Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողի հակասական ցուցմունքներով 7 տարվա ազատազրկման դատապարտված վանաձորցին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

Հունվար 19,2013 16:39

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ուրիշի գույքին տիրանալու նպատակով ավազակություն կատարելու համար 7 տարվա ազատազրկման դատապարտված վանաձորցի Վարդան Դումանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանի   (լուսանկարում) բողոքը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վարդան Դումանյանը  մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում է  կատարել  քանդակագործ Գերասիմ Թումանյանի վրա,  նրանից հափշտակել զգալի չափերով գումար  եւ  թողնելով ուշագնաց վիճակում՝ մյուս  անձանց հետ հեռացել բնակարանից:

Սակայն մինչ օրս ոչ հանցակիցներն են հայտնաբերվել, ոչ էլ  պարզվել է նրանց ինքնությունը:

Առաջին ատյանի կայացրած վճռի դեմ նա անցած տարվա հոկտեմբերին նաեւ հացադուլ էր հայտարարել:

«Ավազակային հարձակում, առավել եւս՝ ուրիշի գույքին տիրանալու փաստ տեղի չի ունեցել, քանի որ Գերասիմ Թումանյանն է անձամբ ինձ հրավիրել իր տուն՝ միասին խմելու նպատակով: Գերասիմ Թումանյանն իմանալով, որ չեմ աշխատում, ինքն է ստիպողաբար ինձ գումար տվել»,- ցուցմունք է տվել Վարդան Դումանյանը:

Վարդան Դումանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը  մեզ հետ զրույցում ասում է, որ դատարանները ակնհայտորեն կայացրել են ապօրինի դատական ակտեր:

Ըստ նրա` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության ընթացքում թույլ են տրվել նյութական եւ դատավարական իրավունքի այնպիսի ակնհայտ ու կոպիտ խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի հավասարակշռությունը:

«Թեկուզ մեկ  անուղղակի ապացույց չկա, որով հաստատվի, որ իմ պաշտպանյալը կատարել է նման արարք: Ենթադրությունների, տուժողի հակասական ցուցմունքների հիման վրա մարդուն դատապարտել են  ազատազրկման»:

Գ. Թումանյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել այն մասին, որ Վ. Դումանյանը դեպքի օրը կանչել է նաեւ եւս երկու անձանց: Հետագայում, սակայն, փոխելով իր նախկինում տված ցուցմունքը, պնդել էր, որ  չի կարող ասել` Վարդանն է այդ անձանց հրավիրել, թե ոչ, բայց ենթադրում է, որ նա է կանչել:

Նա նշում է, որ 2012 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 17.00-ին, դեպքից շուրջ 15 ժամ անց Գերասիմ Թումանյանը ոստիկանության Վանաձոր բաժնում հաղորդում է տվել հետևյալ բովանդակությամբ. «2011 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 02-ի սահմաններում տուն վերադարձա նույն օրը ծանոթացած Վարդան անունով մի տղայի հետ, որից 30 րոպե անց Վարդանի կանչելով իմ տուն մտան 2 անհայտ անձինք, որից հետո նրանք սկզբից ձեռքով, այնուհետև իմ կարծիքով տարբեր առարկաներով հարվածներ հասցրին հիմնականում գլխիս այնուհետև մարմնիս տարբեր մասերին, որի ընթացքում, եթե չեմ սխալվում Վարդանը գրպանիցս հանեց ինձ մոտ գտնվող 5000 ռուբլին 57000 ՀՀ դրամը և 50 դոլարը, որից հետո ուշագնաց եմ եղել և ուշքի եմ եկել լուսաբացին»:

2012 թվականի դեկտեմբերի 15-ին, հաղորդում տալուց կարճ ժամանակ անց, ժամը 20.50-ին Գերասիմ Թումանյանը ցուցմունքներ է տվել նախաքննական մարմնին, այն մասին, որ 2011 թվականի դեկտեմբերի 14-ին ժամը 23.30-ի սահմաններում գնացել է իր հարևան Անդրանիկենց տուն, որտեղ ծանոթացել է Վարդանի հետ: Այդ պահին իր մոտ եղել է 57.000 դրամ, 50 ԱՄՆ դոլար և 5000 ՌԴ ռուբլի գումար: 5.000 ՀՀ դրամը տվել է Անդրանիկի տան անդամներից մեկին, օղի են բերել, մի քանի բաժակ խմել է, որից հետո Վարդանը իմանալով, որ ինքը քանդակագործ է, ցանկություն է հայտնել ծանոթանալ իր աշխատանքներին և միասին ժամը 24.00-ի սահմաններում գնացել են իր տուն, որտեղ նա դաշնամուր է նվագել, ծխել են, ինքը հարբած է եղել և մանրամասները չի հիշում: Այնուհետև տեղափոխվել են խոհանոց, որտեղ մոտ 10 րոպե նստել են և այդ պահին 2 տղաներ են եկել իր տուն: Նրանց գալուց հետո Վարդանը կանգնել է, սկսել հարվածել իրեն: Լսել է, որ եկած 2 տղաներից մեկը ասել է՝ «գլխին խփի, թող ուշքը գնա»: Այդ պահին Վարդանը խփել է իր գլխին, որից հետո ինքն ուշագնաց է եղել: Որոշ ժամանակ անց ուշքի է եկել և տեսել, որ պառկած է հյուրասենյակում ու գլխի տակ բարձ կա, քայլել է դեպի խոհանոց, պառկել մահճաaկալին: Առավոտյան կանչել է իր ծանոթ բուժքույր Ալլային, պատմել է եղելությունը: Իր տուն եկած տղաներին չի հիշում, քանի որ հարբած է եղել: Դեպքի ժամերը և մանրամասները ևս չի հիշում: Առավոտյան պարզել է, որ իր մոտ եղած գումարը հափշտակվել է:

«Այսպիսով, իր ցուցմունքում Գերասիմ Թումանյանը գրեթե ամբողջությամբ հերքել  է մի քանի ժամ առաջ իր իսկ ձեռքով գրված տեղեկությունները: Մենք վստահ ենք, որ այդ երկու անձինք չկան: Տուժողը  սկզբում նշել էր, որ իրեն ծեծի են ենթարկել երեքով, հետագայում թե նախաքննական, թե դատաքննական ցուցմունքներով պնդեց, որ իբր թե երկուսը  կանգնած են եղել, միայն մեղադրյալն է  խփել իրեն»,-ասում է Գուրգեն Հարությունյանը:

Արդարության հասնելու ակնկալիքով էլ Գուրգեն Հարությունյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Անուշ Բուլղադարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031