Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննեց ու մերժեց նախագահի թեկնածու առաջադրված, բայց այդպես էլ չդարձած Ռոբերտ Սիմոնյանի դիմումը: Պարոն Սիմոնյանն իր բողոք-դիմումով հանձնաժողովից պահանջել էր անվավեր ճանաչել իրեն որպես նախագահի թեկնածու չգրանցելու մասին որոշումը, նաեւ ընտրական օրենսգրքի որոշ հոդվածներ ճանաչել հակասահմանադրական կամ այդ հոդվածները հակասող քաղաքացիական օրենսգրքի նորմերին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով, հանձնաժողովի որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել միայն վարչական դատարանում, իսկ նշված հոդվածները հակասահմանադրական ճանաչելու մասով էլ, պարոն Մուկուչյանն ասաց, որ նման լիազորություններ հանձնաժողովը չունի. «Իսկ եթե չունի, չի կարող քննել մի դիմում ու որոշի, որ ընտրական օրենսգքրի որ հոդվածը քաղաքացիական օրենսգրքի որ հոդվածին է հակասում»:
Պարոն Սիմոնյանը սկսեց կրկին բանավիճել հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանի հետ, սխալ համարել հանձնաժողովի որոշումը, հետո անձնական վիրավորանքներ ուղղել նախագահի թեկնածուների ու պարոն Մուկուչյանի հասցեին. «Դուք նախագահի բոլոր թեկնածուներից, այդ թվում Սերժ Սարգսյանից 8 միլիոն դրամ եք շորթում: Պարոն Մուկուչյա’ն, դուք օրենքի դրույթը չեք կարողանում հասկանալ, կիրառել, էդ դեպքում ո՞նց եք նստել այս աթոռին: Եթե դուք խոսափում եք ձեր պաշտոնով ամրագրված պարտականություններից, սա արդեն հանցագործություն է, պաշտոնական դիրքի չարաշահում եք թույլ տվել: Դուք գործակալ եք, նախագահն էլ է այլ պետության գործակալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև