«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի երկու օրից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մեր երկրի տնտեսության հիմքը գիտությունն է, Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ առաջարկ ունի գիտության ֆինանսավորման ավելացման հետ կապված եւ ինչպե՞ս, ի՞նչ քայլերով է պատրաստվում նախագահ դառնալու դեպքում զարկ տալ գիտությանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր ծրագրային դրույթներում կան գիտության հետ կապված շատ մանրամասն մոտեցումներ. «Կարող եմ զուտ ուրվագծային ասել, որ առաջին տարվա ընթացքում պետական բյուջեն յուղազերծելով, ճարպազերծելով, նախագահական պահպանման ծախսերից սկսելով կրճատել, ատկատների բացառմամբ, վերը բերելով բյուջետային դաշտ, կարելի է նախագահության միայն առաջին տարվա ընթացքում այնպես անել, որ կենսաթոշակների, ինչպես նաեւ գիտության եւ կրթության, առողջապահության եւ սպառազինությունների ձեռք բերման ֆինանսավորումն ավելացնել 50 տոկոսով: Սա ես խոստանում եմ անել՝ միայն իմ նախագահության առաջին տարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ