Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանի խորհուրդը՝ մի նյարդայնացեք, սթափվեք, որովհետեւ փոշմանելու եք

Հունվար 18,2013 17:35

«Իշխանությունները տարիներ շարունակ ամեն ինչ արեցին, որ Հայաստանում բացառեն ընտրական համակարգով, ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխության որեւէ հնարավորություն: Այսօր կարելի է ասել, որ իրենք հասան իրենց նպատակին: Այսինքն, Սերժ Սարգսյանի ամենամեծ, իր տեսակետից, նվաճումը, իսկ մեր՝ բոլորի տեսակետից՝ ձախողումը, այն է, որ Սերժ Սարգսյանը ըստ էության ոչնչացրեց ընտրական համակարգը Հայաստանում: Դա է պատճառը, որ այսօր Հայաստանի բոլոր խոշոր քաղաքական ուժերը, հիմնական քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել նախագահական ընտրություններին»,- այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ ՀԱԿ համակիրների ամենուրբաթյա ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով, միջազգային հանրությունն էլ է հասկացել , որ Հայաստանում 2013-ին ոչ թե ընտրություններ են լինելու, այլ ռեժիմի կողմից կազմակերպված ֆարս. «Ես այսօր մի փոքր հաշվարկ եմ արել եւ գումարել եմ պաշտոնական տվյալներով արձանագրված ձայները՝ ԱԺ ընտրությունները, Հայ ազգային կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պաշտոնական, կեղծված տվյալներով ձայները: Այդ ձայների գումարը կազմում է 650 հազար ձայն: Պարզվում է, որ անգամ կեղծված տվյալներով այս ուժերը այսքան ձայն են հավաքել: Սա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ Հայաստանում կործանված է ընտրության համակարգը եւ դա արել է Սերժ Սարգսյանի ռեժիմը: Ես ձեզ ասեմ, որ միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ հայ ժողովուրդը որեւէ հետաքրքրություն չունի նման հանցագործ ռեժիմի կողմից կազմակերպված ֆարսի նկատմամբ: Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել մեկ բան: Մենք խոսում էինք ընտախախտումների մասին, ընտրակաշառքի մասին, մեզնից ուզում էին ապացույցներ, որոնք ներկայացնելը մենք դժվարանում էինք, որովհետեւ մարդիկ վախեցած էին, եւ ընտրակաշառք վերցնողը չէր գնա եւ չէր հայտնի այդ մասին: Հիմա արդեն այս ընտրական համակարգի սնանկությունը ապացուցելու կարիք չկա: Դա արդեն ապացուցված է, արդեն բոլորը, այդ թվում եւ միջազգային հանրությունը հասկանում է, որ այն, ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, ընտրություններ չեն եւ սա արդեն կարելի է համարել այն բումերանգը, որը նետեց Սերժ Սարգսյանը, եւ, որը եկավ եւ հետադարձ հարվածով հարվածեց իրեն»:
Նա նաեւ անդրադարձավ ՀԱԿ-ի ճգնաժամային վիճակում հայտնված խոսակցություններին. «Հերթական անգամ սկսել են թաղել Հայ ազգային կոնգրեսին: Հերթական անգամ ինչ-որ մարդիկ, որոնց նյարդերը չեն դիմանում, որոնք մի գուցե հոգնած են, որոնք մի գուցե չեն հասել իրենց երազանքներին, հերթական անգամ սկսում են խոսել այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսը փլուզվում է, պառակտվում է, տապալվում է, ճգնաժամի մեջ է: Այսպիսի երեւույթին մենք ծանոթ ենք: Մենք ձեզ հետ միասին 5 տարի պայքարել ենք եւ Կոնգրեսը փորձել են թաղել 2008 թվականին, 2009 թվականին: Դուք հիշում եք, ավագանու ընտրություններից հետո նույն խոսակցություններն էին գնում: 2010 թվականի ամբողջ ընթացքում ուղղակի բոլորիս հոգնեցրին այդ խոսակցություններով: Եվ այդ խոսակցություններից հետո, 2011 թվականին, մենք ունեցանք ամենահզոր հանրահավաքները Հայ ազգային կոնգրեսի պատմության ընթացքում: Ցանկացած շարժում ունի վայրիվերումներ, ցանկացած շարժում ունի անկման եւ վերելքի ժամանակաշրջաններ:

Բայց մենք արդեն վաղուց կոփված ենք եւ հասկանում ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք չեն դիմանում այս պայքարի համառությանը , այդ մարդիկ ի վերջո ճիշտ կլիներ, որ ուղղակի գնան, հանգստանան, ոչ թե փորձեն պախարակել շարժումը: Որովհետեւ հանգստանալուց եւ սթափ մտածելուց հետո միգուցե նորից գան ու միանան թափ առած շարժմանը: Դա է իմ խորհուրդը իրենց: Մի նյարդայնացեք: Մի արեք նման նյարդային շարժումներ: Մի քիչ մտածեք, սթափվեք, որովհետեւ, միեւնույն է փոշմանելու եք ձեր արած քայլերի համար, որովհետեւ այս դիմադրության շարժումը, որը մենք ստեղծել ենք Հայաստանում, շարունակվելու է եւ հասնելու է հաղթական ավարտին»:

Պարոն Զուրաբյանին խնդրեցինք հստակեցնել նաեւ ում էր կոնկրետ ուղղված նրա՝ սթափվելու կոչերը: Ի պատասխան, նա ասաց՝ ում որ ուղղված էր կհասկանա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031