Լրահոս
Օրվա լրահոսը

«КВН»-ը հիվանդություն է, որի ախտանիշները չեն բուժվում. Էդուարդ Համբարձումյան

Հունվար 21,2013 12:56

Երիտասարդ հայ ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը ծնվել է 1983 թ-ին, Երևանում: Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանում (կուլտուրայի ֆակուլտետի օպերատորական բաժնում, Սերգեյ Իսրայելյանի և Մարտին Շահբազյանի արվեստանոցում), այնուհետև` Մոսկվայի կինոմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանում: 2009 թ-ին սովորել է Մոսկվայի կինոմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի (ՄԿՀՊՀ, ռուս.` ВГИК) ասպիրանտուրայում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: ՄԿՀՊՀ-ում  եղել է Արմեն Մեդվեդեվի (Խորհրդային հանրային կինոյի նախարար) աշակերտը: Հանդիսանում է ավելի քան 20 վավերագրական ֆիլմի հեղինակ: Աշխատել է Մոսֆիլմում, նաև «Շողակաթ», «Սովա» և «Արմռու» և այլ հեռուստաընկերություններում: Սկսել է նկարահանել 2002-2003թթ-ից` «Իրեն» (2003թ.), «Ծիլ բուսած» (2004թ.), «Փազլ» (2005թ.), «Սերիկ» (2005թ.), Սերգեյ Գերասիմով` «Ապագայի կյանք» (2006թ.), Վարդան Պետրոսյան` «Անավարտ մենախոսություն» (2007 թ.), «Լևոն Մալխասյան», «Չորս օր Ջիգարխանյանի հետ» (2012թ.), «Վազգեն Սարգսյան», «КВН» և այլ հետաքրքրաշարժ ֆիլմեր:

Տաղանդավոր մարդկանց և արվեստի հրաշալի գործերի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսենք հենց նրա` Էդուարդ Համբարձումյանի հետ:

           Էդուարդ, ինչո՞ւ վավերագրական ֆիլմեր:

Այդ ժանրում պարզապես ինձ զգում եմ ձուկը ջրում, քանի որ աշխատանքի հաջողությունն ինձանից է կախված: Իսկ խաղարկային ֆիլմերի նկարահանումը մեծապես կախված է ուրիշներից (օրինակ` դերասաններից): Բացի այդ, վավերագրական ֆիլմի ժամանակ աշխատանքն էլ ավելի է դժվարանում, երբ գործ ունես սկսնակ դերասանների հետ, որի ժամանակ յուրաքանչյուր սխալ կարող է կապված լինել մեծ ծախսերի հետ:

Ինչպե՞ս սկսեցիր աշխատել:

Իմ մտքով չէր էլ անցնում, որ ռեժիսոր կդառնամ: Սկսել եմ օպերատորությունից, սակայն, ի սկզբանե, ցանկացել եմ դառնալ դերասան: Այժմ գոհ եմ իմ ընտրած մասնագիտությունից, քանի որ ֆիլմեր նկարահանելը մեծագույն հաճույքներից մեկն է, հատկապես երբ շփվում ես հանճարեղ մարդկանց հետ:

 Մի փոքր մանրամասնիր:

Ռեժիսուրա ուսումնասիրում էի դեռևս ուսանող ժամանակ, իսկ որպես ռեժիսոր սկսեցի աշխատել 2002թ-ից: Այդ ընթացքում հայտնի ռեժիսորները երբեմն աշխատելու տրամադրություն չէին ունենում և իրենց գործն ինձ էին վստահում, ինչը հնարավորություն տվեց ավելի խորն ուսումնասիրել տվյալ մասնագիտությունը: «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպության մեկ շաբաթվա դասընթացներից բացի, շատ բան սովորեցի Դավիթ Ասլանյանից («Ինտերնյուզի» ուսումնական ծրագրերի տնօրեն), Լևոն Քալանթարից («Ինտերնյուզի» գլխավոր ռեժիսոր) և ռեժիսոր Սերգեյ Իսրաելյանից:

Ու՞մ են պատկանում քո ֆիլմերի սցենարները:

Սցենարները հիմնականում ես և ընկերս՝ Տիգրան Պետրոսյանն ենք գրում:

Առհասարակ, որքա՞ն է ֆիլմերի տևողությունը:

Այն կախված է հենց ֆիլմից: Օրինակ`«КВН» ֆիլմի նկարահանման ամբողջ գործընթացը տևել է 8 ամիս, չհաշված սցենարի պատրաստումը:

Դիտո՞ւմ ես քո նկարահանած ֆիլմերը:

Այո, բայց միայն դահլիճում, քանի որ ինձ համար ամենամեծ գնահատականը հանդիսատեսն է:

Կա՞ արդյոք տարբերություն Մոսկվայի և Երևանի հանդիսատեսի միջև:

Մոսկվայի հանդիսատեսն ավելի թեթև է, որն ուղղորդվում է «եկավ, նայեց և գնաց» սկզբունքով, իսկ երևանյան հանդիսատեսն ավելի քննադատորեն է մոտենում այդ հարցին: Այդուհանդերձ, ինձ դուր է գալիս Երևանի լսարանը, քանի որ յուրաքանչյուր հայի կարող ես հանգիստ մոտենալ և հարցնել` ի՞նչ կարծիք ունի այս կամ այն ֆիլմի մասին:

Ե՞րբ հասկացար, որ ճանաչված ու գնահատված ես:

Ճանաչում գտա վերջին երկու տարում նկարահանած ֆիլմերի շնորհիվ: Կան ռեժիսորներ, որոնց ֆիլմերը նկարահանվում են միայն փառատոների համար, կան նաև այնպիսիք, որոնք, ինչպես նաև ես, ընդամենը ցանկանում են արժանանալ ժողովրդի համակրանքին: Օրինակ` Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը չի մասնակցել փառատոների, բայց արժանացել է ժողովրդի բարձր գնահատականին: Պետք է հասկանալ, որ այսօրվա լսարանը տարբերվում է առաջվանից: Այժմյան ֆիլմերը թվայնացված են և համացանցի միջոցով կարելի է  տարբեր ֆիլմեր գտնել:

Ներկայումս ի՞նչ ֆիլմերի վրա ես աշխատում:

Պատրաստում եմ ռեժիսոր Ֆ. Դովլաթյանի մասին մի ֆիլմ, որի նկարահանումներն արդեն ավարտել եմ: Ֆիլմը բարդ է, քանի որ Ֆ. Դովլաթյանն աշխատել է թե´ Մոսկվայում է, թե´ Հայաստանում, և նկարահանումները պետք է կատարվեին երկու երկրներում:

 

Առհասարակ, ռեժիսորներն ի՞նչ դժվարությունների են հանդիպում նկարահանումների ժամանակ:

Նկարահանումների դասական խնդիրը ֆինանսն է: Երբեմն նկարահանվում են պետական պատվերներով կամ հովանավորների շնորհիվ, սակայն, ցավոք,  այսօր չկան բարի «ձյաձյաներ», որոնք հանուն ժողովրդի ֆիլմ պատվիրեն: Ես նկարահանման ֆինանսական դժվարություններ չեմ ունենում, բայց պետք է նշեմ, որ մեկ ֆիլմի եկամուտը ծախսվում է հաջորդ ֆիլմի ստեղծման վրա:

Քո ֆիլմերից ամենաշատը ո՞րն ես նախընտրում:

Վերջինը` «КВН»-ի մասին ֆիլմը, քանի որ այն բազում հաճելի հիշողություններ է արթնացնում: Ֆիլմի ամեն մի դրվագ անգիր գիտեի, որովհետև «КВН»-շիկ եմ եղել, իսկ այդ ախտանիշը չի բուժվում:

Ի դեպ, ինչպե՞ս ընթացավ «КВН» ֆիլմի նկարահանումը:

Ֆիլմը բարդ է նրանով, որ օգտվել ենք արխիվային հսկայական նյութերից: Այն սկզբից ցուցադրվեց Մոսկվայում, այնուհետև` դեկտեմբերի 2-ին՝ Երևանում, 23-ին Նարեկացի Արվեստի Միությունում և հունվարի 4-ին «Արմենիա» հեռուստատեսությամբ: Շուտով կցուցադրվի ԱՄՆ-ում, «Արմռու» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններով:

«КВН»-ի պրեմիերայից հետո լուրեր են տարածվել, թե Էդուարդ Համբարձումյանին ֆիլմի նկարահանման համար ֆինանսավորել են հատուկ պարոններ: Այն համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Այսօր հարուստ և բարի պարոններ գրեթե չկան.. Գուցե այդ ասեկոսեները կապված են ֆիլմի հերոսների` հայտնի մարդկանց հետ, օրինակ` Գարիկ Մարտիրոսյանի կամ այլոց հետ, որոնք ինձ ընդամենը օգնել են արխիվային նյութեր ձեռք բերելու մեջ: Բայց վստահեցնում եմ, որ պատվեր չի եղել, քանի որ այն ցանկացել եմ նկարահանել դեռ 2004 թ-ից:

PrevPhoto
NextPhoto

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031