Հունվարի 17-ին Տավուշի մարզի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իջեւանի «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատյանը ներկայացրեց ակումբի կատարած աշխատանքները եւ առկա խնդիրները: 2012թ ակումբը ներկայացնող 3 թիմեր, տարիքային տարբեր խմբերում, մասնակցել են Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը: Ակումբը 2011 եւ 2012 թվականներին կազմակերպել է ֆուտբոլի եւ ֆուտզալի մարզային եւ Իջեւանի տարածաշրջանային մրցաշարեր:
Ամենամեծ խնդիրները ֆուտբոլի մասնագետ մարզիչներ, ֆինանսավորման կայուն աղբյուրներ եւ սեփական խաղադաշտ չունենալն է: Ակումբի երիտասարդ 2 մարզիչները մասնագիտական կրթություն չունեն: Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ Իջեանում ամենաերիտասարդ մարզիչը, ով ունի ֆուտբոլի մասնագետի որակավորում, Նիկոլ Փաշինյանի հայրն է՝ Վովա Փաշինյանը: Վերջինս 2000 թվականին եղել է «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբի հիմնադիրներից:
2012թ. Իջեւանի քաղաքապետարանը եւ քաղաքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանը «ՆիկԱրմի» մանկապատանեկան թիմերին օգնել են 1 միլիոն 200 հազար դրամի չափով, սակայն այդ գումարը բավարար չէ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Ակումբի թիմերը մրցակիցներին ընդունում են Իջեւան քաղաքից 18 կմ հեռավորությամբ գտնվող Աչաջուր գյուղի խաղադաշտում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ