Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը` ԵԽԽՎ դիտորդներին. «Մանկապարտեզ են դարձրել»

Հունվար 18,2013 21:14

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը այսօր մեզ հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական պատվիրակության  երեկ ներկայացրած  նախընտրական հայտարարություններին: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանն ասաց, որ այժմ աշխատում է դիտորդների դիտարկումների առիթով իր արձագանքների վրա եւ այն հայտարարության տեսքով կներկայացնի վաղը: «Մանկապարտեզ են դարձրել»,- սահմանափակվեց իր դժգոհությունն արտահայտելով պարոն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ դիտորդական առաքելության անդամները երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էին, որ «ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը տեղեկացվել է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, սակայն այն մտահոգված է գործընթացի նկատմամբ հետաքրքրության եւ վստահության համընդհանուր պակասով»: Նաեւ արձանագրել էին, որ. «Ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Դեռեւս հստակություն չկա արտերկրում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում: Հիասթափված ենք տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ դիտորդների դիտարկումների վերաբերյալ մեզ հետ զրույցում նկատեց. «ԵԽԽՎ դիտորդների նախնական դիտարկումներն, ըստ էության, համապատասխանում են այն իրավիճակին, ինչ-որ այս պահին կա մեզ մոտ: Իրենք խոսում են նաեւ պատճառների մասին, որ որոշ քաղաքական ուժեր բոյկոտի մասին են խոսում, որը սխալ մոտեցում է եւ պետք չէ ընտրական ինստիտուտի նկատմամբ անվստահություն սերմանել: Եթե ԵԽԽՎ-ի նախնական դիտարկումներն ամբողջականության մեջ ենք դիտարկում, ապա, իսկապես, այդ խնդիրները կան: Եթե հասարակության ինչ-որ մի հատված եթե անընդհատ ասում է, որ պետք չէ մասնակցել ընտրություններին, ապա, բնականաբար, իշխանություններ գործն է հեշտացնում, բացում է գործող նախագահի ճանապարհը»:

Պարոն Մարտիրոսյանը վկայակոչում է նաեւ այն, որ ընտրական մեխանիզմները մեզ մոտ առանց այդ էլ չէին աշխատում, ընտրությունները մշտապես կեղծվել են ու ընտրական գործընթացների նկատմամբ վստահության խնդիր միշտ էլ եղել է մեր հասարակության մոտ: Այնուհանդերձ, ինքն այն կարծիքին է, որ եթե քաղաքական ուժերը ճիշտ գնահատեն իրավիճակը, քարոզարշավի ընթացքում այդ խնդիրը  կարելի է կարգավորել` ակտիվ պայքարի գործընթացներ սկսել այնպես, ինչպես «Ժառանգության» թեկնածուն է դա անում արդեն տարիներ շարունակ:

Եվրոպացի դիտորդները նաեւ ասել են, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արդեն իսկ քննադատության ենթարկված խնդիրները ՀՀ իշխանությունները հաշվի են առել ու լուծեl: Մասնավորապես, խոսքը ընտրողների նկատմամբ սպառնալիքների դեպքերի եւ վարչական ռեսուրսների լայնածավալ օգտագործմանդեպքերի մասին է, որոնք, ըստ եվրոպացի դիտորդների նախնական դիտարկումների, արդեն շտկվել են: Aravot.am-ի հարցին` այս դիտարկման հետ էլ ե՞ք համաձայն, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այն, ինչի մասին մենք բարձրաձայնել ենք, դրանք այդպես էլ չեն լուծվել: Առաջինն ուռճացված ընտրացուցակների հարցն է, որը դեռ առկախ է: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք այն տեսակետին ենք, որ քվեարկած քաղաքացիների ցուցակը պետք է հրապարակվի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք համեմատություն անելու: Երկրորդը` ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն է ու ընտրակաշառքները, որոնք եւ ՏԻՄ ընտրությունների որոշ դեպքերում եւ վերջին` ԱԺ լրացուցիչ ընտրություններում եղել են: Թե այս ընտրություններին դրանք կշտկվեն` չգիտեմ, բայց որ նախորգ բոլոր ընտրություններում եղել են, բոլորին է հայտնի: Եթե իշխանությունը հավաստիացրել է, դիտորդներն էլ ընդունել են` իրենց խնդիրն է: Մեզ առարկայական եւ փաստացի իրավիճակ է անհրաժեշտ, որպեսզի նախորդ գնահատականը փոխվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031