Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչությունը գազով չի տաքանում

Հունվար 19,2013 11:18

Գազը դեռ չթանկացած՝ բնակչությունը հրաժարվում է դրանից։ Հայաստանում գազի սպառման ծավալները անցած տարի թեև աճել են 4,8%-ով, սակայն բնակչությունը այն չի օգտագործում ջեռուցման նպատակով։

Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2012թ. ընթացքում ավելացել են 22,3%-ով՝ կազմելով 1,97 մլրդ խմ։ «ՀայՌուսգազարդի» կողմից իրացված ծավալներն աճել են 4,8%-ով՝ հասնելով 1,6 մլրդ խմ-ի: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ 2012-ին, նախորդող տարվա համեմատ, 23,7%-ով ավելացել են էներգետիկայի և 2%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից սպառման ծավալները՝ կազմելով, համապատասխանաբար, 231,9 մլն և 254,7 մլն խմ: ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառումն ավելացել է 15,4%-ով՝ հասնելով 418 մլն խմ-ի։

ԱԳԼՃԿ-ների իրացման ծավալների աճը պայմանավորված է անցած տարի բենզինի գների աճով, ինչը բնակչությանը ստիպել է անցնել այլընտրանքային վառելի՝ գազի։ Բայց եթե ավտովառելիքի պարագայում բնակչությունը նախընտրել է գազը, ապա ջեռուցման դեպքում հրաժարվել է գազից և գազին է այլընտրանք փնտրել։ Անցած տարի 1,6%-ով նվազել են բնակչության և 12,1%-ով՝ այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով, համապատասխանաբար, 542 մլն և 162,4 մլն խմ։

Տարեկան կտրվածքով բնակչության կողմից գազի սպառման ծավալների նվազումը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ինն ամիսների կտրվածքով անցած տարի գազի սպառումն աճել է 11,8%-ով՝ կազմելով 396,2 մլն խմ։ Չնայած չորորդ եռամսյակում մեկնարկել է ջեռուցման սեզոնը՝ բնակչությունը 26%-ով կրճատել է գազի սպառումը և սպառել ընդամենը 146 մլն խմ։ 2012թ. չորորդ եռամսյակի միտումները թույլ են տալիս ենթադրել, որ այս տարվա առաջին եռամսյակում ևս բնակչության կողմից գազի սպառման ծավալը շարունակվելու է կրճատվել, քանի որ բնակչության մի մասը, հատկապես մարզերում, ջեռուցման համար օգտագործում է այլընտրանքային վառելիք։

Բնակչության կողմից գազի ծավալի սպառման կրճատումը մտահոգիչ է, հատկապես, երբ թե՛ 2011-ին, թե՛ 2012-ին վերջնական սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել. բնակչությունը 1խմ գազի համար շարունակում է վճարել Դ132։ Ստացվում է, որ նույնիսկ նման պայմաններում գազը, որպես ջեռուցման աղբյուր, մրցունակ չէ, քանի որ բնակչության եկամուտների աճը զիջում է սպառողական ապրանքների գների աճին, և մարդիկ նախընտրում են տնտեսել ջեռուցման վրա։

2013թ. նախագահական ընտրություններից հետո ներքին շուկայում վերջնական սպառողների համար տեղի է ունենալու գազի թանկացում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է գազի սպառման ծավաների էլ ավելի մեծ կրճատման։

Թեև իշխանությունները հերքում են գազի գնի բարձրացումը, անցած տարի Հայաստանի առաքվող ռուսական գազը, այնուամենայնիվ, թանկացել է։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2012թ. հուլիսից 1000 խմ ռուսական գազը ձեռք է բերում $244-ով։

Հաշվարկները ցույց են տալիս, որ հաշվի առնելով սակագնում միայն գազի գործոնը, վառելիքի $10-ով (1000 խմ-ի հաշվով) թանկացումը հանգեցնում է բնակչության համար սակագնի Դ4-ով աճին (1 խմ-ի հաշվով)։ Հիմք ընդունելով ռուսական գազի ներկայիս իրական գինը (ու միայն գազի գործոնը)՝ բնակչության համար 1 խմ-ի սակագինը պետք է լինի Դ158։

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031