Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների առնչությամբ ընտրողների կամքի ազատ իրականացման դեմ ոտնձգելու համար, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17.01.2013թ. դատավճռով 3 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ Մասիս Ղազարյանը և Արմենակ Ծատուրյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Միաժամանակ դատարանը հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները հետաձգել է պատժի կիրառումը` նրանց նկատմամբ սահմանելով 1-ամյա փորձաշրջան:
Հիշեցնենք, որ ըստ Մ. Ղազարյանին և Ա. Ծատուրյանին առաջադրված մեղադրանքի, նրանք 2012 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում ընտրողներ Արթուր Մարտիրոսյանին և Արմեն Ենոքյանին բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքներով հարկադրել են չքվեարկել համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի` Սերյոժա Սուքիասյանի օգտին, այդպիսով խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացումը: