Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր ո՞ք, թե՞ 8 մլն ունեցող յուրաքանչյուր ոք

Հունվար 18,2013 15:52

ՀՀ վարչական դատարանը, դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, այսօր լսեց եւ ավարտեց ՀՀ նախագահի թեկնածու Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Թեկնածուն վիճարկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 22- Ա որոշումը, պահանջում էր անվավեր ճանաչել այն եւ պարտավորեցնել ԿԸՀ-ին իր թեկնածությունը գրանցելու համար:

Նարինե Մկրտչյանի հետ դատարան էր ներկայացրել Կարեն Վարդանյանը, իսկ ԿՀԸ-ն ներկայացնում էր իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:  Հայցվորը պնդեց հայցը, պատասխանողն առարկեց դրան: Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ իր վստահորդը ինքնառաջադրման միջոցով իր թեկնածությունն էր ներկայացրել փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Նա չէր ներկայացրել  8 մլն դրամի անդորրագիրը, իսկ ԿԸՀ-ն 48 ժամ էր տվել: Անդորրագիրը չներկայացնելու հիմքով ԿԸՀ-ն մերժել էր թեկնածուի գրանցումը: Կարեն Վարդանյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել խտրականությունը գույքային ցենզի հետ կապված, ինչը Սահմանադրությամբ արգելվում է: Նա ասաց, որ Սահմանադրությամբ ընտրություններին կարող է մասնակցել 35 տարին լրացած, Հայաստանում 10 տարի անընդմեջ բնակվող ՀՀ  յուրաքանչյուր քաղաքացի, այլ ոչ թե 8 մլն դրամ ունեցող յուրաքանչյուր ոք: Հայցվորի ներկայացուցիչը պահանջեց վերացնել հիշյալ որոշումը:

Նախագահի թեկնածու Նարինե Մկրտչյանն ասաց, որ սա այնքան էլ մասնավոր խնդիր չէ եւ առնչվում է ընտրական իրավունքին: Նա ասաց, որ 21-րդ դարում անթույլատրելի է կիրառել խտրականություն եւ որ դատարանը պետք է պաշտպանի քաղաքացիների իրավունքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը հայտնեց, որ Ընտրական օրենսգրքի 80 հոդվածը սահմանում է ընտրական գրավի չափը, կարգը, իսկ ԸՕ-ի 79 հոդվածի համաձայն՝ երբ առկա են լինում անճշտություններ, ԿԸՀ-ի համար կան ինտերակտիվ պահանջներ՝ թերի փաստաթղթերը լրացնելու համար տրամադրել 48 ժամ: Ն. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց որոշումն իրավաչափ է եւ որ ընտրական գրավի ինստիտուտը չի կարող հակասահմանադրական դիտվել, ավելին՝ նա ասաց, որ ընտրագրավի ինստիտուտը հանրապետությունում գործում է 18 տարի՝ ոչ միայն նախագահի, այլեւ ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Նա նաեւ բերեց բազմաթիվ երկրների օրինակը՝ Ավստրիա, Նիդեռլանդներ, Բոսնիա-Հերցեգովինա, Լատվիա, Ուկրաինա, որտեղ ավելի բարձր չափորոշիչներ կան: ԿԸՀ-ն հիշատակեց նաեւ, որ մեր օրենսդրության մեջ նախապատվություն է տրվել գրավը ետ ստանալուն: Դատարանը հետազոտեց ապացույցները, այլ միջնորդություններ չեղան:

Դատական ակտը կհրապարակվի հունվարի 21-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031