«Րաֆֆին տանը նստած է եղել 20 տարի: Րաֆֆին օտարի տանը նստած է եղել: Դե թող գա, նստենք փաստերով ապացուցեմ հակառակը: Սեմինարներ անցկացնելով այս ռեժիմի դեմ չեն պայքարում, հասկանո՞ւմ եք»,- նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ ոչ մեկին չսատարելու որոշում ընդունած «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն այսպես էր պատասխանել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտությանը, որ « ով տանը նստում է, կամա թե ակամա նպաստում է այս իշխանության վերարտադրմանը»:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի կերպ չէր ուզում հավատալ, որ իր մասին Գառնիկ Մարգարյանը կարող էր նման բան ասել. «Եթե որեւէ մեկը ինքն իր մեթոդաբանության եւ կենսաձեւի մեջ ունի դիմացինին նեղացնելու, պախարակելու, մեծամտելու հատկություն, դա իր իրավունքն է, բայց ինձ թող չվերագրեն: Ես որեւէ մեկին չեմ մեղադրել: Ես կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին չենթարկվել ճակատագրապաշտության, ոչ մի բան չանելու կոչերին եւ նաեւ բնական իրենց հիասթափության մղումներին իներցիայի: Ես այդքանն եմ արել: Կարող է մեկը համաձայն չլինի ինձ հետ, բայց ինձ համար հարգելի գնդապետի խոսքերը… Եթե ես ծնվել եմ եւ մեծացել եմ ԱՄՆ-ում, դա եղել է ոչ իմ ընտրությամբ: Դա եղել է մեր ազգի ողբերգական պատմության բերմամբ: Իմ պապերը եղել են Ցեղասպանություն վերապրողներ, իրենք՝ Գասպարը գրվել է Անդրանիկի առաջին կամավորական գնդում, Հովակիմն էլ՝ Քեռիի 4-րդ կամավորական գնդում: Ես մեծացել եմ իրենց տան մեջ եւ հետո վերադարձել եմ Հայաստան: Եվ եթե պարոն գնդապետը իսկապես ասել է, որ ես 20 տարի մեծացել եմ օտարի տանը, ես իրենից ոչ թե ուղիղ պատասխան կպահանջեմ, ոչ էլ իր շատ հարգելի ծնողների պապերի մասին կխոսեմ, բայց կասեմ, որ Գասպարը, Հովակիմը եւ իրենց տունը շատ ավելի հայկական էր, շատ ավելի հայաստանյան էր եւ նվիրական էր, քան թե տաքուկ տեղերից խոսող եւ թեկուզ Հայաստանում ծնվածներինը»:
Եվ քանի որ պարոն Հովհաննիսյանը իսկապես չէր հավատում, որ գնդապետը նման բան է ասել, մի շարք հարցեր էր տալիս, թե ի՞նչ է նա նկատի ունեցել, ինչպե՞ս է ասել, ի՞նչ ձեւակերպմամբ՝ մենք տեղադրենք պարոն Մարգարյանի հետ մեր զրույցի այդ հատվածի ձայնագրությունը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Րաֆֆի Հովհաննիսյանի հայկական ընտանիքի լուսանկարը՝ Արա Օշականի: Վերցված է Mediamax.am-ից