Հիմա այս ընտրություններին մարդիկ ՀՀԿ-ից ընտրակաշառքի չսպասե՞ն: Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Ուզում եք ասել՝ նախկինում սպասո՞ւմ էին: Ես ինչքան գիտեմ՝ չէ, ընտրակաշառք չի լինելու»:
Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ երբեւէ չի էլ եղել ընտրակաշառք, եւ դա հաստատելու համար ասաց. «Ես ունեմ հարազատներ, դե, բնականաբար, հո որեւէ մեկը իմ ընտանիքին չէ՞ր բերի ընտրակաշառք տար, բայց հարազատներ ունեմ՝ քույր, եղբայր, փեսա: Նրանցից ոչ մեկը չի ստացել: Ես պիտի ասեմ, որ սրանից հետո եթե բաժանելու լինեն, իմ բարեկամներին էլ հաշվի առնեն»,- ասաց պարոն Մինասյանը եւ ավելացրեց, որ դա հումոր է:
«Ես ընդհանրապես կյանքումս, երդվում եմ ձեզ ամեն սրբությամբ, ոչ մի նման բան ոչ տեսել եմ, ոչ էլ արել եմ»,- ընտրակաշառք բաժանելու հետ կապված մեր հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը:
Հարցին՝ ձեր հարազատները, բարեկամները, ընկերները, հարեւանները, նրա՞նք էլ չեն տեսել՝ նա պատասխանեց. «Եթե իմ հարազատները կամ իմ հարեւանները պիտի ընտրակաշառքով գնան ընտրության, ուրեմն նույն օրը ես նրանց բոլորից կհրաժարվեմ: Իմ ամբողջ ազգուտակը այսօրվա չի: Նվիրյալներ են: Իմ բարեկամների մեջ կան Հանրապետականներ, ուրիշ կուսակցության անդամներ: Բայց եթե ընտրակաշառք մեր ընտանիքում ու իմ ազգ ու տակում ասեք, ձեզ շատ փիս կվիրավորեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ