Հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզա գյուղի դպրոցում սովորում է ընդամենը 17 աշակերտ: Նրանցից 5-ը միեւնույն ընտանիքից են: Այս տարի ունենալու են երկու շրջանավարտ: Առաջին դասարանցիների սպասում են 2014-ին:
Գյուղի Մուրադ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սաթենիկ Թունյանը նշեց, որ մի քանի առարկայական մասնագետների պակաս ունեն: «Այսօր դպրոցում չի դասավանդվում ոչ մի օտար լեզու եւ ֆիզիկա: Հայտարարություն ենք տվել համ թերթերում, համ էլ` հեռուստատեսությամբ: Գյուղը հեռու է, ոչ մեկ չի ուզում գա աշխատի, աշխատավարձն էլ շատ քիչ է»,-ասում է դպրոցի տնօրենը` հավելելով, որ մի քանի տարի առաջ ունեցել են ավելի քան 56 աշակերտ:
Տիկին Թունյանը դպրոցի խնդիրնրը չի տարանջատում գյուղի հոգսերից: «Խանգարում է գյուղի կտրված լինելը: Ոչ մի հարեւան գյուղ չունենք, որն էլ կա` սահմանից այն կողմ է»,-նշում է Ս. Թունյանը:
Դպրոցն ու գյուղապետարանը փորձում են հնարավորինս հատաքրքիր դարձնել աշակերտների առօրյան: Գործում են շախմատի եւ խոհարարական խմբակներ: Գյուղն ունի նաեւ գրադարան, բայց երիտասարդները դժգոհում են. զբաղմունք չունեն: 18-ամյա Վարդանուշը դասերից հետո ազատ է լինում ու հիմնականում գնում է տուն` ծնողներին օգնելու: Պատրաստվում է բուհ ընդունվել: Միայնակ է պարապում:
Գյուղում ապրուստի միակ միջոցն անասնապահությունն ու հողագործությունն է, մի քանիսն էլ մեղվաբուծությամբ են զբաղվում: Երիտասարդներն էլ օգնում են իրենց ծնողներին գյուղատնտեսական գործերում:
Եթե նույնիսկ դպրոցում բոլոր առարկաների ուսումնասիրությունը հնարավոր դառնար, երևի թե դժվար կլինի համոզել երիտասարդին մնալ գյուղում: Իսկ ահա մեծահասակների մտածմունքը սահմանի բացումն է, որը գյուղը կկապի արտաքին աշխարհի հետ:
Ելեն Իգնատենկո (mynews.am)