Այս ծանրոցներում «կեղծ» ապրանքներ են
Անապահով ընտանիքների համար ուղարկած սննդի ու մանկական հագուստի փոխարեն՝ փայտեր ու ծերերի հագած ու կեղտոտ փոխաններ են ուղարկել:
Սիրվարդ Գալստյանն արդեն 2-րդ անգամ է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստանալով բարեգործական ծանրոցները՝ բացելուց հետո հայտնաբերել է, որ այնտեղ նոր հագուստի ու սննդի փոխարեն՝ ինչ-որ փայտեր, հագած, հնամաշ, կեղտոտ ու գարշահոտությամբ բարձեր ու շորեր են: Մոտ 6 տարի է՝ տիկին Սիրվարդը Ամերիկայի իր մեծահարուստ բարեկամների միջոցով բարեգործական ծանրոցներ է ստանում Հայաստանի սահմանամերձ համայնքների ու Արցախի սոցիալապես անապահով ընտանիքների համար: «Առավոտի» հետ զրույցում տիկին Սիրվարդը, որը նաեւ «Ղարաբաղ» հասարակական կազմակերպության նախագահն է, ասաց, որ այս տարիների ընթացքում երբեւէ նման երեւույթի չի հանդիպել, որ անապահովների համար նախատեսված հագուստն ու սնունդը ծանրոցը տեղափոխող ընկերություններն իրենցով անեն:
Տիկին Սիրվարդի պատմելով՝ անցյալ տարի ամռանը «Յունիթենդ շիպինգ գրուպ» ընկերության միջոցով Մանավազ եւ Ժենյա Մարտիրոսյանները բավականին թանկարժեք ծանրոցներ են ուղարկել, սակայն բացելուց հետո, երբ բացահայտել է, որ այնտեղ չկան այն ապրանքները, որոնք բարեգործները նախապես նշել էին, անմիջապես տեղեկացրել է Մարտիրոսյաններին: Վերջիններս էլ որոշել են հետագում աշխատել մեկ այլ փոխադրող ընկերության հետ, սակայն ավելի խարդախի ու վատի ձեռքն են ընկել: Ամանորյա տոներից առաջ տիկին Սիրվարդը բարեգործ ամուսինների կողմից կրկին ծանրոցներ է ստացել՝ հույս ունենալով, որ այս անգամ անապահով ընտանիքների մոտ ամոթով չի մնա եւ խոստացած օգնությունը տեղ կհասցնի. այս անգամ ծանրոցներն ուղարկվել են «Օլ Ամերիկա» ընկերության կողմից. «Արտաքինից արդեն կասկածելի էին պասիլկաները՝ կարտոնի արկղով ու սկոչով փաթաթած, մի քիչ կասկածեցի: Վաչիկ անունով մարդ էր բերել, որը էդ «Օլ Ամերիկայի» տիրոջ հորեղբոր տղան է, դե, ստորագրեցի, որ ստացել եմ: Հետո բացեցի, որ չտեսա՞ ինչեր էին, մի խայտառակություն: Բարեգործներն ասել էին՝ 40 հատ կուրտկաներ, 40 հատ վերարկու, կանանց ու երեխաների այլ հագուստներ, մսի պահածոներ, ձեթ, մակարոնեղեն, բրինձ ու լիքը նման բաներ պիտի ուղարկեին, բայց էդ ապրանքի տեղը՝ փայտի կտորներ, ծերերի փոխաններ, էն էլ՝ հագած ու դեղնած, իսկ սնունդ ընդհանրապես չկար»: Տիկին Սիրվարդն անմիջապես տեղեկացրել է բարեգործներին, որոնք էլ դիմել են ծանրոցները փոխադրող «Օլ Ամերիկա» ընկերությանը. այստեղից բարեգործներին վստահեցրել են, որ իրենք ծանրոցները չեն բացել եւ ապրանքները միջից չեն հանել: «Երեւի մաքսակետում են հանել՝ էդ ծեր ամուսիններին էդպես են դրանք պատասխանել: Բայց բացառվում է նման բան, որովհետեւ այդ բարեգործ ամուսիններն արդեն 20 տարի է՝ Հայաստան ծանրոցներով օգնություն են ուղարկում այլ ընկերությունների միջոցով, ու երբեք նման բան չի եղել: Ախր, մոտ 10 հազար դոլարի 16 ծանրոցներ էին, յուրաքանչյուրը մոտ 60 կիլոգրամ»,- ասաց Սիրվարդ Գալստյանը:
Կարդացեք նաև
Բացի տիկին Սիրվարդից՝ բարեգործ ամուսինները նաեւ Ալբերտ Ղեւոնդյանին եւ Արմինե Պողոսյանին են ծանրոցներ ուղարկել «Յունիթենդ շիպինգ գրուպ» եւ «Օլ Ամերիկա» ընկերությունների միջոցով, սակայն կրկին բարեգործների ուղարկած ապրանքները փոխարինված են եղել հնամաշ ու կեղտոտ հագուստներով:
«Առավոտի» հետ զրույցում Ալբերտ Ղեւոնդյանը պատմեց, որ աղջիկն իր 5 անչափահաս երեխաների հետ բնակվում է Քաշաթաղում, եւ անհամբեր սպասում էին ծանրոցներին. գոնե Ամանորից առաջ երեխաներին մի բանով կուրախացնեին. «2 պասիլկաների մեջ երեխեքի համար աբսալյուտնի բան չկար, չնայած բարեգործներն ասել էին, որ երեխաների համար հագուստ ու սնունդ են ուղարկելու: Մեջը մեծ կնանիքի ներքնազգեստներ ու հին, հագած 50 համարի կոշիկներ: Էնպիսի կոշիկներ էին, որ ամենակարիքավոր մարդն էլ չի կարա հագնի: Մի հատ պալտո էր մեջը, երեւի մի 20-30 կիլոգրամ կլիներ, էդ պասիլկան էլ որ բացեցինք, ընենց վատ հոտ էր գալիս, էդ տուփն էլ ձեթոտ էր: Գնացի Ավանի իրանց օֆիսը, պատմեցի ամեն ինչ: Ասեցին՝ գնա, մի քանի օրից կգաս, է, գնացի՝ դուռը փակ, իրանք էլ տեղափոխվել էին ուրիշ տեղ: Էլ էդ հասցեում չեն: Խեղճ աղջիկս ու թոռներս նենց վիրավորված են, բա կարելի՞ է խեղճ ու կրակ մարդկանց օգնությունը թալանել»:
Արմինե Պողոսյանն էլ դեկտեմբերի 30-ին է ստացել ծանրոցը, որը նախատեսված է եղել իր 20-ամյա հաշմանդամ որդու եւ 17-ամյա դստեր համար, սակայն բացելուց հետո հայտնաբերել են, որ այնտեղ 20 զույգ 50 համարի տղամարդու կոշիներ են ու, ինչպես տիկին Արմինեն ասաց՝ ահռելի չափսերի տղամարդու վերնաշապիկներ ու կրկին՝ հագած ու կեղտոտ. «Հեռախոսով խոսեցի բարեգործ կնոջ հետ, ասաց՝ ախր, մենք նման բաներ չենք ուղարկել, երեխաների համար կուրտկաներ, շոկոլադ, մակարոնեղեն ու տարբեր սնունդ ենք դրել: Իսկ ծանրոցի մեջ շոկոլադի փոխարեն՝ շաքարաքլոր էր, մի քանի տուփ մակարոն կար ու մի քանի հատ էլ սուպիկներ»:
Երբ բարեգործ ամուսինները տեղեկացել են, որ իրենց ուղարկած ծանրոցները թալանվում են, դիմել են «Օլ Ամերիկա» ընկերության ղեկավար Հրայրին, որը հորդորել է ոստիկանություն չդիմել, մինչեւ իրենք պարզեն, թե ինչ է կատարվում, սակայն որոշ ժամանակ անց, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց տիկին Սիրվարդը՝ «Օլ Ամերիկա» ընկերությունը կորել է՝ ոչ գրասենյակը կա, ոչ էլ՝ Հրայրը. «Ամոթ է, սա խայտառակություն է մեր ազգի համար, բա հերիք չէ՝ օտար հողում են ապրում, ու հայը հայից աղքատների օգնությունը գողանո՞ւմ է: Ես մեդալներ ունեմ պաշտպանության նախարարությունից բարեգործություններ կազմակերպելու համար: Հիմա ինքս էլ չգիտեմ՝ ինչ անեմ: Էդ անապահով մարդիկ սպասում են մեր օգնությանը, վերջում պարզվում է, որ իրանց հասանելիքը գողացել են»:
«Առավոտը» փորձեց «Օլ Ամերիկա» ամերիկյան ընկերության գրասենյակ զանգահարել, սակայն օպերատորը փոխանցեց, որ այդ համարն այլեւս գոյություն չունի:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ