Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու ղարաբաղցիների բախումը փոխարինվեց ղարաբաղցու եւ սփյուռքահայի «բախումով»

Հունվար 19,2013 13:39

Արման Մելիքյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին

ՀՀԿ-ականները վաղուց եւ համոզված հայտարարում են, որ հաղթող թեկնածուն Սերժ Սարգսյանն է, իսկ մնացած բոլորը պայքարելու են երկրորդ տեղի համար: Դուք երկրորդ տեղի համա՞ր եք պայքարում՝ «Առավոտի» հարցին նախագահի թեկնածու Արման Մելիքյանը պատասխանեց. «Դուք իրավացի եք՝ ՀՀԿ-ականները վաղուց են հայտարարում, որ հաղթող թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո նրանք շատ հետեւողական կերպով մաքրեցին քաղաքական դաշտը պարոն Սարգսյանի, իրենց կարծիքով, հնարավոր ուժեղ մրցակիցներից, իսկ այդ մրցակիցների կողմից ընտրությունների քաղաքական բոյկոտն անարդյունավետ դարձնելու նպատակով էլ ամեն կերպ քաջալերվեց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը: Փաստորեն շրջանառության մեջ դրվեց «Րաֆֆին թույլ չէ, բայց ընտրվելու հարցում մեր թեկնածուի հետ անհամեմատ թույլ է»՝ ՀՀԿ-ական բանաձեւը, եւ, անկասկած, սա ճշմարտություն է: Ուշագրավ էր պարոն Ռոբերտ Քոչարյանի՝ իր թեկնածությունը չառաջադրելու վերաբերյալ պարզաբանումը, որի համաձայն՝ նա չի առաջադրվել, որպեսզի բացառի երկու ղարաբաղցիների քաղաքական բախումը նախագահի պաշտոնի համար մղվող պայքարում: Երկու ղարաբաղցիների բախումը փոխարինվեց ղարաբաղցու եւ սփյուռքահայի՝ Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի «բախումով», որում Հայաստանի պայմաններում պարոն Սարգսյանի առավելությունը բացարձակ կլինի, նաեւ՝ ծագումնաբանական առումով: Սա ՀՀԿ-ական իշխող վերնախավի որդեգրած մարտավարական գիծն էր, որի հաջող ընթացքի համար նրանք հող էին նախապատրաստում ամիսներ շարունակ: Մինչեւ առաջադրվելս՝ անցյալ տարվա դեկտեմբերին ես հայտարարեցի, որ հանրապետականների մարտավարությունը հաջողությամբ կպսակվի, եթե չլինեն անակնկալներ: Այժմ էլ ասում եմ, որ անակնկալներ կլինեն: Դրանք, բոլոր դեպքերում, կլինեն հասարակության համար օգտակար, առավել եւս, եթե մեր կողմից առաջարկված նախընտրական մարտավարության շրջանակներում ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան քայլեր ձեռնարկի Հայաստանում ընտրակեղծարարության մոլախոտը արմատախիլ անելու ուղղությամբ, եւ տհաճ՝ իշխող կոալիցիայի համար, եթե այն մերժի համագործակցությունն այս հարցում»:

Նախօրեին հրապարակվել են Արման Մելիքյանի՝ յոթ դրույթից բաղկացած նախընտրական մարտավարության հիմնադրույթներն ու սկզբունքները: «Մեր մարտավարության նպատակը ոչ թե սեփական թեկնածուի հաղթանակի՝ ամեն գնով հաստատումն է, այլ ընտրությունների իրավաչափության ապահովումը՝ անկախ նրանից, թե քվեարկության արդյունքում ով կճանաչվի հաղթող»,- ամրագրված է փաստաթղթում: Նաեւ նման դրույթ կա. «Արման Մելիքյանի վստահված անձինք կլինեն ոչ թե նրան սատարող քաղաքական համախոհները, այլ հակառակորդ թիմերի ներկայացուցիչները: Վստահված անձանց մանդատները տրվելու են ՀՀ իշխող՝ Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության, երբեւէ ղեկավար պաշտոններում չաշխատած բազմաթիվ ազնիվ ու սկզբունքային շարքային անդամներին, որոնց մասնակցությունը գործընթացին թույլ չի տա իշխանությանն ասել, թե իր դեմ են ելել քաղաքական հակառակորդները՝ ստի եւ կեղծիքի դեմ կելնեն իրենց իսկ կուսակիցները: Սա եզակի հնարավորություն կընձեռի շարքային կուսակցականներին ու համակիրներին իրենց ճշմարիտ գնահատականը տալ կուսակցական ղեկավարության պահվածքին եւ գործելակերպին»: «Առավոտի» դիտարկմանը՝ սա չի՞ նշանակում, որ ուղղակի սատարում ենք իշխանությանը, քանի որ այդ առաջարկից կարող են օգտվել եւ իրենց գործն առաջ տանել, նախագահի թեկնածուն պատասխանեց. «Մենք ընտրություններում հաղթելու խնդրի լուծումը երկու մասով ենք տեսնում՝ ռազմավարության եւ մարտավարության: Ռազմավարությամբ պայմանավորված մեր մարտավարական սկզբունքներն արդեն հրապարակել ենք, եւ դրանց նպատակն է ապահովել ընտրությունների իրավաչափությունը: Այս սկզբունքների շուրջ կարող են համախմբվել բոլոր թեկնածուները, այդ թվում նաեւ՝ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի թեկնածուն: Եթե մենք կարողանանք ապահովել ընտրական գործընթացի իրավաչափությունն ու նախապես ձեւավորենք անհրաժեշտ երաշխիքները, ապա կմասնակցենք ընտրություններին եւ հաղթելու խնդիրը կլուծենք հանրության աջակցությունը ստանալով, իհարկե՝ այն պայմանով, որ հանրությունը հավանություն կտա մեր ռազմավարական՝ քաղաքական ծրագրին: Այսպիսով՝ ընտրությունների իրավաչափությունը մարտավարական միջոցներով լուծելուց հետո կստանձնենք ռազմավարական խնդրի լուծումը»:

Արմեն Մելիքյանի շտաբը չի պատրաստվում հարցերը ձեռնամարտերով լուծել: «Մենք գործը չենք հասցնի ձեռնամարտի, քանի որ չենք խոսում ընտրությունների արդյունքների մասին, այլ խոսում ենք այն մասին, որ ընտրությունները կարող են նախապես կեղծված հայտարարվել, եթե իշխանություններն անհրաժեշտ քայլերը չձեռնարկեն դրանց արժանահավատությունն ապահովելու համար: Այդ է պատճառը, որ մենք նախընտրական իրավիճակի գնահատման գործընթացին մասնակցելու առաջարկ ենք անում ոչ թե սեփական համախոհներին, այլ ուրիշներին, անգամ այս հարցում մեր փաստացի ընդդիմախոս հանդիսացող ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի շարքային անդամներին, որոնց տեսակետները կարող են անաչառ լինել եւ տարբերվել իրենց կուսակցապետերի մոտեցումներից: Իշխանությունների վարած քաղաքականությունը կամազրկել է շարքային քաղաքացուն, կաթվածահար արել ընդդիմադիր կուսակցություններին: Շատ կարեւոր է, որ հանրությունն իր անմիջական տեսակետն արտահայտելու հնարավորություն ունենա եւ բարձրաձայն ասի, որ կեղծված ընտրություն այլեւս չի հանդուրժի, եւ նախապես ներկայացնի այն պայմանները, որոնց լիարժեք բավարարման դեպքում միայն կարող է մասնակցել քվեարկությանը: Այս մոտեցմանն ընդդիմանալու պարագայում իշխանությունը կհայտնվի քաղաքական մեկուսացման մեջ՝ այն կմեկուսանա սեփական հանրությունից: Իմ նպատակն է կանխել դա, սակայն իշխանական ճամբարը պետք է իր որոշումը կայացնի»,- ասաց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Մի քանի օր առաջ Արման Մելիքյանը նամակով դիմել էր ԿԸՀ նախագահին՝ որպես ընտրությունների իրավաչափությունն ապահովող մարմնի ղեկավարի, աջակցել, որպեսզի հրապարակվեն Հայաստանից հեռացածների քանակային տվյալները, հրապարակվեն այն տվյալները, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիություն ընդունած, բայց Հայաստանում չբնակվող մարդկանց, թե քանի հոգի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, եւ հրաժարումն իրավաբանորեն ձեւակերպվա՞ծ է: Երեկ ԿԸՀ-ն մերժել է թեկնածուի դիմումը: Այդ առիթով թեկնածուի պարզաբանումները՝ կարդացեք www.aravot.am կայքում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031