«Մենք միշտ պայքարելու ենք գիտության ֆինանսավորման ավելացման համար: Պատահական չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում ներառված է գիտության հանդեպ իր եւ մեր վերաբերմունքը»,- «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները գիտության ֆինանսավորման մասին, այսպիսի տեսակետ հայտնեց:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկ են արել, որ գիտությանը տրամադրվող գումարները բարձրացվեն եւ այլ մեխանիզմներ մշակեն՝ գիտության ֆինանսավորումն ապահովելու համար: Թեւան Պողոսյանի խոսքերով՝ «Մեր նպատակն է լինելու կամաց-կամաց հասել զարգացած երկրների շրջանակին, որը, մոտավորապես ՀՆԱ-ի 3-4% է լինելու, քանի որ գիտելիքահեն տնտեսություն ենք ուզում ստեղծել: Մենք համարում ենք, որ մեր լավագույն «նավթը» մեր գիտնականներն են ու մեր միտքն է: Այսօրվա պայմաններում Հայաստանը նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականներով աշխարհում գիտության մակարդակով ամենաբարձր տեղերում է, բայց կոմերցիզացիան է հետ: Պետք է աշխատենք, որ կարողանանք ինչ-որ չափով այդ խնդիրներն էլ բարձրացնենք, այնպես լինի, որ գիտությունը ոչ թե միայն ինքն իրեն ֆինանսավորի, այլ մեր տնտեսական ներուժը: Դա ՛եւ ներդրումներն են, ե՛ւ ճիշտ ֆինանսավորումը, ե՛ւ բոլոր ուղղություների զարգացումը: Որ ոչ միայն միտք արտահանենք, այլ փորձենք շատ գյուտեր ու նորություները Հայաստանում իրագործենք, եւ արդեն գյուտը եւ իրագործած նորութունը կարողանանք արտահանենք»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում՝ նորմալ դաշտ ստեղծելը՝ գիտության զարգացման համար, ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անել, որ ապահովվի գիտական արդյունքի կիրառելիությունը՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ նախ շատ ժամանակ դա գալիս է լաբորատորիաների բացակայությունից. «Պետք է ներդնել նոր, ժամանակակից լաբորատորիաներ: Այստեղ պետության դերը կարող է շատ մեծ լինել: Պետությունը պետք է կարողանա համալսարաններին կից, գիտական ինստիտուտներին կից, վերլուծական -գիտահետազոտական ինստիտուտներին կից համապատասխան լաբորատոր հնարավորություններ, համապատասխան դաշտ, այսպես ասած «սիլիկոնային» տարածքներ ստեղծի, որտեղ գիտնականները կարողանան գնալ եւ իրենց գյուտերը փորձեն: Ի վերջո մենք պետք է նայենք, թե ինչպես է զարգացել տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտը, երբ ինչ-որ չափով ձեւավորվեց մի դաշտ, որտեղ նույնիսկ արտասահմանից մարդիկ սկսեցին գալ, այստեղ աշխատել: Հիմա ունենք մի երեւույթ, որտեղ մեր լավագույն ծրագրավորողները մի քանի տարի աշխատելուց հետո, չնայած կարող են մնալ Հայաստանում, որովհետեւ իրենց «պրոդուկտը» էլեկտրոնային է, իրենք կարող են դա նաեւ ծրագրային իմաստով էլեկտրոնային շրջանակներում իրացնել, բայց նախընտրում են հեռանալ Հայաստանից, որովհետեւ գնում են ավելի լավ լաբորատոր պայմաններով են աշխատում, ավելի լավ սեղանների եւ տեխնիկական հնարավորություների կողքն են նստում եւ կարողանում են անել ավելին: Այս պայմաններում գոնե պետությունը կարող է այնպիսի հարկային դաշտ ձեւավորել կամ այնպիսի ներդրումներ խրախուսել, որ այլ տեսակի խնդիրներ զարգանան, մարդիկ էլ ոչ թե գնային, այլ մնային, այստեղ աշխատեին: Հայաստանում ե՛ւ քիմիայի ոլորտն է ուժեղ եղել, ե՛ւ ֆիզիկայի, ատոմային ֆիզիկայի: Հասկանալի է, որ մեկ օրվա մեջ Հայաստանը չի կարող դառնալ արդյունաբերական հսկա երկիր, բայց քայլեր պետք է ձեռնարկել, որովհետեւ գիտությունը իսկապես կարող է դառնալ այն դաշտերից մեկը, որ ապահովի տնտեսության համար մեծ ներհոսք՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ ճիշտ միտք վաճառելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ