Մարքեթինգով զբաղվող «Բրեինդ» ընկերությունը մշակել է ՀՀ դրոշի նոր դիզայն, որը հանձնել է հանրության դատին: Այն բուռն քննարկման թեմա է դարձել ինչպես համացանցում, այնպես էլ առօրյայում:
«Անթույլատրելի եմ համարում Հայաստանի պետական դրոշը փոխելու մասին քննարկումները: Մեր Եռագույնը սազական է և մեր պետականությանը, և մեր պետությանը», – կարծում է Մենուա Հարությունյանը
Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ գրել է. «Եկեք երկիրն էլ փոխենք, թե չէ ընկել են դրոշի ու օրհներգի հետևից»:
Հաղորդավար Էրիկ Անթառանյանի խոսքերում էլ ակնհայտ զայրույթ կա. «Տեսնես` էդ փոխողներից մեկը գոնե մի անգամ եռագույնը ստադիոնում ծածանելու բերկրանք զգացե՞լ ա կամ Վրաստանում երթևեկելիս պատուհանից հանելու ու հետեվիցդ ընթացող ադրբեջանական մեքենայի «քթին» հպարտությամբ պարզելու գոռոզությունն ապրել ա … կամ.. ամենակարեւորը Շուշին ազատագրած մեր տղերքից գոնե մեկին մեկ անգամ շնորհակալ հայացքով նայել ա, որ փոխում ա… գնա ուղեղդ փոխի, քեզ փոխի, առավոտ մի հայելու մեջ լավ նայի ու վազի պատուհանից դուրս նայելու` հո՞ Արարատը թարս չի կանգնած, թե չէ Սարդարապատում թուրք փախցրած դրոշը փոխելով մի օր էլ հանգիստ կնոջդ ու մորդ կփոխես…»
Այս բոլոր կարծիքներից զատ, Էդգար Բարսեղյանն ունի իրենը, նա կարծում է, որ կարմիր կապույտ ծիրանագույնը շատ թույլ է արտահայտում հայ ազգի ով լինելը, ըստ նրա այդ համադրությունը անդեմ է ու անհամ. «Գիտեմ, որ ժամանակը չէ, գիտեմ, որ լուրջ բաները թողած, օրհներգ ու դրոշ են մարդիկ քննարկում… Բայց մյուս կողմից էլ՝ ողջունելի է, որ կան մարդիկ, ովքեր չեն զլանում, նստում են իրանց պատկերացրածը իրականացնում են ու հանձնում ժողովրդի դատին։ Կարող է դուր գալ, կարող է դուր չգալ, մի բան գիտեմ հաստատ. ոչ օրհներգը, ոչ էլ դրոշը հավերժական արժեքներ չեն, որոնց չի կարելի մատով կպչել, քննարկել, քննադատել ու փոփոխություններ առաջարկել։ Անձամբ ես կողմ եմ երկուսի փոփոխությանն էլ։ Դրոշը միայն գաղափար չէ. դրա արտաքին տեսքը պայմանավորում է պետության ամեն մի դետալ՝ մանրից սկսած, մեծով վերջացրած…», – գրել է նա:
Տիգրանուհի Թասլակյան