Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ պիտի աներ «էս ժողովուրդը», որ չի արել…

Հունվար 19,2013 14:42

«…ժողովրդին չի կարելի էդքան դիմազրկել, չի կարելի ժողովրդից խլել լինելության նախաձեռնությունը, սեփական բարոյականությունից զուրկ համարել ժողովրդին եւ կանգնել նրա գլխին, որպես թե մարգարեի քո առաքելությամբ։ Ես էլ ասում եմ՝ եթե անբարոյական է, ինչո՞ւ չի կործանվել մինչեւ հիմա։ Հազար տարի, հարյուր հազար տարի մենակ է մնացել ինքը իր առաջ, ինչո՞ւ իրեն չի կերել չարիքի, քաղցկեղի պես։ Նշանակում է, որ իրեն ներդաշնակության մեջ է պահել տիեզերքի հետ…»։

Սա Հրանտ Մաթեւոսյանն է, կրկին ու միշտ ու ամեն դեպքի համար մեր ամենամեծը՝ Հրանտ Մաթեւոսյանը: Չէի հիշի, թեմային չէի անդրադառնա, եթե ամեն առիթով ու վերջերս հատկապես, ժողովրդին հայտնված նախագահացուները, նրանց կցված կամ կցվելու երազին տրված տարատեսակ վերլուծաբանները, փորձագետներն ու ամենագետներն իրենց ճառերում չասեին «էս ժողովուրդը», «էս հասարակությունը», «էս ժողովուրդը սրան ա արժանի», «էս հասարակությանն էս ա հասնում» ու նման դարակազմիկ հայտնագործումներ:

Ասում են ու երեւի իրենք էլ չեն նկատում, թե որքան անթաքույց է իրենց դեմքին «էս ժողովրդին» խորթ լինելը, «էս ժողովրդին» չսիրելը, էլ չեմ ասում՝ «էս ժողովրդին» ատելը: Ուզում էի ասել Հրանտ Մաթեւոսյան կարդացեք, Թումանյան կարդացեք, Չարենց կարդացեք, նույնիսկ եթե չեք հասկանում՝ կարդացեք, հազար անգամ կարդացեք, օրը մի քանի րոպե կարդացեք ու կարդացեք ընդհանրապես ու տեսեք, թե ինչ ակնածանքով, ինչ սրբազան վախվորածությամբ են «էս ժողովրդի» մասին խոսում:

Ես շատ փոքր մի խոսք մեջբերեցի, բայց կարդացեք, տողեր կան, էջեր կան, հատորներ կան: Մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ զրուցում էինք, հարցրեցի. ով է հայը, ասաց. «…տոկունն է, դիմացկունն է, ապրելու մեծ ջիղ ունեցողն է: Մենք պատահական չէ, որ եկել հասել ենք 21-րդ դար, մենք առաքելություն ունենք ու եթե կան այդ առաքելության գիտակցությունից փախչողներ, լավ օրից չէ: Դժվար օրից է եւ, ի վերջո, կյանքը չի կարող մեկ գույնից բաղկացած լինել…»:

Հիմա ուզում եմ հարցնել. իսկ ինչ պիտի աներ «էս ժողովուրդը», որ չի արել: Ինչ պիտի աներ «էս հասարակությունը», որ չի արել: Դարերի խորքը չգնալու համար, ավելի ծանոթ տեղերից սկսեմ: 88-ին «էս ժողովրդին» կանչեցին հրապարակ: Ղարաբաղի հարց կար, ազատության հարց կար, անկախության հարց կար ու «էս ժողովուրդը» եկավ, հարյուր հազարներով եկավ, իր կանխատեսելի ու քիչ թե շատ տանելի կյանքը, կենցաղը, ապրուստը թողեց, եկավ: Եկավ ու ամիսներով մնաց հրապարակում:

88-ի փետրվարի 26-ին համարյա ամբողջ Հայաստանը հրապարակում էր՝ տուն առ տուն եկել էին ու իրենց կառավարելու, իրենց առաջնորդելու իրավունքը տվեցին հրապարակի կուռքերին ու գնացին երկիր պահելու, երկիր ստեղծելու: «Էս ժողովուրդը» չզոհվե՞ց Ղարաբաղի համար, «էս ժողովուրդը» չէ՞ր, որ փլատակների տակից Գորբաչովին հարցնում էր Ղարաբաղի մասին, ինքը փլատակի տակ, իր քաղաքը ավերակ՝ հարցնում էր «Երեւանին հո բան չի՞ պատահել»:

Կրկին Հրանտ Մաթեւոսյանին եմ հիշելու, որ մեզ Չերչիլի խոսքը փոխանցեց. «…Չերչիլն ասում էր՝ ազնվականությունը իր արյունով Լամանշը կլերդացնի ու թշնամու ոտքը Բրիտանիա չի թողնի…»: Այդ մտավորականությունն էլ ունեցանք, փառք Աստծո: Լեոնիդ Ազգալդյանը չէ՞ր, Թաթուլ Կրպեյանը չէ՞ր, Վիտյա Այվազյանը չէ՞ր, Մոնթեն չէ՞ր, Չաուշը չէ՞ր, Եռաբլուրի տղերքը չէի՞ն, որ իրենց արյունով սահմանը լերդացրին ու թշնամու ոտքը չթողեցին Ղարաբաղ, չթողեցին Հայաստան: «Էս ժողովրդից» չէի՞ն, «էս հասարակությունից» չէի՞ն:

Մտավորական էին, ֆիզիկոս էին, մանկավարժ էին, պատմաբան էին: Ուզում էինք, որ Սիլվա Կապուտիկյանը զենքը ձեռքին գնա՞ր ռազմաճակատ: Այդպես չէր լինելու: Ամեն մարդ «էս ժողովրդից» իր գործն արեց՝ մեկը ռազմաճակատում, մեկը թիկունքում, մեկը ոգով, մեկը գրիչով, մեկը խավարի ու ցրտի մեջ երեխա մեծացնելով, մեկը կորցրած երեխայի փոխարեն նոր ծնունդով: Իհարկե, մի մասը գնաց, մի մասը չվերադարձավ, մի մասը վերադարձավ որպես հանցագործ, գիտնական, նկարիչ, ճարտարապետ, մի մասը հանցագործ, գիտնական, նկարիչ ու ճարտարապետ դարձավ իր գնացած տեղում: Ի՞նչ անենք:

Արդյոք վերլուծաբաններն ու փորձագետները, նախագահացուներն ավելի օգտակար են եղել, քան գնացած եկածները կամ չեկածները: Չեմ դատում, իհարկե, հարցնում եմ, որովհետեւ դատելու իրավունքն ամենքի խղճինն է: Իհարկե, թերմացքն էլ կար, տականքն էլ կար, իսկ կա՞ ժողովուրդ, որ իր թերմացքն ու տականքը չունի, բայց իր հավաքականության մեջ «էս ժողովուրդն» իր խաչը լուռ տարավ, պատերազմում հաղթեց, Հայաստանն անկախացրեց, տառապանքներին դիմացավ, խավարին, ցրտին, սովին դիմացավ: Աշխատանք կար չարե՞ց «էս ժողովուրդը», խմոր կար, չհունցե՞ց:

«Էս ժողովուրդը» չէ՞ր, որ սպարապետ ու գեներալ տվեց: Գուցե շեղվում եմ, բայց փորձագետներն ու աղջնակ լրագրողուհիները մեր գեներալին են ծաղրում, գեներալ Մանվելի հետ «դու»-ով են խոսում, բայց գիտե՞ն, որ պատերազմի օրերին Մանվելի կյանքի համար աղոթում էինք, ոչ գեներալ Մանվելի կյանքի համար էինք աղոթում: Գիտե՞ն, որ Մանվելն էլ է «Լամանշը լերդացնող» մտավորականներից: Իսկ ո՞վ էր խանգարում իրենց ազնվացեղներին պատերազմում հող փրկել, տարածք փրկել, երկիր փրկել, գեներալ դառնալ: Նույնիսկ եթե Մանվելի հարց կա քննարկելու, իմ ու իրենց հարցը չի: «Էս ժողովուրդը» դիմացավ, չէ՞: Տականքը չդիմացավ, բայց տականքն ի՞նչ կապ ունի ժողովրդի հետ: Տականքն ազգություն, ցեղ, տեսակ չունի, չէ՞:

Ու եթե փորձագետ վերլուծաբաններն ու նախագահացուները «էս ժողովրդին» այպանելով տականքին նկատի ունեն, ուրեմն թող սլաքների ուղղությունը ճշտեն: Նորից կրկնեմ. «…Հազար տարի, հարյուր հազար տարի մենակ է մնացել ինքը իր առաջ…». Մաթեւոսյանն էր ասում: Չարենցն էլ ասում էր «…անղեկ առաջնորդներ»: Ի՞նչ աներ «էս ժողովուրդը» անղեկ առաջնորդներով:

88-ից հետո մի անգամ էլ 96-ին «էս ժողովուրդը» եկավ հրապարակ: Էլի քիչ թե շատ կարգավորված կյանքը, կարգավորված կենցաղը, ապրուստը թողեց, եկավ հրապարակ: Նույնիսկ քսան րոպե հետո գնաց առաջնորդի հետեւից: Հետո 97-ին անակնկալի եկավ դավադրություններից, խարդավանքներից, առաջնորդի հրաժարումից, 99-ին մեջքը կոտրեց, 2003-ին նորից հրապարակ եկավ: Նորից տասնյակ հազարներով հրապարակ եկավ, գնաց առաջնորդի հետեւից ու պարզվեց առաջնորդի տուն հյուր էր եկել ու «էս ժողովուրդը», «էս հասարակությունը» մնաց հրապարակում անտեր, անտիրական, ջրցան մեքենայի, մահակավորի առաջ, ու թեկուզ «…անղեկ, ցաքուցրիվ», բայց մնաց ու կանգնեց:

2008-ին էլ եկավ, նեղացածությունները թողեց, վիրավորվածությունը թողեց, սիրել- չսիրելը հաշվի չառավ ու էլի տասնյակ հազարներով եկավ: 2008-ի փետրվարի 26-ին, կրկին փետրվարի 26-ին, ճակատագրապաշտորեն փետրվարի 26-ին էլի ամբողջ Հայաստանը հրապարակում էր, տուն առ տուն հրապարակում էր: «Էս ժողովուրդը» չէ՞ր, որ մարտյան գիշերվա սպանդից հետո անգամ եկավ, հրապարակը լցրեց՝ էլի «…անղեկ, ցաքուցրիվ…»:

Հետո անընդհատ «էս ժողովրդին» ասացին արի հրապարակ, էլի պիտի գաս, էլի պիտի փորձենք ու «էս ժողովուրդը», «էս հասարակությունը» եկավ, անընդհատ եկավ, հասկանում էր, որ ինքը որբի գլխի է նմանվել, հասկանում էր, որ ամեն մեկն իրենով ուզում է կայանալ, բայց գալիս էր, մինչեւ «Քաղաքագիտական վերլուծությունն» ամեն ինչ լուծեց, ժողովրդին լուծեց:

Կրկին հարցնեմ. իսկ ի՞նչ պիտի աներ «էս ժողովուրդը», որ չի արել, «էս հասարակությունն» ինչ պիտի աներ, որ չի արել: Նույնիսկ եթե ազգովի միաձայն որոշենք, որ պիտի ինքնակազմակերպվենք, պարտիզանություն անենք, ճակատամարտ տանք, միեւնույն է՝ առաջնորդ պիտի լինի: Սպարտակից մինչեւ Ալեքսանդր Մյասնիկյան, Դավիթ-Բեկից մինչեւ Գարեգին Նժդեհ ու Վազգեն Սարգսյան, առաջնորդ է եղել: Առաջնորդով են գնում դեպի այն հասարակություն, որտեղ առաջնորդները անելիք չունեն, որտեղ համակարգերն ու մշակույթներն են կառավարում:

ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031