Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ ասաց, որ երեք ուժերը չեն մասնակցում ընտրություններին. Ռուբեն Հակոբյան

Հունվար 18,2013 16:34

Yerkir.am-ը զրուցել է ԱԺ  «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:

 

-Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցող եւ չմասնակցող ուժերը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցող ուժերին մեղադրում են կանխորոշված խաղին մասնակցելու եւ, ըստ այդմ, իշխանության լեգիտիմացման գործընթացին նպաստելու, մասնակցող ուժերն էլ այդ երեքին` պայքարից դուրս գալու ու իրենց նպատակաուղղված քննադատելու մեջ: Ւնչո՞ւ ստեղծվեց այսպիսի իրավիճակ, եւ ինչի՞ կարող է այն հանգեցնել:

-Մեղադրանքները մի կողմ դնենք եւ քաղաքագիտական մի պարզ վերլուծություն անենք: Ո՞ւմ է ձեռնտու, որ այսօր չեն մասնակցում ընտրություններին: Կարծում եմ, որ ամենապարզ հաշվարկով նույնիսկ, եթե եղած թեկնածուների` Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ միասին ընտրություններին մասնակցեին ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուները, առնվազն ապահովված կլիներ երկրորդ փուլը, իսկ դրա դեպքում շատ ավելի հավանական էր դառնում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը: Ուրեմն` ո՞ւմ է ձեռնտու նրանց չմասնակցելը: Ես հարցին մոտենում եմ զուտ քաղաքական տրամաբանության շրջանակներում: Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է:


-Այսինքն` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի բերած փաստարկները, պատճառաբանությունները, բացատրությունները, թե ինչու չեն մասնակցում այս ընտրություններին, Ձեզ չե՞ն բավարարում:

-Բացարձակ: Ինչքան էլ տեսականորեն ցանկալի է, բայց գործնականում այնպիսի իրավիճակ է ստեղծվել ընդդիմության դաշտում, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարբեր պատճառներով մեկ միասնական թեկնածուի շուրջ ընդդիմադիր դաշտը համախմբելը գործնականում անհնար էր դարձել: Ես միշտ ասում էի, որ, իրավիճակից ելնելով, ընդդիմությունը պետք է մտածի մի քանի հիմնական թեկնածուներով հանդես գալու մասին, որպեսզի ընդդիմադիր զանգվածը կարողանա պահել ընդդիմադիր դաշտում: Դա տեղի չունեցավ, եւ հիմա ինձ համար անհասկանալի է, որ նման մեղադրանքներ են հնչեցնում առաջադրվողների հասցեին: Իսկ այն հայտարարությունները, որ իրենք չեն մասնակցում ընտրություններին, որպես քաղաքական դիրքորոշում, իրականում դա այդպես չէ. առաջիկայում պարզ կդառնան նրանց հիմնական մասի մասնակցության ձեւերը: Մի քիչ էլ սպասեք, եւ դա ավելի բացահայտ կդառնա բուն ընտրարշավի ընթացքում, չնայած արդեն նախանշաններն ակնհայտ են թե’«Բարգավաճի» եւ թե’ ՀԱԿ-ի պարագայում: Ուղղակի սեփական թեկնածուներով մասնակցելը շատ ավելի մրցակցային եւ շահագրգիռ կդարձներ ընտրապայքարը: Պետք է նկատի ունենալ, որ նրանք չեն բոյկոտում ընտրությունները, որը կարելի էր դիտարկել որպես հստակ քաղաքական դիրքորոշում, ինչպես նաեւ կոչ չեն անում իրենց ընտրողներին բոյկոտել ընտրությունները, ուղղակի, անկախ չմասնակցելու մասին արված իրենց հայտարարություններից, գործնականում ընտրել են պասիվ մասնակցության ճանապարհը, որն էլ իր պատճառներն ունի: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ մինչեւ հետեւանքներին գնահատական տալը այդ ուժերի ներկայացուցիչները անկեղծորեն վերլուծեին չմասնակցության բուն պատճառները:

 

-Դուք, ըստ էության, ակնարկում եք, որ այդ երեք ուժերն իշխանությունների հետ ինչ-որ ներքին պայմանավորվածությունների դաշտում են գործում:

-Ես նման կատեգորիկ  գնահատականներ չէի տա: Ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակը հետեւանք է վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իմիտացիոն քաղաքական գործընթացների: Առաջին նախագահի հայտնի«քաղաքագիտական» վերլուծությունից հետո, որը դարձավ ՀԱԿ-ի քաղաքական գործունեության հիմնական ծրագիրը, արհեստականորեն փորձ արվեց համախմբվել ԲՀԿ-ի շուրջ եւ ԲՀԿ-ի ռեսուրսներով գնալ դեպի քաղաքական կոալիցիայում նոր վերադասավորումների (միտումնավոր չեմ օգտագործում իշխանափոխություն բառը): Բայց ոչ միայն ինձ, կարծում եմ` նաեւ շատերի համար հասկանալի էր, որ այդ սցենարն անիրականանալի եւ, առավել եւս, համոզիչ չէր թեկուզ միայն այն պատճառով, որ«Բարգավաճի» առաջնորդն այդ ընթացքում որեւէ հայտարարություն չարեց ո’չ իշխանափոխության, ո’չ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու, ո’չ պետական կառավարման համակարգը խորհրդարանականով փոխարինելու եւ հրապարակ նետված բազմաթիվ այլ քաղաքական հարցերի մասին` չնայած նրա անունից հաճախակի արվում էին նման բնույթի հայտարարություններ: Եվ երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին, սցենարի հեղինակները շուռ եկան եւ տեսան, որ ընդամենը ցանկությունների վրա են կառուցել քաղաքական առումով գործնականում անիրականանալի այդ սցենարը, եւ հիմնովին փլուզվեց արհեստականորեն ստեղծված քարոզչական բուրգը, որով որոշ մարդիկ ուզում էին Գագիկ Ծառուկյանի ձեռքերով կրակից քաղաքական շագանակներ հանել:

 

Իսկ ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ընդդիմադիր դաշտում երբեմն լինում են ուժեր, որոնք, թեեւ պայմանավորված չեն լինում իշխանությունների հետ, բայց իրենց քայլերով ակամայից նպաստում են իշխանությունների դիրքերի ամրապնդմանը: Այս դեպքում նրանք կոչվում են իշխանությունների համար քաղաքական ազդեցության գործակալներ: Եվ լինում են նաեւ ուժեր կամ գործիչներ, որոնք ուղղակիորեն պայմանավորվում են իշխանության հետ` հօգուտ նրանց ինչ-ինչ գործառույթներ իրականացնելու համար: Արդյունքի տեսակետից` երկու դեպքում էլ նույնն է: Եվ նրանք, ովքեր զբաղված են առաջադրված թեկնածունների հասցեներին ցեխարձակումներով, նրանք, ըստ էության, կամա թե ակամա աշխատում են իշխանության թեկնածուի օգտին:

 

-Պարո’ն Հակոբյան, մյուս կողմից էլ Ձեր հասցեին են բազմաթիվ քննադատական հայտարարություններ հնչում, որ, օրինակ, իշխանություններն արհեստականորն ձայներ են ապահովելու Րաֆֆի Հովհաննիսյանի համար եւ այնպես են անելու, որ նա լինի երկրորդ հորիզոնականում:

– Թող այդ հարցով մտահոգվեն նրանք, ովքեր պայքարում են երկրորդ տեղի համար: Հարգելով նաեւ մյուս հիմնական թեկնածուններին` կարծում եմ` շատերի համար հասկանալի է, որ ընտրապայքարում Սերժ Սարգսյանի իրական այլընտրանքը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Կարծում եմ`  հատկապես նաեւ ընտրություններին մասնակցող որոշ թեկնածուներ չեն ուզում հաշվի նստել այս իրողության հետ եւ քննադատության թիրախ են ընտրել Ր. Հովհաննիսյանին: Ես լուրջ չեմ վերաբերվում այդպիսի հայտարարություններին:


-Անկեղծորեն` եթե ռեալ գնահատելու լինենք իրավիճակը, իսկապե՞ս կարող եք առաջին տեղի ակնկալիք ունենալ:

-Մենք ընտրապայքարի մեջ ենք մտել` հաղթելու համար: Արդար եւ ազատ ընտրությունների եւ մեր թիմի կողմից նախատեսված մարտավարության իրականացման դեպքում հավանական եմ համարում ընտրությունների երկրորդ փուլը, որի դեպքում ընդդիմության ներկայացուցչի հաղթանակը ռեալ եմ համարում: 96թ.-ի նախագահական ընտրություններից 15 օր առաջ գրեթե ոչ ոք չէր կասկածում իշխանության թեկնածուի հաղթանակին, բայց այդ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ փոխվեց, եւ իշխանության թեկնածուն իրականում չընտրվեց:


-Բայց այսօր, կարծես, «ամեն ինչ փոխվելու»  նախադրյալները չկան:

-Ինձ չի թվում, որ նախադրյալներ չկան, դրանք կան:

 

– Եթե, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը վերընտրվի, ո՞ր ուղիով կտանի երկիրը:

-Ընդունված է եթե-ներով եզրակացություններ չանել, բայց ասեմ հետեւյալը` եթե իշխանությունն այնքան խոհեմություն ունենա, որ բացառի ընտրակաշառքը, վարչական ռեսուրսներից օգտվելը, կարողանա հավասար պայմաններ ստեղծել թեկնածուների համար, ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, մենք կարող ենք ունենալ համեմատաբար մաքրված քաղաքական դաշտ, հակաքաղաքական էլեմենտների ազդեցություններից կազատվի պետական կառավարման համակարգը, եւ վերջապես, պետությունը կմտնի զարգացման բնականոն հուն: Կրկնում եմ` եթե իշխանությունը իմաստություն դրսեւորի եւ օբյեկտիվորեն ճիշտ գնահատի ստեղծված իրավիճակը:

 

– Եվ վերջին հարցս` ո՞ր դեպքում «Ժառանգությունը» կհամաձայնի իշխանության` կառավարման համակարգին մաս կազմելու առաջարկին:

-Մեր պայքարի արդյունքում մենք ենք ցանկանում ձեւավորել կառավարություն եւ մյուս ուժերին հրավիրել` մաս կազմել մեր կառավարությանը:

 

Զրուցեց Ագնեսա Խամոյանը 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031