Լրահոս
Օրվա լրահոսը

Արոննա Սիմոնյան. «Երեխան անհիմն չի զրկվել հաշմանդամության թոշակից»

Հունվար 19,2013 14:11

Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձաժողովի նախագահ Արոննա Սիմոնյանը պնդում է, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայացած հանձնաժողովի նիստում վանաձորցի 13-ամյա Շահեն Հարությունյանն անհիմն չի զրկվել հաշմանդամության թոշակից: «Առավոտն», անդրադառնալով այս խնդրին, տեղեկացրել էր, որ Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին կայացած նիստում հաշմանդամ չի ճանաչել ԿՆՀ օրգանական ախտահարում՝ էպիլեպտիկ նոպաներով, մտավոր զարգացման հապաղումով տառապող երեխային: «Դեռ վերջին 10 տարում երեխան միշտ էլ հաշմանդամ էր ճանաչվում, բայց, չգիտես ինչու, հրաշքով «լավացել» է»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացնում է Շահենի մայրը՝ Նվարդ Ավագյանը: Շահենի մոտ հիվանդագին երեւույթները նկատվել են ծնվելու հենց հաջորդ օրը, երբ նորածինն ամբողջովին կապտել է եւ սկսվել են ցնցումները: Նվարդ Ավագյանը հիշում է անցյալը՝ նկատելով, որ մասնագետները փաստել են՝ ծնվելիս սեղմել են երեխայի գլուխը՝ վնասելով համապատասխան հատվածներ. «2003 թվականից հաշվառված է նաեւ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, այնտեղից արդեն քանի տարի անվճար ստանում ենք կարբամազեպին դեղը, որի օգնությամբ ցնցումների հաճախականությունը նվազում է, ասել են, որ ողջ կյանքում պիտի ընդունի դեղը»: «Առավոտի» հետ զրուցում, սակայն, Լոռու մարզի թիվ 1 ԲՍՓՀ նախագահ Արոննա Սիմոնյանն ասում է, որ երեխայի մոտ առկա ԿՆՀ օրգանական ախտահարումը՝ էպիլեպտիկ նոպաներով, ինչպես նաեւ մտավոր զարգացման հապաղումը, չեն հանգեցնում հաշմանդամության, քանի որ դրանք չեն առաջացնում անձի կենսագործունեության խանգարում: «Փորձաքննական հանձնաժողովը հաշմանդամություն սահմանելու մասին որոշում կայացնում է հաշվի առնելով ներկայացված բժշկական փաստաթղթերն ու տեղում հիվանդին զննելը: «Արաբկիր» բժշկական համալիր հանրապետական մանկական էպիլեպտոլոգիական կենտրոնից մեզ ներկայացված եզրակացության համաձայն՝ կատարված վերջին ԷԷԳ հետազոտությամբ երեխայի մոտ էպիլեպտիկ ակտիվություն չի նկատվում: Երեխայի մոտ առկա է ԿՆՀ օրգանական ախտահարում՝ սիմպտոմատիկ պարտիալ էպինոպաներով, մտավոր զարգացման հապաղումով, ինչը չի հանգեցնում հաշմանդամության»,- բացատրում է Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ Շահեն Հարությունյանի մոտ առկա նոպաների մասին իրենք տեղեկանում են միայն ծնողի ասելով, բժշկական որեւէ հաստատությունում այդ նոպաների հաճախականությունն արձանագրված չէ: «Ես կորցրել եմ հավատս բժիշկների հանդեպ, քանի որ երբ մի քանի անգամ ցնցումներով անհրաժեշտ եղավ երեխային տանել հիվանդանոց, բժիշկները, ամեն ինչից անտեղյակ, ցնցումների պատճառ բերեցին գրիպը, աղիքային ինֆեկցիան, այն դեպքում, երբ ես գիտեմ, թե ինչն է իրականում պատճառը: Դա առիթ դարձավ, որ երեխան հիվանդանոցներում չպառկի ու, բնականաբար, ցնցումների հաճախականությունն էլ չգրանցվի»,- ասում է Շահենի մայրը՝ Նվարդ Ավագյանը՝ բացատրելով, թե ինչու նա ՓՍԲՀ չի ներկայացրել ցնցումների հաճախականության մասին տվյալներ: «Շահենի մոտ ախտորոշված հիվանդությունները բերել են հոգեկան ֆունկցիայի թեթեւ խանգարման, որը թեթեւ հաշմանդամության չի հանգեցնում: Մեզ մոտ հաշմանդամությունը սկսվում է օրգանիզմի ցանկացած ֆունկցիայի չափավոր եւ խիստ արտահայտված խանգարումներից»,- իր հերթին բացատրում է Արոննա Սիմոնյանը: Իսկ թե ինչպես է նախկինում հանձնաժողովը Շահեն Հարությունյանին հաշմանդամ ճանաչել, Արոննա Սիմոնյանը բացատրում է, որ այժմ տարբերակվել է նոպաների տեսակը եւ ոչ միայն: «Վերջին անգամ՝ երկու տարի առաջ, մեզ ներկայացված բժշկական փաստաթղթերով պարզվել էր, որ Շահենի մոտ առկա է ԿՆՀ օրգանական ախտահարում՝ էպիլեպտիկ նոպաներով, մտավոր զարգացման հապաղումով, իսկ հոգեբույժն էլ ախտորոշել էր թեթեւ մտավոր հետամնացություն՝ վարքի խանգարումով: Այսօրվա դրությամբ վարքի խանգարում ոչ ոք չի տվել, ինչպես նաեւ այժմ տարբերակվում է նոպաների տեսակը՝ պարցիալ, որոնք ինքնին թեթեւ նոպաներ են, քանի որ ինչպես ինքը՝ մայրն է ասում, դեղորայքային բուժման ֆոնի վրա նվազել են»,- բացատրում է մասնագետը: Նա նշում է նաեւ, որ կայացված որոշման մասին ծնողին տեղեկանքով են տեղեկացրել, քանի որ վերջինս չի պահանջել որոշման մասին պատճեն. «Մենք վարչական վարույթի գործի պատճենը տրամադրում ենք այն դեպքում, երբ անձը դիմում է, Նվարդ Ավագյանը չի դիմել մեզ՝ ստանալու համար այդ որոշման պատճենը»: Նվարդ Ավագյանն էլ իր հերթին պնդում է, որ ինքը դիմել է: «Ես դիմեցի իրենց՝ խնդրելով, որ ինձ թուղթ տան, որ երեխան չունի հաշմանդամություն, իրենք ինձ տվեցին տեղեկանք վարչական վարույթից: Չեմ էլ մտածել, որ պիտի որոշում ուզեմ»,- ասում է նա: Սակայն հակառակ սրան՝ ՀՔԱՎ-ի իրավաբան Արայիկ Զալյանը պնդում է, որ անկախ անձի դիմելուց՝ վարչական ակտի պատճենն անհրաժեշտ է տրամադրել: «Անձը ունի իր վերաբերյալ վատթարացնող վարչական ակտերի դեմ բողոքարկման հնարավորություն: Անկախ պահանջից՝ այդ որոշումները պիտի տրամադրվեն»,- ասում է ՀՔԱՎ-ի իրավաբանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031