Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը Վրաստանի հետ հարաբերություններում չունի քաղաքական ծրագիր»

Հունվար 19,2013 13:27

«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը եւ «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Դեմ առ դեմ» զրուցում են հայ-վրացական հարաբերությունների զարգացման միտումների մասին: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու փորձագետների զրույցից:

Հայկազուն Ալվրցյան- Ես կարծում եմ, որ Իվանիշվիլիի այս այցն առավելագույնը մենք պետք է գնահատենք որպես լավ մտադրություններով այց, որը հույսեր է տալիս: Ստորագրվել է երկու պայմանագիր՝ մշակութային եւ մաքսատների համատեղ գործածության մասին: Առայժմ մենք գործնականում սեղանի վրա ունենք այս երկու փաստաթուղթը եւ լավագույն մտադրություններ՝ տարբեր ասպարեզներում համագործակցելու շուրջ: Իսկ ընդհանրապես՝ երկու երկրների ղեկավարների կողմից մենք դարձյալ լսեցինք նույն խոսքերը, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան հարցեր, որոնք բանակցությունների սեղանի շուրջ չլուծվեն: Նույնպիսի հայտարարություններ մենք լսել ենք Հայաստանի ղեկավարների եւ Սահակաշվիլու, նաեւ Վրաստանի՝ նրանից առաջ եղած ղեկավարների կողմից: Թերեւս միակ նորությունը, որը հնչել էր դեռ մինչեւ Հայաստան գալը, ապա նաեւ՝ այստեղ, դա աբխազական երկաթուղու գործարկման հետ կապված կրկին լավագույն մտադրություններն են, որը Սահակաշվիլին համարեց Վրաստանի պետական շահերի դեմ քայլ: Իսկ երկաթուղու հետ կապված հայտարարությամբ Իվանիշվիլին, հակադրվելով տարածաշրջանի լարվածությանը, ցանկանում է լիցքաթափում իրականացնել, ինչը ես դրական եմ գնահատում, սակայն դա լավագույն դեպքում ընդամենը հայտարարություն է, եւ հայտնի չէ, թե ինչ կինի: Ի վերջո՝ ակնհայտ է, որ եթե այդ մասին խոսակցություն լինի, ապա դա պետք է լինի Սահակաշվիլու պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո: Իսկ այդ ժամանակ էլ դեռ հայտնի չէ, թե երկաթուղու վերագործարկման համար Իվանիշվիլին ինչ պայմաններ կառաջադրի, գուցե դարձյալ Աբխազիայի հարցը առաջ քաշի եւ տանի փակուղի: Որովհետեւ Աբխազիայի կամ Օսեթիայի հարցը Վրաստանի ղեկավարների նախասիրությունների հարցը չէ, սա Վրաստանի պետականության, ժողովրդի հարցն է:

Սերգեյ Մինասյան- Անդրադառնալով ստորագրված երկու փաստաթղթերին՝ ուզում եմ հատկապես կարեւորել մաքսակետերի մեկ պատուհանի սկզբունքով աշխատանքը, որը հատկապես Ջավախքի համար տեխնիկական առումով բավականին դրական զարգացում կլինի: Այս այցելության մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Իվանիշվիլին, ելնելով առաջին հերթին Վրաստանի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակից, իսկապես փորձում է ինչ-որ ձեւով վերաձեւավորել Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումն ու դիրքորոշումը տարածաշրջանում: Առաջին հերթին դա կապված է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Եվ այս պահին այն հանգամանքը, որը հատկապես 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո իր ուղղակի ազդեցությունն էր թողնում հայ-վրացական հարաբերությունների վրա, համենայնդեպս՝ Վրաստանի հասարակության, քաղաքական վերնախավի կողմից Հայաստանի ընկալման վրա, որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, այդ հանգամանքը ներկայումս դարձավ եթե ոչ առավելություն, ապա կարող է գոնե ինչ-որ չափով նպաստավոր դաշտ ստեղծել: Այս առումով Հայաստանը կարող է նոր հետաքրքրություն ստանալ Վրաստանի համար: Եվ որպես դրա օրինակ՝ ես կարող եմ բերել Իվանիշվիլիի՝ «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնած այն միտքը, որ Վրաստանը փորձելու է ձեւավորել այն քաղաքականությունը, որը Հայաստանն արդեն իրագործում է: Նա նշեց, թե ինքը բարի նախանձով է վերաբերվում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը: Եվ ես ակամայից հիշեցի, որ գրեթե նույն խոսքերը մոտ տասը տարի առաջ ասում էր Ասլան Աբաշիձեն: Նաեւ շատ կարեւոր է այն, որ Իվանիշվիլին Սահակաշվիլուց տարբեր կալիբրի եւ տարբեր քաղաքական կողմնորոշման գործիչ է, ավելի ավանդական է եւ Վրաստանի հասարակության ներքին խնդիրներն ավելի խորն է հասկանում:

«Առավոտ»- Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերը: Պարոն Ալվրցյան, Դուք մի առիթով նշել էիք, որ Հայաստանի իշխանությունները հայ-վրացական հարաբերությունների հետ կապված ազգային օրակարգ եւ քաղաքական ծրագիր չունեն: Շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին:

Հ. Ա.- Որեւէ բան չի փոխվել: Քաղաքականություն ունենալ՝ նշանակում է ունենալ ծրագիր, որը դու հետեւողականորեն իրականացնում ես: Նման ծրագիր չունենալու իրողությունն այնքան ակնհայտ է Ջավախքի հարցում, որ անգամ պետության առաջին եւ երկրորդ դեմքերի՝ նախագահի եւ վարչապետի հայտարարություններից հետո տարածաշրջանային լեզվի, եկեղեցական հարցերի, դպրոցների եւ հայ ինքնության հետ կապված որեւէ քայլ չկատարվեց: Նշանակում է, որ մենք չունենք ծրագիր, ընդամենը հայտարարություններ ենք անում: Մեր քաղաքականությունը վրացիների կողմից արված քայլերին պատասխանելու կամ հարմարվելու միտում ունի:

Ս. Մ.- Խնդիրն այն է, որ ոչ հասարակության ներսում, ոչ էլ քաղաքական վերնախավում չկա ոչ թե կոնսենսուս, այլ անգամ պատկերացում այն մասին, թե հայ-վրացական միջպետական հարաբերություններն ինչ ընթացք պիտի ունենան: Արդյոք Ջավախքի խնդիրը այնպիսի՞ խնդիր է, որից մենք պետք է խուսափենք եւ հաճախ ֆորս- մաժորային իրավիճակներում քայլեր անենք, որոնք պիտի վնասեն հայ-վրացական հարաբերություններին, թե՞ դա մի խնդիր է, որում մենք պետք է ներգրավվենք եւ այն օգտագործելով՝ դարձնենք ոչ միայն կամուրջ հայ-վրացական հարաբերությունների բարելավման համար, այլեւ թե Հայաստանի եւ թե Վրաստանի համար լծակ՝ տարածաշրջանում: Դա գալիս է այն հանգամանքից, որ կա սուբյեկտիվ վախ, եւ մենք խուսափում ենք Վրաստանի հարցում ավելի շատ ներգրավվածությունից: Արդյունքում մենք ստանում ենք ոչ թե լուծումներ, այլ պրոբլեմներ:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

 Երկու փորձագետների զրույցն ամբողջությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031