2012թ. նոյեմբերի սկզբներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կիրանցի անտառպետության անտառամասից, առանց համապատասխան թույլտվության, 366 750 դրամ սակագնային արժեքով 7 հատ լորենի տեսակի թաց, կանգուն ծառեր հատելու, ընդհանուրը 1 010 250 դրամի նյութական վնաս պատճառելու և սուտ մատնության համար է մեղադրվում Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի բնակիչ Սասուն Մելիքյանը: Ինչպես պարզվել է քննությամբ, Ս. Մելիքյանը 17.11.2012թ. ոստիկանության Իջևանի բաժնում տվել է կեղծ տեղեկություն, թե իբր վերոհիշյալ ծառերից ստացված գերանափայտերը անտառից դուրս բերելու համար անտառապետ Կարեն Փարսադանյանին, վերջինիս պահանջով, տվել է 80000 դրամ: Ս. Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ և 333-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:
Նույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաև Աճարկուտի բնակիչ Վարդգես Ռևազյանին, ով ըստ մեղադրական եզրակացության, 2012թ. նոյեմբերի սկզբներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գետաշենի անտառպետության անտառամասից, առանց համապատասխան թույլտվության, հատել է տարբեր տեսակի թաց, կանգուն ծառեր, որի նյութական արժեքն ընդհանուր առմամբ գնահատվել է 1.100.250 հազար դրամ:
Այս քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև գնորդը՝ Աճարկուտի բնակիչ Վարդան Օհանյանին՝ 2012թ. նոյեմբերի սկզբներին Սասուն Մելիքյանից և Վարդգես Ռևազյանից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, առանց համապատասխան փաստաթղթերի, լորի և հացի տեսակների գերանափայտեր գնելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Մեկ այլ քրեական գործով, ապօրինի անտառահատում է գրանցվել նաև Իջևանի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառամասից։ Նախաքննական մարմինը պարզել է, որ Գետահովիտ գյուղի բնակիչ Վիգեն Այդինյանը 2012թ. հոկտեմբերի կեսերին Իջևանի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառամասից, առանց համապատասխան թույլտվության, հատել է զգալի չափերի` 232 500 դրամ սակագնային արժեքով, թվով 3 հատ հաճարենի տեսակի թաց, կանգուն ծառեր` պատճառելով ընդհանուրը 697 500 ՀՀ դրամի նյութական վնաս։ Վ.Այդինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։