Լրահոս
Օրվա լրահոսը

Շան դեմ բողոք կար. կենդանուն գնդակահարեցին երեխաների աչքի առջև

Հունվար 20,2013 16:28

Երեկ Գյումրու Անի թաղամասի Արամ Խաչատրյան   31 շենքի բնակիչները ժամը 13.00-ի սահմաններում ականատես եղան մի զարհուրելի պատմության. Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցը օրը ցերեկով բակի երեխաների ներկայությամբ  կրակեց թափառող  շներից մեկին, որի աղիողորմ լացից և դուրս թափվեցին  հարակից շենքերի բնակիչները: Շունը չսատկեց մեկանգամյա կրակոցից, այլ  փախչելով մտավ մուտք` օգնություն խնդրելով բնակիչներից: Որսորդը  ստիպված եղավ նրան սատկացնել  հենց մուտքի մոտ: Իսկ երբ բնակիչները, ազդված այս տեսարանից,   այսպես ասած «պատիվ» պահանջեցին  որսորդից, վերջինս պարզաբանեց. «Ես քաղաքապետարանի աշխատող եմ, այս շան դեմ բողոք կար, երեխայի էր կծել, առավոտից հետապնդում էինք, մի կերպ կարողացանք հենց այստեղ խփել»: Շան արյունը դեռ չի չորացել մուտքի աստիճաններին, կենդանու լացն էլ դեռ բնակիչների ականջներում է:

Այսօր Aravot.am-ը «Բիոսոֆիա»  բնապահանական հ/կ-ի ղեկավար, մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Պետրոսյանին հարցրեց,  թե ի՞նչ կարելի է անել թափառող շների հետ, որպեսզի մարդիկ, առավել ևս երեխաները ականատես չլինեն նման դաժան պատմության: «2006 թվականից հսկա ուսումնասիրություններ ենք կատարել, բայց ցավոք,  մեր առաջարկները մինչև օրս լսող չկա: Ցավոք , թափառող կենդանիների  հարցը չի կարգավորվում  ոչ տեղական օրենքներով, և ոչ էլ կենդանիների մասին օրենքով: Մենք չենք առաջարկում կենդանիների ամորձացում, դիմել ենք տարբեր կառույցների, բայց բոլոր տեղերում պատասխանը նույնն  է`   սոցիալ-տնտեսական  այս պայմաններում  մենք չենք կարող  մարդկանց  հարցերը լուծել, ի՞նչ կենդանի, դուք էլ շներին եք  առել անցել: Անխտիր բոլոր կառույցների մոտեցումը սա է, առավել ևս անիմաստ է եղել տեղական իշխանություններին հասկացնելը: Չեն մտածում, որ սա ազդում է մարդկանց հոգեբանության վրա, միջավայրի սանիտարական վիճակի: Դրսերում մեր մշակույթն ենք  քարոզում, ասում ենք լավ մշակույթ ունեցող երկիր ենք, բայց երբ արտասահմանցիներըը գալիս  են մեր քաղաք, ասում են` սա՞ է ձեր մշակույթը` թափառող շներով: Լուրջ մեխանիզմ է պետք», – ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա,  ինքը ժամանակին  այս հարցով հանդիպել է նաև Վարդան Ղուկասյանի հետ, սակայն իր առաջարկները հաշվի չեն առել: «Ես ուսումնասիրել եմ  շների պոպուլյացիան, հաշվել եմ քանի  շուն կա քաղաքում, քաղաքի որ տարածքում` ինչքան: 2008 թվականի տվյալներով,  թափառող շները Գյումրում 4-5 հազարի են հասել,  սակայն աստիճանաբար պակասել են, և դա ունի մի քանի պատճառներ: Նախ աղբահանության վիճակն է  փոքր-ինչ բարելավվել, աղբարկղների  մոտ հավաքվող շները բնականաբար այլևս չեն հավաքվում այնտեղ, տնակային թաղամասերն են պակասել, շները միշտ իրենց համարավետ  ապաստան էին գտնում  դոմիկների տակ, մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման պատճառով ուտելիքի  մնացորդների մեջ քչացել է միսը: Բացի այդ,  սննդի օբյեկտների քանակն է քչացել, ճաշարանների, ռեստորանների, իսկ շները հավաքվում էին այստեղ, գործարանների տարածքներն են քչացել, որպես կանոն, այդ տարածքներում միշտ շներ էին պահում:

Շատ գործոններ կարելի է թվարկել, եթե ներկայացնեմ իմ առաջարկները, թե ինչ կարելի է անել, դա ևս շատ երկար կլինի, պարզապես կասեմ, որ այսպիսի գործելաոճով  դաժան սերունդ ենք մեծացնում, ի՞նչ է սովորում երեխան, որ շներին պետք է օրը ցերեկով կրակե՞լ: Այն,  ինչ անում է շունը, շատ ավելի բնական է, քան մարդու արածը,  կենդանին ասենք կծում է բնազդով, իսկ  մարդը գիտակցակաբար է ոչնչացնում նրան: Ահա թե ինչու  է մեծացող սերունդը այսքան դաժան, ահա թե ինչու ենք մեկս մյուսիս  դեմ այսքան չարացած», -ասում է մասնագետը:

Նա մի օրինակ բերեց Ադոլֆ Հիտլերի պրակտիկայից: «Գերմանիայում Հիտլերը ամեն մի զինվորի առանձին սենյակ է հատկացրել ու նրանց  գերմանական աֆչարկաների ձագեր  տվել, զինվորները  պահել են կենդանուն, քնել, արթնացել են կենդանու հետ, կերակրել նրան, մի խոքով երկու տարվա մեջ շատ են  կապվել շան հետ: Այնուհետ Հիտլերի կողմից  հրահանգն է իջեցվել`  սպանել իր իսկ  պահած կենդանուն, ով կարողանում էր սպանել, ուրեմն  Հիտլերին պիտանի զինվոր էր, պատրաստ էր կատարել նրա հանձնարարությունները, ով չէր կարողանում, ուրեմն չէր կարող ծառայել գերմանական բանակում: Հիմա մենք Հիտլերից  ինչո՞վ ենք տարբերվում»,- հարցրեց Գևորգ Պետրոսյանը:

Նա նաև ասաց, որ պատրաստ է այս լուրջ խնդիրը քննարկել Գյումրու  նորընտիր իշխանությունների հետ ու նման դաժան տեսարաններից խուսափելու համար  իր մոտեցումները փոխանցել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031