երբ ծերանամ, այլեւս պատերազմական տեսարաններ նկարահանել չեմ կարողանա՝դա մեծ գլխացավ է, մյուս կողմից՝ ես ձեռք բերեցի մեծ փորձ. շատ ուրախ եմ»:
Շահնազարովի պնդմամբ՝ զբաղվածության խիստ գրաֆիկ ունենալու պատճառով նա չի հասցնում գնալ բոլոր մրցանակաբաշխություններին, բայց նվերներ, մրցանակներ ստանալը համարում է հաճելի գործընթաց: Նա նշեց նաեւ, որ իրեն ցեղասպանության եւ ղարաբաղյան պատերազմի թեմաները հետաքրքրում են, սակայն նկարահանելը դժվար եւ ծանր է համարում, օրերից մի օր հնարավոր է, որ նաեւ մտածի այդ հարցի շուրջ.
«Հայ կինոյի մասին կփորձեմ գնահատականներ չտալ, քանի որ եկվոր եմ, բայց կասեմ, որ ռուսական կինոյի 60 %-ը հայեր են: Ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է՝ ունենալ հաջողություններ, շանսեր կան»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ