Շոուբիզնեսյան նորություններն այս շաբաթ ավելին էին, քան պարզապես նորությունները:
Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն Ամանորն անցկացրել են Մեծ Բրիտանիայում` մեկ շաբաթ մնալով մառախլապատ Ալբիոնում: Bravo.am-ի հետ զրույցում Անահիտ Սիմոնյանը կիսվել է իր ճամփորդական տպավորություններով ու նշել, որ այս Նոր տարին տարբերվել է նախորդներից. «Լոնդոնի ճարտարապետությունը, շենքերի դիզայնը, արձանները, ամանորյա շատ գեղեցիկ ձեւավորումը, բարեհամբույր մարդիկ ստիպում են, որ նորից վերադառնաս: Ասում են` բրիտանացիները սառն են, քանի որ ես էլ եմ իմ բնույթով այդպիսին, այնտեղ ինձ հարմարավետ էի զգում: Ամեն ինչ գեղեցիկ էր ու յուրօրինակ, միայն մեր տղան էր պակասում», – նշել է նա:
Ի տարբերություն Անահիտի և Հայկոի՝ Արտակ Վարդանյանը Հայաստանից մեկնել է Ամանորից հետո միայն: Ամանորի գիշերն ու դրան հաջորդած երեք օրերին Արտակը կորպորատիվ միջոցառումներ է վարել, մինչ հունվարի 6-ը տոնն ընտանիքի հետ անցկացրել, իսկ Սուրբ Ծննդի օրը մեկնել է Դուբայ, այս մասին գրել է esyes.am-ը, որին հաղորդավարը պատմել է նաև, որ այնտեղ երկու հարազատ ընկերների` Իրինայի և Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրանի հետ է: «Աննկարագրելի ուրախ ժամանակ ենք անցկացնում, քանի որ Հայաստանում շատ ցուրտ էր, որոշեցինք 15 օրով փախչել»,- ասել է Արտակն ու հավելել, որ արդեն հասցրել են նոր ընկերներ ձեռք բերել:
Մինչ մյուսները շտապել են մեկնել երկրից՝ այստեղ փոփոխություններ են եղել հանրային դեմքերի անձնական կյանքում.
«Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, վստահաբար, հայ ամենացանկալի փեսացուներից մեկն է, որի բազմաթիվ երկրպագուհիները եւ ոչ միայն հետաքրքրվում են նաեւ նրա անձնական կյանքով, իսկ ավելի հստակ` հավանական նշանադրության մասին լուրով», – այս մասին գրել է Bravo.am-ն ու վստահեցրել, որ անվանի մարզիկն արդեն որոշ ժամանակ հանդիպում է Լուսինե անունով մի աղջկա հետ, ով Ազգային ժողովի նախկին աշխատակից է եւ ում հայրը նախկինում Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից է: Ի դեպ, ըստ Bravo.am-ի աղբյուրի՝ Արթուրի եւ Լուսինեի ընտանիքները վաղուց են մտերիմ:
Արթուր Աբրահամը դեռ նոր է պատրաստվում նշանադրվել, իսկ մի քանի երգիչներ արդեն ցնծում են հայրանալու առթիվ:
Երգիչ Դավիթ Մինասյան հայր է դարձել: Երեխան լույս աշխարհ է եկել հունվարի 3-ին: Այդ օրերին ներգիչը համերգներով Ռուսաստանում է եղել: Նա համերգի է եղել, երբ իմացել է դստեր ծննդյան մասին: Նորաթուխ հայրիկը փոքրիկին տեսնելու հնարավորություն միայն Skype-ով է ունեցել, այս մասին գրել է esyes.am-ը:
Հայր դառնալու պատվին է արժանացել նաև Մայքլ Քոթանջյանը: Սա երգչի առաջին երեխան է։ Դստերը ծնողներն անվանել են Լիկա։ «Ես միշտ էլ սիրել եմ այս անունը։ Երեխայի ծնվելուն մոտ ինտերնետում այդ անվան բնութագիրը նայեցինք։ Պարզվեց, որ այդ անունը կրողները հմայիչ ու դիվանագետ բնույթ ունեն։ Դա ինձ վերջնականապես կաշառեց»- պատմել է երգիչը News.am Style-ին:
Շաբաթը հագեցած էր նաև տեսահոլովակների առումով. չորս տեսահոլովակ մեկ շաբաթվա ընթացքում: Դրանք են՝ Սիլվա Հակոբյան ևMic «Dont Apologize», Արսեն Գրիգորյան «Երանի», Անգելինա Գասպարյան «My name isk Angel» և Էլլա Տարունց «Բայց դու»:
Տիգրանուհի Թասլակյան