Այսօր առավոտյան ժամը 10-ից ԵՊՀ Միջազգային հարաբերություններ եւ Հանրային կառավարում բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները քննություն էին հանձնում Կորպորատիվ կառավարում առարկայից: Ուսանողներից Արթուր Արեգյանը խոստովանում է՝ քննությանը լավ է պատրաստվել, սակայն ակնկալում է դրական գնահատական: Ինչպես ինքն ասաց, դասախոսը օբյեկտիվորեն է մոտնում ուսանողներին. «Մինչեւ այսօր տված քննություններից դժգոհություն չունեմ: Ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո»:
Լեւոն Շահբազյանը, ով նույն բաժնի ուսանող է, առարկայի քննությանը երկու օրում է պատրաստվել եւ ստացել 20 միավորից` 17: Գնահատականից գոհ է, սակայն ինչպես մյուս ուսանողները, այնպես էլ Լեւոնը, դժգոհ էր ժամանակից:
«Քիչ է: Մեկ կամ երկու օրը մեկ քննություն ենք հանձնում ու չենք հասցնում հաջորդին պատրաստվել: Գնահատականներից հիմնականում գոհ եմ, քանի որ ստանում եմ պարապածիս համաձայն: Եթե ժամանակը շատ լիներ, հնարավոր է, որ ավելի բարձր լիներ»,- ասում է Լեւոնը:
Ուսանողները «Առավոտ երիտասարդական»-ին ասացին, որ քննություններին պատրաստվելու համար միջանկյալ ժամանակի երկարաձգման խնդրանքով դիմել են դեկանատ, սակայն ստացել են բացասական պատասխան:
«Հնարվոր չէ»,- ասել են դեկանատում:
Կորպորատիվ կառավարում առարկայի քննությունը անցկացնում էր դասախոս Նարինե Մելիքյանը: Նա քննության արդյունքներից մասամբ է գոհ: Ասում է` պարտաճանաչ ուսանողները պատրաստ էին, իսկ միջին գնահատականի համար եկածները համապատասխան դրա էլ պատասխանել են: Մելիքյանը կարծում է, որ ուսանողները ժամանակի խնդիր չեն ունեցել. «Խնդիրը նրանում է, որ այս համակարգը թույլ է տալիս նվազեցնել պարապելու ժամանակահատվածը, քանի որ անցկացվում են միջանկյալ քննություններ եւ այդ ժամանակ դրված հարցերը քննությանը մասամբ են փոխվում»:
Արամ Արարատյան