Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է: Լառոշֆուկո
«Սիրային կինո, քաղցրավենիք ու մի ամբողջ գիշեր զրույց սիրած տղաների մասին»: Շատ աղջիկներ այսպես են բնորոշում իրենց ընկերուհիների հետ անցկացրած ժամանակը:Աղջիկների համար երջանկություն է միասին հավաքվելն ու մի լավ բամբասելը: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե ինչպես են աղջիկներն անցկացնում իրենց ժամանցը ընկերուհիների հետ: 21-ամյա Լիանան պատմում է. «Սկզբում սուրճ ենք խմում, զրուցում դեսից -դենից, հետո ինչ-որ խաղ ենք կազմակերպում՝ երբեմն թղթախաղ` գումարի դիմաց: Փորձում ենք էնպես անել, որ տանը այլ մարդ չլինի»:
Շատ աղջիկներ խոստովանում են, որ իրենց խոսակցության թեմաների մեջ մտնում են կրթությունը, նորաձևությունը, այլոց մասին զրույցները, սերը, սեռական հարաբերությունները և այլն: Պատահում է նաև, որ ընկերուհիներով խմորեղեն են թխում, երգում, պարում, իսկ երեկոն միասին անցկացնելու դեպքում հայտարարում «անկեղծության երեկո», որի ընթացքում կիսվում են իրենց նախկին և այժմյան տպավորությունները, թեկուզ և հազարերորդ անգամ: Ընկերուհիներով հաճելի ժամանց անցկացնում են ինչպես տանը, այնպես էլ թատրոններում, սրճարաններում և այլն: «Երբ բոլորս միասին ենք, սիրում ենք խելահեղ բաներ անել: Օրինակ՝ մի անգամ մեր ընկերուհուն խաբելով նստեցրիք այնպիսի կառուսել, որից ինքը խուսափում էր. նա այնքան էր սարսափել, նրա ճչոցը մինչ հիմա լսում ենք»,-ասում է 17-ամյա Լիլիթը:
Կարծիք կա, որ աղջիկները որպես ընկերուհիներ, ընտրում են իրենց բնավորությանը շատ նման մեկին: «Քիչ է պատահում, որ առաքինի աղջիկը շփվի անբարոյականի հետ: Սակայն լինում է, որ ծանրակշիռ օրիորդը մտերմություն է անում թերևամիտ աղջկա հետ. նրանք լրացնում են իրար և կարող են ավելի լավ հասկանալ միմյանց մտքերը, հույզերը քան նրանք, ովքեր դիմացինի մեջ տեսնում են իրենց: Այդ պակասը որոշ չափով լրացնելով՝ նրանք չեն ձանձրանում»,-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանը: Հարցին, թե որ ընկերական զույգն է ավելի համապատասխան, հոգեբանը պատասխանում է . «Նա, որ տեսնում է ընկերուհու թերությունները և բարձրաձայնում է, ով համբերատար լսում է նրա դժգոհությունները, պրոբլեմները և ոչ թե ընդհատում խոսակցությունը՝ գերադասելով խոսել իր «ես»-ի մասին»: Նա նաև հավելում է. «Այսպիսի խոսք կա, լավագույն ընկերուհին նա չէ, ով ստիպում է քեզ ժպտալ, այլ նա, ով ստիպում է լաց լինել: Լավագույն ընկերուհիները իրարից չեն ամաչում, սնափառ չեն, կարող են վիճել, սակայն հիմնականում հաշտեցումը ինքնըստինքյան է լինում՝ երբ ընդհանուր լեզու են գտնում: Սովորաբար այդ մասին ոչ մեկ կամ էլ շատ քչերն են իմանում»,-ասում է նա:
Գաղտնիք չէ, որ շատ տղաներ կասկածում են աղջիկների իրական ընկերությանը ՝ասելով, որ նրանք իրար նախանձում են, պատրաստ են մի տղայի համար հավերժ թշնամիներ լինել, այնինչ տղաները շարժվում են իրենց «օրենքներով» և երբեք չեն վտանգում իրենց ընկերությունը: Աննա և Մարինե ընկերուհիները հերքում են նման «տրածված կարծիքը» : «Մենք երկուսս սիրահարվել էինք նույն տղային, սակայն մազեր պոկելու փոխարեն այլ բան մտածեցինք՝ կիսել նրան: Այսպես, քանի որ մեր սերը սոսկ պլատոնական էր, և մենք էլ 15 տարեկան էինք, որոշեցինք, որ մի օր մեկս պետք է զրուցելու փորձեր անել նրա հետ, մյուս օրը՝ մյուսը,-պատմում է Աննան, իսկ Մարինեն հավելում է,- մենք ոչ միայն չէինք նախանձում իրար, այլև ավելի ուրախ էինք, որովհետև մրցակիցներ չունեինք, իսկ երուսս լավ ճանաչում էինք միմյանց»: Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ այդպես հնարավոր չէ, ընկերուհիները որոշում են այլևս «չհետապնդել» տղային, սակայն ուրիշի սիրահարվելու դեպքում «կանխել մյուսի հակումները»:
Ընկերություն անում են ոչ միայն «սովորական մահկանացուները», այլև հայտնիները, օրինակ՝ Պենելոպա Կրուսը և Սալմա Հայեքը: Մի ժամանակ մամուլը տարածում էր այն կարծիքը, որ աղջիկները լեսբուհիներ են, այնինչ նրանք պարզապես մոտ ընկերուհիներ են, ովքեր ունեն ընդհանուր նախասիրությունները, մտահոգությունները: Երկուսն էլ իրենց արտաքինով չեն զիջում միմյանց: Միակ տարբերությունը սակայն կրոնի մեջ է: Սալմա Հայեք կաթոլիկ է, իսկ Պենելոպա Կրուսը ՝ բուդդիստուհի:
Նազենի Բաղդասարյան