Նախագահական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին, երբ թվում էր, թե հանրության քննարկման հիմնական թեմաները պետք է լինեն թեկնածուներն ու նրանց դարակազմիկ ծրագրերը, անակնկալ շեղում արձանագրվեց:
Այն, ինչ այս օրերին կատարվում է սոցցանցերում, ուղղակի նման է աղ ու հացով թշնամուն դիմավորելուն: Քսան տարուց ավելի KBH-շիկների մատուցած «բարձրարժեք» ստեղծագործությունները, բնական է, անարձագանք չէին մնալու: Բայց ո՞վ կպատկերացներ, որ KBH-շիկների «դասերը» սերտած և դրանցով դաստիարակված հասարակությունը, իր ստացած «գիտելիքները» կգործածի ազգի քաղաքական-հասարակական և ռազմական ռահվիրաներին ստորացնելու համար:
Բայց ինչպես ասում են, «ինչ ցանես, այն էլ կհնձես»:
Իրար հերթ չտալով` մարդիկ «ստեղծագործում են»: Ում մտքին ինչ փչի` անում է, միայն թե ծիծաղելի լինի: Եվ ամենևին կարևոր չէ, թե այդ ամենի արդյունքում ինչպես են կաթիլ առ կաթիլ ստորացվում ՄԵԾԵՐԸ, նրանք, որոնց անունները մի ժամանակ շշուկով էինք արտասանում, իսկ ավելի ուշ` արդեն անկախության տարիներին, հպարտությամբ:
Կարդացեք նաև
Չնայած երկար ժամանակ աշխատել եմ մի հիմնարկում, որտեղ աշխատել է Հրաչ Քեշիշյանը, բայց շատերը կվկայեն, որ ես երբեք նրա գովքով չեմ զբաղվել: Հիմա էլ:
Հրաչ Քեշիշյանը պատրաստվում է մոտ օրերս` հունվարի 29-ին, հանրության դատին հանձնել «Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը: Եվ այդ օրը դեռ չեկած, դեռ ոչինչ չտեսած` որոշ մարդիկ սկսել են «ստեղծագործել»: Եվ ոչ ավելի, ոչ պակաս, ուղղակի անարգում են Նժդեհին:
Բանն այն է, որ մենք` հայերս, մի անգամ արդեն կոմունիստների օրոք, մի լավ, հայավարի, Նժդեհին անարգեցինք «Զանգեզուր» ֆիլմով: Հիմա, դեռ ֆիլմը չտեսած, նորից սկսել ենք անարգել, բայց այս անգամ ոչ թե պարտադրաբար, այլ նախանձից և չուզողությունից: Եվ ցավալին այն է, որ քննադատում են մարդիկ, ովքեր ո’չ ՆԺԴԵՀ են կարդացել, ո’չ էլ գիտեն, թե ֆիլմ նկարելը ինչ է: Ոչինչ չեմ ուզում ասել, սպասում եմ ֆիլմի շնորհանդեսին: Բայց մի բանում վստահ եմ, այն որքան էլ, որ նման լինի կլիպի, ինչպես շատերն են պնդում, միևնույնն է` հազարապատիկ անգամ լավն է լինելու «Զանգեզուր» ֆիլմից: Եվ ընդհանրապես` եկեք չշտապենք: Միգուցե այն ընդամենը հեռուստատեսային գեղարվեստական կինոնկարի ֆորմատով է արվել: Ի՞նչ է` «Ձորի Միրոն» շեդև՞ր էր:
Մի բան էլ: Ֆիլմը նկարահանվել է մասնավոր ներդրումներով: Այսինքն, մարդիկ գումարը հայթայթել են, սցենարը պատվիրել և անցել են գործի: Լավ կլինի, թե վատ, սա այլ խոսակցության թեմա է, բայց Հայաստանում դեռ շատ երկար ժամանակ իսկական կինո չի լինելու: Վկա մեր մշակույթի «նախարարությունն» ու նրա կցորդ կինոկենտրոնը: Ինչու չէ, նաև մեծամիտ և ամեն գնով ատկատին պատրաստ ռեժիսոր կոչվածները, որոնք Հրաչից ոչ միայն ավելին չեն, այլ նույնիսկ նրան «մոտիկ» էլ չեն:
Համբերեք: Նժդեհին էլ հանգիստ թողեք: Իսկ եթե մտածում եք լավ գործ անել, ապա Նժդեհ կարդացեք: Խորը կարդացեք, այլ ոչ թե թռուցիկ, որ եթե հանկարծ վաղը Ձեզ պաշտոն առաջարկեն հանրապետական դառնալու պայմանով, կարողանաք տարբերակել, ազգայինը՝ ապազգայինից, ՀԱՅ-ին` հայից:
Հ.Գ. Ցավալի է, որ մեր երկիրը ամայանում է: «Անհետացել են» կինոքննադատները, քրեագետները, անկախ քաղաքագետները, անհետացման եզրին են մասնագիտական ուղվածությամբ լրագրողները, ինչու չէ` նաև քաղաքականությամբ զբաղվող գործիչները: Իսկ եթե չկան մասնագետներ, բանկանաբար դաշտը մնում է դիլետանտ ինքնակոչներին: Նայեք նախագահի թեկնածուների ցուցակին և կհամոզվեք: Այս ամենի մեղավորը հաստատ Նժդեհը չէ: Ավելին՝ Նժդեհը հայրենիք չէր ստեղծում, ինչպես ասվում է հայտնի տեսահոլովակում: Նժդեհը պետություն էր ստեղծում, երկիր, որ հայը մնա, ապրի և արարի իր երկրում:
«Օրակարգ»