Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ մի քանի օր է` Գյումրու քաղաքապետարանում արվեստագետների ու հ/կ-ների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ են անցկացվում: Նրանք մշակութային ծրագրեր ու գաղափարներ են ներկայացնում, որոնցից ընտրվելու է ամենահետաքրքիրը, կառավարության հավանությանն է ուղարկվելու, նոր միայն ծրագրերը ֆինանսավորվելու են ու մայիս ամսից սկսվելու են միջոցառումները:
Այսօր Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի առանձնասենյակում հավաքվել էին քաղաքի գրեթե բոլոր արվեստագետները`թանգարանների տնօրեններ, երաժիշտներ, ռեժիսորներ, հայագետներ, որոնցից և ամեն մեկը հանդես եկավ իր առաջարկով: Բավականին երկարատև քննարկման ժամանակ մասնակիցներից մեկը` Գյումրու մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը առաջարկեց անցկացնել հացի փառատոն Գյումրիում: Ըստ նրա, հին ավանդույթի համաձայն, չամուսնացածները իրավունք չունեին հաց ցանելու, իսկ հացաթխումը արվեստ է, որն ուղեկցվել է գուսանական երգերով: Նա առաջարկեց աշխարհի տարբեր երկրների հացատեսակների մրցույթ-վաճառք-փառատոն անցկացնել, ինպես նաև Հացի մատաղ, որը ընդունված է Հայաստանում:
Գյումրու Բիենալեի հիմնադիրներից մեկն էլ` ռեժիսոր Գառնիկ Սարգսյանը առաջարկեց գարեջրի փառատոն անցկացնել: «Մենք մեր քաղաքին տոն ենք պարտք, սա Գյումրու Բիենալեի հիմնադիրներից մեկի` Վազգեն Պահլավունու խոսքերն են, ով հիմա բնակվում է Ֆրանսիայում: Ես առաջարկում եմ, որ միջոցառումները լինեն ոչ միանգամյա, այլ` ավանդական: Առաջարկում եմ «Մի գիշեր Գյումրիում», թող գարեջրի փառատոն անցկացվի ճեմափողոցում, փողոցային միջոցառումների ժամանակ տարբեր ֆիլմերի ցուցադրություն կազմակերպվի, դեկորատիվ պատկերների, օրինակ`լինի դարպաս, որը գյումրեցիները բացեն բոլորի առջև: Ախթալայում խորովածի փառատոն է կազմակերպվում , ինչո՞ւ Գյումրիում գարեջրի ու հացի փառատոն չանցկացնենք: Կտեսենք ո՞վ է ամենաշատ գարեջուր խմում, ո՞վ է ամենաշատ հաց ուտում, մրցույթներ կլինեն», -ասաց ռեժիսորը:
Կոնսերավորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոսներից մեկն էլ առաջարկեց աշուղական փառատոն կազմակերպել: «Ավանդական երաժշտական փառատոն անցկացնենք, Մերձավոր արևելյան, հրավիրենք աշուղների Միջին Ասիայից: Հայկական մուղամը շատ յուրահատուկ տեղ ունի, ճիշտ է` այսօր աշուղներ չկան, բայց ոչ մի հարսանիք չի լինում առանց աշուղական երգերի կատարումների, անպայման աշուղական մրցույթ հայտարարենք»,- առաջարկեց տիկինը:
Կարդացեք նաև
Նշենք, որ 50-ից ավելի մշակութային միջոցառումներ են անցկացվելու: