Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը քաղաքացիական նախաձեռնությունների հետ որեւէ բան չի պայմանավորվել

Հունվար 20,2013 10:10

Մինչ նախընտրական քարոզչությունը սկսելը նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ: Aravot.am-ը «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ  Ծովինար Նազարյանից, որը նույնպես մասնակցել է այդ հանդիպմանը, հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչ են քննարկել եւ ինչ են պայմանավորվել Հրանտ Բագրատյանի հետ: Ծովինար Նազարյանը վստահեցրեց, որ որեւէ պայմանավորվածության մասին խոսք չկա. «Հանդիպել ենք Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում, մոտ 12-15 հոգի էինք՝ տարբեր նախաձեռնություններից: Բագրատյանը ընդհանուր գծերով ներկայացրեց իր ծրագիրն ու նպատակները: Ակտիվիստները իրենց ոլորտին վերաբերող հարցեր տվեցին, որոնց առնչությամբ Բագրատյանը ներկայացրեց իր մոտեցումները եւ լուծման եղանակները: Կարող եմ ասել, որ պարոն Բագրատյանը բավականաչափ ծանոթ էր խնդիրներին, եւ մենք ավելի քիչ ենք խոսել, ավելի շատ լսել»:

Մեր հարցին՝ այսինքն ինչ-որ նոր առաջարկ չի եղել ՝ Ծովինար Նազարյանը պատասխանեց. «Չէ, սա ընդամենը փոխադարձ ծանոթության հանդիպում էր, տեղեկացանք իր մոտեցումների մասին: Թեեւ ասեմ, որ զինված ուժերի մասին՝ Բագրատյանի մոտեցումներին ծանոթ էինք դեռ խորհրդարանական ընտրություններից, որովհետեւ նա միակն էր բոլոր քաղաքական ուժերի մեջ, որ հանգամանալից պատասխանել էր բանակի բարեփոխման մասին հարցերին»: Խոսքը «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հարցման մասին է, որն ուղղվել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, եւ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի կողմից պատասխանել էր, թե  ինչպիսի կառուցվածք եւ կազմ պետք է ունենան Զինված ուժերը, ի՞նչ  կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար եւ այլն:

Մենք զրուցեցինք նաեւ Հրանտ Բագրատյանի հետ նույն հանդիպմանը մասնակցած «Թեղուտի պաշտպանություն» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Գրիգորյանի հետ: Նա նույնպես վստահեցրեց, որ որեւէ բան չեն պայմանավորվել Հրանտ Բագրատյանի հետ. «Եղել է հարց ու պատասխան, կարծիքների փոխանակում: Ուղղակի քննարկումներ են եղել: Թեղուտի համատեքստում քննարկվել են հանքարդյունաբերության հարկման, դրանում առկա ստվերի, էկոլոգիական հիմնախնդիրների մասին: Եղել են նաև այլ հարցեր՝ ընտրությունների ու տնտեսական ընդհանուր խնդիրների հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031