Երգի պետական թատրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» 10-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս մրցանակաբաշխությամբ ՀԵՀ-ը նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության որորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը եւ պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքները:
«Լավագույն երիտասարդական հ/կ» Երեւանում անվանակարգի առաջին մրցանակը տրվեց «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակությյան հայկական ասոցիացիային»` ԱՐՄԱԿԱԴԻՆ: Վերջինիս նախագահ Խաչիկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՐՄԱԿԱԴԸ Հայաստանում ամենամեծ գիտական ցանցն է, որի շրջանակում երիտասարդ գիտնականների համար տարածվում է գիտական տեղեկատվություն այն մասին, թե որտեղ կարելի է սովորել, ինչ կրթաթոշակներ է հնարավոր ստանել. «Այդ ամենը կատարվում է կայքի, էլ. հասցեների, Facebook-ի եւ այլնի միջոցով: Կազմակերպության գլխավոր ձեռքբերումը համարում եմ այն հանգամանքը, որ կարողացել ենք հասնել գիտական հայտարարության մոնոպոլիայի չեզոքացմանը: Այսինքն` լավ հայտարարությունը կամ կրթաթոշակը չի մնում պարզապես ռեկտորի սենյակում, այլ տարածվում է համապատասխան ուղղություններով»:
Այս տարի առաջին անգամ «Հայկյան» մրցանակաբաշխությունում ընդգրկվել է «Երիտասարդության շրջանում հոգեւոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար» հատուկ մրցանակը, որը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհվեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգեւոր միությանը: Միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1989թ-ին, երբ Վեհափառ Հայրապետը ստեղծեց միությունը, նպատակ դրվեց առավել համապարփակ ծառայել երիտասարդությանը եւ երիտասարդներին ներգրավվել եկեղեցու կյանքից ներս: Տեր հոր խոսքով. «Ներկայումս երկրում բարենպաստ հնարավորություններ են ստեղծվել եկեղեցու զորացման եւ եկեղեցու` ժողովրդի կյանքում ներկայություն դառնալու համար: Երիտասարդությանն առավել հայեցի եւ ամուր կրթելու ճանապարհին մենք կարողանում ենք տարաբնույթ միջոցառումների եւ քարոզների միջոցով երիտասարդությանը փոխանցել հոգեւոր գիտելիքներ, մոտեցնել եկեղեցուն եւ ներգրավվել հոգեւոր գործունեության մեջ»:
Կարդացեք նաև
Մրցանակաբաշխության ներկաներին խոսք հղեց նախագահ Սերժ Սարգսյանը. «Մարդու անունն այս միջավայրում հնչելը հաղթանակ է: Ամենամեծ վնասը, որը մարդը կարող է պատճառել իրեն, իր ժամանակի վատնումն է` մսխումը: Մի մսխեք Ձեր ժամանակը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ