Մարդկանց 22%-ը օգտվում է սոցցանցերից. վկայում են վերջին ուսումնասիրությունները: Համացանցից օգտվում են ոչ միայն երիտասարդները, այլև տարեց մարդիկ: Ինտերնետի միջոցով մենք ձեռք են բերում նոր ծանոթություններ, գտնում ընկերներից ցանկացածին, գրականություն կարդում, այցելում լրատվական կայքեր և այլն: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե տարեց մարդիկ որքանով են կարևորում ինտերնետի նշանակությունը, արդյոք օգտվում են կայքերից և հատկապես որոնցից: Նշենք, որ հարցմանը մասնակցել է 70-ից 90 տարեկան 20 մարդ: Նրանցից շատերը օգտվում են Skype համակարգից՝ արտասհմանում գտնվող բարեկամների հետ զրուցելու, նրանց տեսնելու, մի խոսքով՝ ներկայության պատրանք ստեղծելու և կարոտը որոշ չափով մեղմելու համար: 71-ամյա տիկին Ռոզան Notebook է գնել հենց այդ նպատակով: «Գրեթե ամենօր խոսում եմ Ռուսաստանի թոռներիս հետ, չեմ հասցնում կարոտել, նրանք ամեն տարի արձակուրդներին գալիս են»,-ասում է նա: Ապրում է իր դստեր հետ, ով օգնում է տնային գործերում: Նա իրեն միայնակ չի զգում, ասում է՝ ազատ ժամերը լրացնում է ինտերնետի միջոցով կամ բարեկամների հետ զրուցելով կամ խաղեր խաղալով: Ի դեպ, մեր հարցմանը մասնակցած տարեցներից մի քանիսը օգտվում է միայն ինտերնետային խաղերից՝ չկարողանալով կիրառել այլ հնարավորություններ. մասնավորապես շատերը չեն օգտագործում Microsoft Office ծրագիրը և առհասարակ՝ չեն կարողանում օգտվել թվատախտակից:
Համացանցում յուրաքանչյուրն իրեն անկաշկանդ և ազատ է զգում, քանի որ ինչպես պնդում են մի շարք հոգեբաններ, համացանցը թույլ է տալիս օգտագործել դիմակ: Սակայն ինչպես հավաստիացնում են մեր հարցման մասնակիցներից շատերը, նրանք համացանցի միջոցով նոր ծանոթություններ ձեռք չեն բերում, հետևաբար կարիք չունեն քողարկելու իրենց իրական «ես»-ը և գայթակղելու այլոց: 78-ամյա Սարգիս պապը դեմ է այդ տեսակ հնարքներին: «Քիչ էին ջահելները, հիմա էլ մենք պիտի՞ սիլի-բիլի անենք: Մենք բարոյական ազգ ենք. բա չէ եվրոպացիները. 100 տարեկանը պսակվում ա 18 տարեկան ջահել աղջկա հետ»,-ասում է նա: Իսկ ամերիկահայ 75-ամյա տիկին Վարդուհին կարծում է, որ տարեցները երիտասարդների պես իրավունք ունեն օգտվելու զվարճություններից. «Մարդ մի անգամ ա ապրում, կյանքը կարճ ա, ինչի բամբասենք, մենք էլ ապրենք: Չեմ վախենում ասել, որ չնայած նրան, որ կին եմ, արդեն տարիքս էլ առել եմ, բայց ուզում եմ երիտասարդ մեռնել,-ասում է նա ու հավելում,-այցելում եմ խաղատները, բայց խաղամոլ չեմ, կայքերի միջոցով շփվում եմ թե բարեկամներիս, թե անծանոթների հետ: Այդպես է եղել, որ գործնական կապեր եմ հաստատել ու գոհ եմ կյանքիցս»:
Ըստ վիճակագրության՝ տարեց մարդկանց շրջանում առավել մեծ ճանաչում ունի հենց Facebook-ը: Նշենք, որ Ֆեյսբուքի ամենատարեց օգտատերը 101 տարեկան Ֆլորենս Դետլորին է: Նա չի վրիպել ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի աչքից, ով այցելել է տիկնոջը, որից հետո նրա լուսանկարը հայտնվել է ֆեյսբուքում: Այն արժանացել է 700-ից ավելի լայքերի: Դետլորը սոցցանցում գրանցվել է 3 տարի առաջ:
Նազենի Բաղդասարյան