Նախագահական ընտրություններում թեկնածություն չառաջադրած ուժերից՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ ներկայացուցիչների մի մասը, ինչպես նաև մանր-մունր մի քանի կուսակցություններ հայտարարում են, թե սպասում են նախագահի թեկնածուների կողմից ծրագրերի ներկայացմանը, որպեսզի կողմնորոշվեն ու, հնարավոր է` սատարեն նրանցից որևէ մեկին: ԲՀԿ-ն ընդհանրապես որևէ բան չի ասում, քանի որ, «հաջորդ դասը», ինչպես պարզվեց, դեռ չսկսված՝ ավարտվել է:
Այս ուժերի մոտիվը հասկանալի է` նրանք փորձում են այսկերպ արդարացնել իրենց անգործությունն ու անկարողությունը և դրա համար հիմնավորում են գտել` սպասում են թեկնածուների ծրագրերին: Մինչդեռ հայաստանյան իրողությունների պայմաններում դա ընդամենը էժանագին դեմագոգիա է, ոչ ավելին: Այն պարզ պատճառով, որ Հայաստանում նախագահի ընտրություններում որոշիչը ոչ թե ծրագրերն են, այլ թեկնածուների անձերը, մարդկային ու քաղաքական որակները, նրանց օգտին աշխատող թիմերը կամ «թայֆաները»:
Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների տարբերակման ամենահիմնական չափանիշն իրականում նրանց պատկանելությունն է` իշխանական և ոչ իշխանական ճամբարներին: Կա իշխանության թեկնածու` ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանական թեկնածուներ, որոնք առաջադրվել են տարբեր մեծ ու փոքր նպատակներով, և ոչ իշխանական թեկնածուներ:
Վերջիններս, ի տարբերություն առաջին խմբի, շատ չեն` Հրանտ Բագրատյան և Րաֆֆի Հովհաննիսյան: Լա՞վ թեկնածուներ են նրանք, թե՞ ոչ այնքան, մե՞ծ են հաղթելու նրանց շանսերը, թե՞ աննշան, փաստն այն է, որ նրանք չեն ներկայացնում իշխանությունը: Եթե չառաջնորդվենք, իհարկե, Հայաստանում բոլոր տեսություններից ամենադոմինանտը դարձած դավադրության տեսությամբ և չհամարենք, որ Հովհաննիսյանն էլ, Բագրատյանն էլ առաջադրվել են ընդամենը Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու համար: Ինչպես, ի դեպ, պնդում են վերջինիս ոչ վաղ անցյալի թիմակիցները:
Կարդացեք նաև
Մի խոսքով, կա իշխանություն` հիմնական և «ֆոնային» թեկնածուներով, և ընդդիմություն` գուցե ոչ այնքան ուժեղ թեկնածուներով: Այս պայմաններում խոսել նրանց ծրագրերի մասին, մեղմ ասած, լուրջ չէ: Խնդիրն ամենևին այն չէ, որ պետք է առաջնորդվել «ցանկացած մեկը՝ բացի Սերժ Սարգսյանից» սկզբունքով, թեև ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնությունը հենց այդ սկզբունքով է քվեարկել նախորդ ընտրություններում և քվեարկելու է այս անգամ: Խնդիրն այն է, որ թեկնածուներին սատարելու հարցը ծրագրային դաշտ տանելը փարիսեցիություն է, քանի որ, կրկնում ենք, որոշիչը ծրագրերը չեն:
Իսկ եթե դատենք ծրագրերով, ապա Սերժ Սարգսյանի ծրագիրը կարող է լինել ամենալավն ու ամենապայծառը, ամենամրցունակն ու ամենախոստումնալիցը:
Նույն՝ 2008 թվականին նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի ծրագիրը նորմալ նախընտրական ծրագիր էր, նախագահության հինգ տարիներին նրա ունեցած գրեթե բոլոր ելույթները, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարում ունեցած ծրագրային ելույթը բավական հաջողված փաստաթուղթ էր: Վստահաբար այդպիսին կլինի նաև հաջորդ շաբաթ հրապարակվելիք նրա նախընտրական ծրագիրը: Ի վերջո, 21-րդ դարում առանձնապես խնդիր չէ ժամանակակից նախընտրական ծրագիր կամ ելույթներ գրելը. միջին վիճակագրական կրթություն ունեցող մի քանի անդամից բաղկացած խումբը ոչ այնքան բարձր վճարով կարող է «ընտիր» ծրագրեր ու ելույթներ գրել:
Ողջ խնդիրն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանի ելույթների, ծրագրերի ու իրականության, նրա իշխանության կողմից վարվող քաղաքականության միջև գրեթե աղերս չկա: Սերժ Սարգսյանի ծրագրերը վիրտուալ Հայաստանի մասին են, մինչդեռ նրա իշխանությունը կիրառվում է իրական Հայաստանում:
Բացի այդ, Ս. Սարգսյանի ծրագրերն ու խոստումները հնարավոր է իրագործել միայն ներկայիս օլիգարխիկ, կիսաքրեական համակարգն արմատապես փոխելու դեպքում: Իսկ նշված կատեգորիաների ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի թիմի անդամներն են: Այսինքն` եթե ծրագրերով առաջնորդվենք, Ս. Սարգսյանի ծրագիրը կարող է «ամենահաղթողը» լինել: Բայց փետրվարի 18-ին տեղի է ունենալու ոչ թե շարադրությունների մրցույթ, այլ նախագահի ընտրություն:
Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանության են գալու «dream team»-երով, կարճ ժամանակում սարեր են շարժելու կամ ընդամենը 100 քայլով հասնելու են սոցիալական արդարության: Բայց ակնհայտ է, որ ո՛չ Բագրատյանը, ո՛չ Րաֆֆին օլիգարխիկ կամ քրեական միջավայրերի հետ առնչություն չունեն և ընտրվելու դեպքում ազատ են լինելու իրենց ծրագրերը (լավ կամ վատ) իրագործելու հարցում:
Ընտրություններում հաղթելուց հետո նրանց չեն խանգարելու բոլոր այն գործոնները, որոնք ամենամեծ ցանկության դեպքում անգամ՝ Ս. Սարգսյանին թույլ չեն տալու իրագործել սեփական ծրագրերում գրված ամենանվիրական նպատակներն ու քայլերը:
Այնպես որ, բոլոր այն ուժերը, որոնք նախագահի թեկնածուների վերաբերյալ իրենց դիրքորոշումը պայմանավորում են նախընտրական ծրագրերով, իրենց անուղղակի աջակցությունն են հայտնում Սերժ Սարգսյանին:
Մնում է հուսալ, որ վերջինս չի հիասթափեցնի «միասնական շտաբի» անդամ կուսակցություններին ու հունվարի 21-ին կներկայացնի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի սատարմանն արժանի նախընտրական ծրագիր: Դեպի ապահով Հայաստան:
«168 ԺԱՄ»