«Հետաքրքիր ժամանակներում ենք ապրում` այն օրին ենք հասել, երբ մարդու ղարաբաղյան ծագումն արդեն իսկ որպես արատ է դիտարկվում և տարատեսակ դուրսպրծուկներ փորձում են խաղարկել այս տխուր իրողությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ անրադառնալով մեկ այլ նախագահի թեկնածու՝ Վարդան Սեդրակյանի՝ իր մասին արած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը galatv-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական գործընթացներին մասնակցություն չունենալը բացատրել է այն հանգամանքով, որ իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների միջև իր համար անընդունելի է: Նա նկատի է ունեցել Սերժ Սարգսյանի՞ն, ասել էր. «Ես հասկանում եմ, որ ինքը չի ցանկացել դուրս գալ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դեմ, որովհետև այս ընտրություններում միակ ղարաբաղցին հենց Արման Մելիքյանն է: Ես հիշում եմ, երբ Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին պաշտոններ էին տալիս ղարաբաղցիներին, և դրանցում նշվում էր Սերժ Սարգսյանի անունը, նա մեկ անգամ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ղարաբաղցի չէ, այլ սյունեցի է: Երևի Ռ. Քոչարյանն այնքան է որսով տարվել, որ մոռացել է, թե այն ժամանակ ինչ է ասել: Կամ էլ Սերժ Սարգսյանն է փոխում իր ծագումնաբանությունը, այնպես ինչպես փոխում է կուսակցությունները:Այնպես որ, եթե Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել մրցակցել Արման Մելիքյանի դեմ, ճիշտ է արել, որովհետև նրանք երկուսով մեկ տոկոս ձայն կհավաքեին»:
Արման Մելիքյանը նաեւ հավելեց. «Ես ծնվել եմ Երևանում, ապրել և սովորել եմ Երևանում: Առաջին անգամ Արցախ եմ այցելել 1988 թվականին արցախյան շարժման սկզբնավորումից հետո: Այնպես որ, կարծում եմ, էպոսագետը պարզապես ստեղծագործական տարերքի մեջ է ընկել: Կան մարդիկ, որոնք ապրելով իրենց երևակայական աշխարհում կորցնում են իրականության զգացումը: Պետք չէ նրանց խանգարել…»
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ