Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Հիշեցնենք նա հանձնաժողովից խնդրել էր ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասին տեղեկատվություն:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նշված տեղեկատվության պաշտոնական հրապարակումը վերահասցեավորվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:
Իսկ դիմումի 2-րդ հատվածը, որով նախագահի թեկնածուն պահանջել էր հանձնաժողովից հավաքագրել ու հրապարակել անկախացումից ի վեր Հայաստանից հեռացած քաղաքացիների վիճակագրական տվյալներ, հանձնաժողովը մերժեց՝ հիմնավորելով, որ այլ սուբյեկտներին հանձնարարականներ տալու ու նման տեղեկատվություն հավաքելու, հրապարակելու լիազորություններ չունի:
Կարդացեք նաև
Նախագահի թեկնածու Մելիքյանն էլ իր դիմումի մերժման վերաբերյալ ասաց. « Ընտրական հանձնաժողովների նախագահներից որեւէ մեկը, այդ թվում նաեւ դուք՝ հարգելի պարոն նախագահ, տեղյակ չեք Հայաստանում ընտրողների իրական քանակի մասին տեղեկատվությանը: Սա անվստահության մթնոլորտը խորացնող հանգամանք է: Փորձեցի սրա վրա հրավիրել ձեր ուշադրությունը»:
Պարոն Մուկուչյանն էլ պարզաբանեց, որ հանձնաժողովը դիմումի քննման փուլում մնում է իրավական հարթությունում, եւ քաղաքական նկատառումները հանձնաժողովը դիմումի քննման ժամանակ ընդունում է որպես դիմումատուի մոտեցումներ: Նա նորից կրկնեց, որ պահանջվող տեղեկատվության տրամադրողը ԿԸՀ-ն չէ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ